Դեռեւս երկու օր առաջ հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի ռեժիմի հերթական դիտարկումն էր անցկացնում ԵԱՀԿ-ն` ի դեմս կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի: Ու ինչպես սովորաբար լինում է, արձանագրեցին, թե դիտարկումն անցել է առանց միջադեպերի, մինչդեռ միջադեպերը պատահում են սադրանքների ու դիպուկահարների տեսքով, իսկ ԵԱՀԿ դիտորդները «ճիշտ ժամանակին» տեղում չեն լինում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը երեկ հաղորդագրություն տարածեց, որ առավոտյան 8:20-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային մահացու վերք է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը:
Չպարզված հանգամանքներում տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ ինչն է եղել զինծառայողի մահվան պատճառը` դեռ կպարզեն, սակայն այս միջադեպը երեկ տեղի ունեցած միակ դեպքը չէր: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրել է Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը, երեկ առավոտյան գյուղում հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով իր հողամասում աշխատող մի գյուղացի վիրավորվել է:
«Խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակել են առավոտյան, միայն մեկ կրակոց է հնչել: Հողամասում աշխատող 60 թվականին ծնված Վաչիկ Մելքումյանը ոտքից վիրավորվել է», տեղեկացրել է գյուղապետը: Նրա խոսքով, այդուհետեւ գյուղում վիճակը հանգիստ է եղել:
Ոստիկանությունը եւս հաղորդագրություն է տարածել, ըստ որի հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ու մինչ զինվորներն ու խաղաղ բնակչությունը այսօրինակ միջադեպերի զոհ ու տուժած են դառնում, հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկողները գալիս են տարածաշրջան ու գնում` այդպես էլ չարձանագրելով իրականությունը, ավելին, որեւէ կերպ չհիշատակելով ադրբեջանական կողմի բազմիցս ցուցաբերած արհամարհանքը, երբ դիտորդներին թույլ չեն տալիս մոտենալ ադրբեջանական կողմի առաջապահ դիրքերին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ