«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԵՎՐՈ-2012-Ի ՇԵՄԻՆ ՀՈՒՅՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

Այսօր Ավստրիայում կկայանա Հայաստան-Հունաստան հանդիպումը

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնեց ավստրիական Կուֆշտեյն քաղաք, որտեղ այսօր ընկերական մրցախաղ կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22.30-ին ու կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:

Ավստրիա են մեկնել ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաքի մասնակցած բոլոր 20 ֆուտբոլիստները: Երեկ երեկոյան Հայաստանի հավաքականը մարզվեց, իսկ այսօր ասպարեզ դուրս կգա հույների դեմ: Հանդիպումը կսպասարկի ավստրիացի մրցավար Ալեքսանդր Հերկամը: Վերջինս օրեր առաջ վարել էր Իտալիայի եւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականների մրցավեճը:

Հայաստանի եւ Հունաստանի հավաքականները 4-րդ անգամ են մրցավեճի բռնվելու: Նրանց վերջին հանդիպումը կայացել է 4 տարի առաջՙ 2008-ի հունիսի 1-ին գերմանական Օֆենբախ քաղաքի մարզադաշտում: Այդ ժամանակ Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականը պատրաստվում էր մայրցամաքի հերթական առաջնությանը եւ որպես մրցակից ընտրել էր ՀՀ հավաքականին: Դանիացի Յան Պոուլսենի գլխավորությամբ անցկացրած այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի. դարպասները մնացին անառիկ:

Իսկ մրցակիցների առաջին ծանոթությունը կայացել է 2004-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին խաղը կայացել է 2002-ի հոկտեմբերի 16-ին Աթենքում: Հայաստանի հավաքականն արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ անհաջող հանդես եկավ: Արդեն 2-րդ րոպեին Դեմիս Նիկոլաիդիսը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսում հույները եւս մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան իրացնել դրանք: 2-րդ խաղակեսի սկզբում Նիկոլաիդիսը 2-րդ գնդակը խփեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Հույները հաղթեցին 2-0 հաշվով:

2003-ի սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած պատասխան խաղում էլ հաջողությունն ուղեկցեց հույներին: Հանդիպման ելքը վճռեց 35-րդ րոպեին Զիսիս Վրիզասի խփած միակ գոլը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ ներկայացավ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ու հայտարարեց, որ հույները հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանի միջնորդությամբ փորձել են 1 մլն դոլարով գնել խաղը: Նա լրագրողներին ներկայացրեց Սուքիասյանի եւ իր հեռախոսազրույցի ձայնագրությունը: Իհարկե, հույների առաջարկը մերժվել էր:

Այդ հաղթանակի շնորհիվ Հունաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց: Պորտուգալիայում կայացած եզրափակիչ մրցումներում հույներն իսկական անակնկալ մատուցեցին: Գերմանացի մասնագետ Օտտո Ռեհագելի գլխավորությամբ Հունաստանի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսըՙ հասնելով իր պատմության մեջ ամենամեծ հաջողությանը:

Եվրոպայի առաջնության նախնական փուլում հույները 2-1 հաշվով հաղթեցին պորտուգալացիներին, ապա ոչ-ոքի (1-1) խաղացին իսպանացիների հետ: Թեեւ 3-րդ խաղում նրանք 1-2 հաշվով զիջեցին ռուսներին, սակայն մտան քառորդ եզրափակիչ: Այդ փուլում հույները պայքարից դուրս մղեցին Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականինՙ հաղթելով 1-0 հաշվով: Կիսաեզրափակիչում Հունաստանի ընտրանին նույնպիսի հաշվով հաղթեց չեխերին, իսկ եզրափակիչում խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնեց տանտերերինՙ պորտուգալացիներին ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Հավաքականի կազմում հերոսներից մեկը 24-ամյա Խարիստեասն էր, որը դարձել էր խփած գոլերի հեղինակ: Իսկ Զագորակիսը ճանաչվեց Եվրո-2004-ի լավագույն ֆուտբոլիստ:

Հունաստանի հավաքականը 4-րդ անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Առաջին անգամ հույները մայրցամաքի առաջնությանը մասնակցել են 1980-ին: Եվ միայն 24 տարի անց հույները կրկին իրավունք ստացան հանդես գալու Եվրոպայի առաջնությունում, որտեղ զարմացրին բոլորին:

Հունաստանի ներկայիս հավաքականում գլխավոր «աստղը» 35-ամյա կիսապաշտպան Գեորգիոս Կարագունիսն է: Նա հավաքականի կազմում հանդես է գալիս 1999-ից եւ շուտով կարող է դառնալ անցկացրած խաղերի քանակով Հունաստանի ընտրանու ռեկորդակիրըՙ գերազանցելով Թեոդոս Զագորակիսի ռեկորդը (120 խաղ): Ճիշտ է, 2004-ի Եվրոպայի առաջնությունում նա դեռեւս այնքան էլ հայտնի չէր ֆուտբոլասերներին: Նա մասնակցել է նաեւ 2008-ի Եվրոպայի եւ 2010-ի աշխարհի առաջնություններին: Բացի հունական «Պանատինաիկոսից», Կարագունիսը հանդես է եկել նաեւ իտալական «Ինտերում» ու պորտուգալական «Բենֆիկայում»: Իսկ հավաքականի «ծագող աստղը» 21-ամյա կիսապաշտպան Յանիս Ֆետֆացիդիսն է, որը խաղում է «Օլիմպիակոսում»: Իր խաղաոճով նա շատ է նմանվում Մեսիին, ուստի շատերը հույն ֆուտբոլիստին «հունական Մեսի» են անվանում: Նրա տրանսֆերը գնահատվում է 4 մլն եվրո: Կարելի է վստահ լինել, որ եթե Եվրոպայի առաջնությունում հույն ֆուտբոլիստը հաջող խաղա, ապա անպայման կտեղափոխվի այլ ակումբ:

Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը մտադիր է հայերի հետ կայանալիք այսօրվա խաղում որոշ փորձարկումներ կատարելՙ նախապատրաստվելով Եվրո-2012-ին: Ինչպես հայտնի է, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ խոստացել է նոր տակտիկական սխեմա կիրառելՙ խաղալով հենակետային մեկ կիսապաշտպանով: Թե մարզիչներից ում տարբերակն ավելի հաջող կստացվի, ցույց կտա հանդիպումը:

Ի դեպ, բուքմեյքերներն այսօրվա խաղում նախապատվությունը տալիս են հույներին: Նրանց հաղթանակը գնահատվում է 1,67 գործակցով, մինչդեռ Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 4,6 գործակցով: Ոչ-ոքին գնահատվել է 3,25:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4