Նրա համար «ամերիկյան երազանքը» զուտ խորհրդանշական հասկացություն չէ, նրա կյանքի պատմությունը վկայությունն է իրական կյանքում «ամերիկյան երազի» կատարման:
Գրպանում ընդամենը 250 դոլարՙ Նասեր Կազեմին 25 տարեկան հասակում Անգլիայից մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան աշխատանք էին առաջարկել:
Սակայն հաջողության հասնելը դյուրին չէր, առաջին դժվարությանը նա հանդիպում է դեռեւս վիզա ստանալիս, Անգլիայում ԱՄՆ դեսպանատանը սկզբում մերժում են նրան: Սակայն պարոն Կազեմիի համար հաջողության հասնելու առաջին բանալին` երբեք «ոչ» բառը որպես վերջնական պատասխան չընդունելն է: Ուստի նա այնքան ժամանակ է մնում դեսպանատանը, մինչեւ ստանում է մուտքի իր արտոնագիրը:
Հաջողության հասնելու 2-րդ բանալին, ըստ նրա, «ամերիկյան երազի» հանդեպ նպատակասլաց մոտեցումն է, իսկ դժվարությունները հաղթահարելու սկզբունքը հետեւյալն է. «Եթե իմ շրջապատի մարդիկ դա կարող են անել, ուրեմն ես էլ կարող եմ անել»:
Ներկայումս Նասեր Կազեմին երկու տասնյակի հասնող ընկերությունների սեփականատեր է եւ ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (NECO) նախագահը: Նա կնոջ հետ Հայաստանում է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, եւ երեկ հյուրընկալվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ նրան տրվեց ՀՊՄՀ պատվավոր դոկտորի կոչում:
Իսկ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն անձամբ հանձնեց նրան «Խ. Աբովյանի ոսկե շքանշանը», որը ՀՀ գերատեսչական պարգեւն է:
Ռուբեն Միրզախանյանը նշում է` շնորհիվ Նասեր Կազեմիի 200 հազար հոգի աշխատանք են գտել, առհասարակ գտել են իրենց տեղը կյանքում:
Նասեր Կազեմին, դիմելով ուսանողությանը, խորհուրդ տվեց հայտնաբերել ակնհայտ թվացող իրերը, որովհետեւ դրանք հաճախ քողարկված են:
«Ես հավատում եմ «ամերիկյան երազին», բայց հիշեք` հայկական երազանքն էլ իմաստալից է: Դուք ունեք տաղանդ, պատմություն ու ձեր երազանքը տեղում կարող եք իրականացնել: Իսկ հաջողության հասնելուց հետո եղեք մարդասեր», ասում է Նասեր Կազեմին:
Տաղանդավոր հայեր, ըստ նրա, ապրում են նաեւ Միացյալ Նահանգներում, ու նրանք նպաստել են, որպեսզի փոխվի ԱՄՆ-ի զարգացման բնույթը: Ուստի պատահականություն չէ, որ Միացյալ Նահանգների` ծագումով հայ 98 քաղաքացիներ արժանացել են ԱՄՆ-ի Էլլիս անկախության կղզու պատվո շքանշանին: Իսկ նման պարգեւի համար մարդիկ առաջադրվում են ամերիկյան հասարակության այն ընտրանուց, որը երկրում ներդրում ունի:
Հիշեցնենք, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանը անցյալ տարի աշխատանքային այցով Էլլիս կղզում էր, Նասեր Կազեմին նրան նույնպես շնորհեց անկախության կղզու պատվո շքանշան: Սերժ Սարգսյանն օտարերկրացի առաջին նախագահն է, որը ստացել է այս պարգեւը, իսկ Միացյալ Նահանգների նախագահներից ստացել են միայն 6 հոգի:
Նասեր Կազեմիի` Մանկավարժական համալսարան այցի առիթով կազմակերպվել էր նաեւ համերգ` մասնակցությամբ համալսարանի պարային անսամբլի, որի կատարումների վերաբերյալ պարոն Կազեմին նշեց, «Դրանցով, ընդհանրապես հայկական պարով հիացած եմ»:
Իսկ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պարոն Կազեմին անդրադարձել է Մանկավարժական համալսարանի հետ համագործակցելու հեռանկարին:
Պարոն Կազեմին, որին ուղեկցում էին Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերը Նյու Յորքից, նաեւ հասցրել է այցելել Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղկեպսակ դրել այնտեղ:
«Ծիծեռնակաբերդում ապրեցի իմ կյանքի տխուր պահերից մեկը, սակայն հայ ժողովուրդն այնքան խիզախ, ամուր է եղել եւ կատարել է այնքան աշխատանք, որպեսզի այս փաստը երբեք չկրկնվի, չմոռացվի ու դառնա ճանաչելի», ասում է Նասեր Կազեմին:
Ցեղասպանությունը փաստող հուշատախտակ կա եւ Էլլիս կղզում: «Եվ դա ճանաչելով` փաստում է Հայոց ցեղասպանությունը, եւ մեր այս մոտեցումը արտահայտում ենք նպատակով, որպեսզի նման ոճիր այլեւս չկրկնվի», ավելացնում է Նասեր Կազեմին:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ