«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Իր նկարահանդեսի բացմանը Մարտին Միքայելյանը հիշեց տարիներ առաջ Սոչիում կազմակերպված մի ցուցահանդես. «Սարյանի նկարը («Իմ բակը») արկղից վերցրի, մի 30 մետր տարա, ինձ թվացՙ ես եմ նկարել...

...Այս նկարները հիմա բացարձակապես ինձ հետ կապ չունեն: Ես եմ նկարել, բայց կարեւորը, որ դուք այստեղ եք»:

Պարզվում է, այդքան էլ հեշտ չէ Մարտին Միքայելյանի մասին գրելը, մանավանդ «Ազգ» -ում տպագրված վերջին հոդվածից հետո, որին իր խոսքում մի քանի անգամ անդրադարձավ արվեստաբան Պողոս Հայթայանը . «Իր գրիչը զարմանալի ինքնուրույն է, եւ պոետական լեզու ունի: Իր հոդվածները հայ էսսեիստական գրականության փայլուն էջերից կարելի է համարել: Կարդացեք «Ազգի» այսօրվա հոդվածը. շատ կարեւոր հոդված է («Սարյանին հիշելով», «Ազգ. Մշակույթ-Հավելված, 26 մայիս):

Մի զրույցի ժամանակ տպավորվել էր իր ասածը. «Ենթադրենք, ես քո գրքի մասին ասեմՙ կեսը լավը չի, ուրեմն քո թշնամի՞ն եմ»: Ոչ, իհարկե, ոչ: Բայց մեզանում այս երեւույթը չի ընդունվում, չի հանդուրժվում, այս պատճառով հարաբերություններ են փչանում: Իր ցուցահանդեսին, երբ ընկերները լավ խոսքեր ասացին, վերջում նա դիմեց ներկաներին. «Իսկ կուզենա՞ մեկը քննադատական խոսք ասել, հավասարակշռությունը պահելու համար»: Այդ մեկը խոսք վերցրեց ու ավելի թունդ գովեց: Նա կրկնեց խնդրանքը: Արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանն ավելի սրամիտ գտնվեց. «Դեռ այդքան մեծություն չես, որ քննադատեն»: - «Մեր աչքերի առաջ տասնյակ ու տասնյակ մարդիկ ծառայեցին, կաշի փոխեցին, չքննադատենք նրանց, ոչ ոքի չմեղադրենք: Ինքը ազնիվ մնաց բոլոր փորձությունների մեջ եւ չգնաց գայթակղությունների: Ես խոսում եմ արվեստաբանի մասին, որի գրած գրություններում անազնիվ տող չկա, տուրք չտվեց ռեժիմին, ժամանակի հովերին, քամիներին»:

Ի՞նչն է ամենից բնորոշ նրա արվեստաբանությանը. թերեւս արվեստի գործի, արվեստագետի մեջ չբացահայտվածը, աննշանը տեսնելը, նոր շերտ գտնել-հայտնաբերելը: «Երբ մենք մտածում էինքՙ ահա այսինչ նկարիչը, արվեստագետը պաշտոնական էր եւ այլն, ինքը ուրիշ տեսակ էր երեւույթին նայում. Արա Սարգսյանին մենք տեսնում էինք իբրեւ պաշտոնյա, ճանաչում էինք իբրեւ սովետական մտածողությամբ քանդակագործ, բայց հանկարծ այնպիսի տեսանկյունից ինքը տեսավ. մաքուր, անխառն, մեծ արվեստագետը առանձնացավ այդ բոլորից եւ, իհարկե, դա իր ձիրքն էր, իր շնորհքը»:

Նկարչի մասնագիտական կրթությունը ապագա արվեստաբանի համար վստահաբար նշանակություն ունեցել է, բայց այն հիմնականը, որ նրան առանձնացնում է արվեստի միջավայրում, իհարկե, իր անձըՙ իր նկարագիրն է: Վերոհիշյալ հոդվածում («Սարյանին հիշելով») անցյալի մի հատվածի վերականգնում էՙ իր դիտակետով գնահատված, գրված ինչպես կտավին ջրաներկի գույներն են իջնում, թեթեւ, թափանցիկ-հպանցիկ, թեեւ մի քիչ փշոտ, սակայն բարեմիտ: Որքանով են համամիտ այդ կարծիքներին իր ժամանակակիցները, կամ որքանով են համոզիչ, այլ հարց է, բայց որ իր ձեռագիրն է, իր ոճը, սա փաստ է: Կարեւորըՙ էսսեն կարդացվում է հաճույքով, որովհետեւ առանց ծեքծեքումների է, ու գրավիչ է լեզուն:

Այն թանգարանը, որի տնօրենն է Մարտին Միքայելյանը, այսինքնՙ Ջոտտոյի, չնայած քաղաքի կենտրոնում է գտնվում, գեղակադեմիայի հետնամասի բակերից մեկում, կարծես հեռավոր մի անկյուն է, կտրված առօրյայից, որտեղ ժամանակը ասես հակառակ ուղղությամբ է գնում: Մտնում ես այստեղ ու մոռանում փողոցի աղմուկն ու խանութների անցուդարձը: Երեք նախասրահներում իր նկարներն ենՙ իրենց ու հեղինակի մասին խոսող (թեկուզ առանց վերնագրերի): Բնապատկերի նկարչության լեզուն փոխանցում է իր ստեղծողի պարզ, անպաճույճ ներաշխարհը, առանց ավելորդ «բեռնավորման»: Ամեն նկար իր կյանքի մի էջն է, տեսած պատկերի, ապրած զգացումի հետքը, իր մասնիկըՙ գուցե մի կիսատ անկյուն լրացնող, գուցե անհրաժեշտությունՙ ինքն իր համար գտած. մի տեղ դա հիշողություն է, որպես անիվ գլորվող, մի տեղ այգու նստարանը մխիթարություն է երկուսի համար: Մի այլ տեղ ձմեռվա ծառի ճյուղը «ապաստան» է երկու թռչունի զրույցի եւ կամ հին թաղն է գյուղի, տեսարան սարերից այն կողմ, ավերակների բնություն...

«Ամեն լավ բանՙ ազգային, ծնվում է լեզվից, մեծ իմաստով երկրից: Հայ արվեստաբանությունը հայոց լեզվից պիտի ծնվի, հայկական մտածելակերպից: Ի պատիվ Մարտին Միքայելյանի, իր արվեստը այդ իմաստով հայեցի արվեստաբանություն է». Երվանդ Տեր-Խաչատրյանը, ակնարկելով այն արվեստաբանությունը, որ իմացածը հարմարեցնում է, նշանակություն չունիՙ որեւէ տեքստի, առանձնացնում է Միքայելյանի անհատականացնող ոճը. «Իր նյութի ոչ միայն տարրալուծողն է, նաեւ նյութից դուրս եկողըՙ ազգային ինքնատիպությանը, հոգեբանությանը հետամուտ»:

Այս ամենից կարեւորը, իհարկե, անցած ճանապարհի մարդկային փորձն էՙ թանգարանային թե խմբագրության աշխատանքի, արվեստաբանություն, թե ստեղծագործական կյանք. ժամանակի անցնող փոփոխությունների մեջ, բազում սահանքների ու փակուղիների դեմ ինչպե՞ս է մտավորականը ընտելանում դրան, կամ ընտելանո՞ւմ է արդյոք, ինչպե՞ս է յուրացնում կյանքի դասը, այսինքնՙ ճանապարհը անցնելու եղանակը, որով առանձնանում կամ չի առանձնանում մյուսներից. «30-40 տարի գիտեմ Մարտին Միքայելյանին, հիշում եմ. ասում էրՙ հենց այնպես զբաղվում եմ: Երկար տարիներ իր նկարչության հետեւում թաքնվում էր: Ինչո՞ւ, չեմ հասկանում: Այստեղ, հատկապես այս ցուցահանդեսում գործեր կան, որ շատ-շատերին կարող են զարմացնել: Արդեն 60-ն անց է, բայց իր նկարչության մեջ մաքուր մանկական հոգի կա: Արեւից, լուսնից, դաշտից, ծաղիկներից բացի առհասարակ այս միջավայրում, ոչինչ չի տեսնում: Ինքը վերաստեղծում է այդ բոլորը իր նկարչական գեղեցիկ տարածքներում: Մարտինը զուլալ հոգի է, զուլալ հայ, զարմանալի մարդ է», ասում է Պողոս Հայթայանը:

Իսկ ժողովրդական խոսքն ասում է. «Նմանն զնմանն գտանէ»: Այդպիսին է միջավայրը, որին պատկանում է նա, եւ իր ընկերները այդպիսին են. հայացքը ներաշխարհին ուղղված, որ փորձում են կյանքն ապրել իրենց անհատականությունը չկորցնելով, սեփական ինքնության որոնումներում: «Այս երկրումՙ այն ժամանակներում կայանալը ֆանտաստիկ բան էր: Նրանց է հաջողվել, ովքեր կարողացել են տարածական եւ ժամանակային սահմաններից դուրս գալ: Երաժշտությունը այդ սահմանները չի ճանաչում: Լեզվի մեջ պարփակված մարդիկ դատապարտված էին: Եվ ինքը պետք է ունենար իր երկրորդ կյանքը. նկարչությունը տալիս է այդ բացարձակ ազատությունը, աբստրակտի զգացողությունը, որ ներքին հոգեկան ազատություն է նաեւ:

Արվեստի, նկարչության մեջ մարդու կենսագրությունը պետք է լինի, էությունը պետք է լինի, հոգին պետք է լինի: Մեր արվեստը անհիշելի ժամանակներից եղել է այդպիսին, համոզված է Երվանդ Տեր-Խաչատրյանը: - Մարտինը իր նկարչության մեջ ջանացել է հավատարիմ մնալ այդ ավանդույթներին: Ինքը այդ զգացողությունն ունի, այստեղ կա ե՛ւ կենսագրություն, ե՛ւ հայրենի Ջավախքի սքանչելի տեսարաններ, ե՛ւ մանկության վերհուշեր, ե՛ւ տեսիլքներ կան, ե՛ւ բանաստեղծություն, ե՛ւ քնարականություն կա: Ինքը հիմա արդեն բաց ճակատով կարող է ներկայացնել իր երկրորդ կյանքըՙ անխառն արվեստագետի կյանքը, որ հաստատում է նրա բարձր էությունը»:

Լավ օր էր. մթնոլորտը հանգիստ, մտերմիկ, առանց սպասումներիՙ հավակնոտ այցելուների, անկեղծ, ինչպես միջավայրը, բնանկարի գույնը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4