Անդրադառնալով մեր թերթի մայիսի 8-ի համարում լույս տեսած Երվանդ Ազատյանի «Աթաթուրքըՙ դիմակազերծված» հոդվածին, անգլերեն լեզվով գրված մի շարք պատմական գրքերի հեղինակ Գաբրիել Սուլթանյանը հետեւյալ ճշգրտումներն ու հավելյալ տեղեկություններն է հանձնում ընթերցողների ուշադրությանը:
Ճիշտ է, որ Մուստաֆա Քեմալին թուրքերը Աթաթուրք (թուրքերի հայր) են անվանում (ո՞ր հայը պիտի չուզենար, որ մենք էլ մի նվիրված «Աթահայ» ունենայինք), բայց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունի տեղափոխումը Թուրքիա եւ Ստամբուլի «Ազատության բլրում» («Հյուրիեթ թեփե») հուշարձան կանգնեցնելը տեղի ունեցան ոչ թե Աթաթուրքի, այլ Իսմեթ Ինյոնյուի (1884-1973) օրոք, քանի որ 1938-ի նոյեմբերի 10-ին Քեմալի մահվանից մեկ օր անց Ինյոնյուն ընտրվեց նախագահ, եւ նա էր, որ Հիտլերի հետ բանակցություններ վարեց Թալեաթի աճյունը տեղափոխելու վերաբերյալ:
Ճիշտ է նաեւ, որ Աթաթուրքն իր հերթին որպես երիտասարդ զինվորական միացել էր «Միություն ու առաջադիմություն» կուսակցությանը, սակայն նրան շատ անգամ անտեսում էին այնտեղ, Էնվերիՙ նրա հանդեպ տածած նախանձի պատճառով:
Մեհմեդ Թալեաթ փաշան իր պաշտոնից հրաժարվեց 1918-ի հոկտեմբերի 8-ին եւ անմիջապես իր երկու գործընկերներիՙ Էնվերի եւ Ջեմալի հետ գերմանական ռազմական նավով փախավ երկրից: Չնայած Թուրքիայի ներկա կառավարությունը այնքան էլ մեծ նշանակություն չի տալիս դրան, փաստը մնում է փաստ, որ բացակայության պայմաններում նրանց դատեցին ու մահվան դատապարտեցին: Թուրքիայում չեն ցանկանում հիշել այս մասին, բայց չեն կարող ջնջել Փարիզի (Վերսալի) կոնֆերանսի արձանագրությունները: Դրան մասնակցում էր Թուրքիայի մեծ վեզիր Դամադ Ֆերիդը, որն այդ ժամանակ ընդունեց, որ պատերազմի ընթացքում Թուրքիան գործել էր այնպիսի ոճրագործություններ, «որոնք մարդկության գութը հավետ կշարժեին սարսափով», բայց ավելացրեց, որ «այդ բոլոր հանցագործությունները «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի մեղքով էին կատարված, եւ դրա առաջնորդներն արդեն իսկ դատի էին տրված ու մեղավոր ճանաչված»:
Բացի վերոնշյալ դատավարությունիցՙ մեկ ուրիշն էլ տեղի ունեցավ Անկարայում 1926 թվի օգոստոսի 1-26-ը, երիտթուրքերի այլ առաջնորդներ եւ ուրիշներ եւս դատվեցին եւ մահվան դատապարտվեցին:
Բայց նախքան այս նամակ-անդրադարձը ավարտելս ցանկանում եմ հիշատակել պատանեկությանս տարիներից մնացած մի դրվագ, որն, ինչքան ինձ հայտնի է, ոչ մի հոդվածում կամ ելույթում նշված չի եղել:
Որպես տասնչորս տարեկան պատանյակ մյուս աշակերտների հետ պետք է ներկա գտնվեի Նիկոսիայի «Պապադոպուլոս» կինոթատրոնում կիպրահայերի կազմակերպած ապրիլքսանչորսյան հուշ-երեկոյին, քանի որ մեր դպրոցի (Մելիքյան վարժարան) տնօրենըՙ լուսահոգի Սեդրակ Կեպենլյանը պետք է ելույթ ունենար: Նա նշեց, որ Զմյուռնիայի գրավումից եւ հրդեհումից հետո (1922-ի օգոստոսի 26-ին) իտալական եւ ֆրանսիական նավերը իրենց երկիր էին տեղափոխում մարդկային ոսկորներ, որպեսզի այնտեղ մշակվեին եւ գյուղատնտեսության բնագավառում օգտագործվեին որպես պարարտանյութ:
Եթե այս տեղեկությունը կարելի լինի ճշգրտել, մենք ապացույց կունենանք, որ նույնիսկ հայ եւ հույն մահացած անմեղ մարդկանց ոսկորները վաճառելով, թուրքերը շահույթ են ձեռք բերել:
Թարգմ. Հ. Ծ.