Թուրքիա, ապա Վրաստան ու արդեն Հայաստան այցելությամբ երեկ Երեւանում էր ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյսի նահանգ): Ըստ Հայաստանում ամերիկյան դեսպանատան հաղորդագրության, նրա այցելության օրակարգում հանդիպումներ էին նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգության եւ ներքին իրավիճակի հարցեր:
Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաեւ հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների եւ կին քաղաքական առաջնորդների հետ:
Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական խմբակցության թիվ երկու ղեկավար դեմքը լինելուց զատ` սենատոր Դուրբինը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է: Նա նաեւ ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում եվրոպական մայրցամաքի, այդ թվում` Կովկասի հետ կապված հարցերը: Ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական միության եւ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:
Ա. Հ.