«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ Է ՏՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՌԱՍԻԶՄԸ

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի ճանաչված թղթակից Ռոբերտ Ֆիսքի հոդվածը:

Ինչքա՞ն գրքեր, տրակտատներ եւ դոկտորականներ են գրվել իսլամաֆոբիայի մասին: Ինչքա՞ն մեղադրական խոսքեր են հնչել Սարկոզիների, Լըպենների եւ Ուայլդրների դեմՙ իրենց վարած հականերգաղթողական (հասկանալՙ հակամուսուլմանական) քաղաքականության համար:

Հարցն այն է, որ այս ամբողջ պատմության մեջ մահմեդական (կամ գուցե մերձավորարեւելյան) հասարակությունները անմեղ ու անարատ են դուրս գալիս որեւէ տեսակի ռասիստական դրսեւորումներից:

Գուցե տողերիս հեղինակի այս տողերը դուր չգան արաբ ընթերցողներին, բայց պետք է նշեմ, որ Բեյրութում Ալեմ Դեշասային կտտանքների ենթարկելու տեսաերիզը շատ բնորոշ է այն վերաբերմունքին, որ արաբական աշխարհում արժանանում են օտարերկրացի աշխատողները, որոնց թիվը միայն Լիբանանում հասնում է 200 հազարի:

Հարյուրհազարավորներ արդեն տեսել են, թե ինչ նվաստացումների եւ նախատինքների է արժանանում երեսուներեքամյա տիկին Դեշասան իրեն որպես տնային տնտեսուհու Լիբանան բերած Ալի Մահֆուզի կողմից: Դեշասան այդ դաժան վերաբերմունքից հետո հոգեբուժարան էր տեղափոխվել, որտեղ էլ մարտի 14-ին ինքն իրեն կախել էր եւ վերջ տվել իր կյանքին: Նա երկու երեխաների մայր էր եւ չէր կարողանում տանել հետ` իր ծննդավայր Եթովպիա արտաքսվելու գաղափարը: Գուցե նաեւ կային այլ պատճառներ իր մտագարության:

Լիբանանցի կանայք Բեյրութի կենտրոնում ցույց կազմակերպեցին, ՄԱԿ-ը բողոքի ձայն բարձրացրեց, Ալի Մահֆուզին մեղադրեցին նրա մահվանը նպաստած լինելու մեջ, սակայն դրանով ամեն ինչ վերջ գտավ:

Սիրիայի դեպքերը, Բահրեյնի հեղափոխությունը եւ ընդհանրապես արաբական այսպես կոչված զարթոնքի լուրերը պարզապես լրատվության ասպարեզից դուրս մղեցին Դեշասայի ողբերգությունը: Ընթերցողներից քանի՞սը գիտեն, օրինակ, որ Դեշասայի մահվանից ոչ շատ առաջ մի ոստիկան բենգալացի մի տնային տնտեսուհու էր բռնաբարել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքում, երբ տիկինը փախչում էր իրեն շահագործող տանտերից:

Ինչպես լիբանանցի լրագրող Աննա-Մարի Էլ Հաջը գրել էր, տիկին Դեշասան պատկանում էր այն մարդկանց թվին, ովքեր «լուռ տանում են մարդու իրավունքներն անտեսող լիբանանյան համակարգի անարդարությունները, մի համակարգ, որը բառացիորեն աչք է փակում աշխատանքի ընդունելու եւ գործնականորեն աշխատանքի անցնելու ստրկությանը նմանվող պայմանների հանդեպ»: Շատ ճիշտ է ասված:

Լավ եմ հիշում շրիլանկացի այն աղջկան, որը «Կոմոդոր» փողոցում 1982 թվին իսրայելական պաշարման եւ արեւմտյան Բեյրութի ռմբակոծման օրերին պաշտպանություն էր աղերսում: Տնային գործեր կատարելու համար երկիր բերված տասնյակհազարավոր այլ աշխատողների նման նրանից էլ անձնագիրը վերցրել էին եւ որպես «ստրուկի» աշխատանքի տեղավորել: Նրան վարձող անձինք հետագայում երկրից հեռացել էինՙ տանելով իրենց հետ աղջկա անձնագիրը: Աղջկան փրկել էր հյուրանոցի մի սեփականատեր, երբ հայտնաբերել էր, որ տեղացի տաքսու վարորդներն իրենց «ծառայություններն» էին առաջարկում նրան սեքսի դիմաց:

Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում կամ Սիրիայում եւ մասնավորապես Ծոցի երկրներում ապրող յուրաքանչյուր մարդ տեղյակ է այս մասին, բայց լուռ է մնում եւ ոչինչ չի անում: Մի անգամ Կահիրեում ինձ ճաշի հրավիրած եգիպտացիների ուշադրությունը հրավիրեցի մեզ սպասարկող մատուցողուհու դեմքի ահավոր սպիների վրա: Նրանք դրանից հետո ինձ գրեթե անտեսեցին եւ այլեւս երբեք ճաշի չհրավիրեցին:

Արաբական հասարակություններում մարդիկ տնային ծառաների կարիքն ունեն: Լիբանանյան ընտանիքների քսանհինգ տոկոսի տներում, ըստ Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆ. Ռեյ Ջուրեյդինիի, ապրում են օտարազգի միգրանտներ, որոնք, բացի իրենց անմիջական տանտերերից, անհրաժեշտ են նաեւ, ավելի լայն իմաստով, երկրի տնտեսությանը:

Սակայն այդ միգրանտների (տղամարդ թե կին) հանդեպ վերաբերմունքը արդեն երկար ժամանակ է, ինչ հասել է սկանդալային մակարդակի: Նույնիսկ միլիարդատերերի դրախտ համարվող Քուվեյթում օտարազգի տղամարդ ծառաները ապրում են քաղաքի հետնախորշերում, հաճախ ութ հոգի մեկ սենյակում, եւ նրանց վերաբերվում են որպես երրորդ կարգի քաղաքացիների, որոնց ամենափոքր հանցանքի համար կարող են ձերբակալել: Սաուդյան Արաբիայում նրանց գլուխն են կտրում միջազգային արդարադատության հետ բոլորովին կապ չունեցող դատավարություններից հետո: 1993 թվին, օրինակ, Ֆիլիպիններից մի քրիստոնյա կնոջ (որին մեղադրում էին իր տանտիրոջ ընտանիքին սպանելու մեջ) քարշ տվեցին Դամամի կենտրոնական հրապարակ եւ, ստիպելով նրան ծնկի գալ, գլխաշորը հանել տվեցին նախքան թրով նրան գլխատելը: Մեկ այլ դեպք էլ տեղի ունեցավ 1999 թվին, երբ Արաբական Միացյալ Էմիրություններում ապրիլի 13-ին տասնիննամյա Սիթհի Ֆարուքին հրապարակավ գնդակահարեցին իբր իր տանտիրոջ 4 տարեկան աղջկան սպանելու մեղադրանքով: Աղջիկը գոռում, աղաչում էր, փորձելով բացատրել, որ ինքն անմեղ է եւ որ տանտիրոջ մորաքույրն էր պատահաբար սպանել այդ աղջկան, բայցՙ անօգուտ: Ղուրանի առաջին տողերում հիշատակված Աստծո գթասրտությունը չէր տարածվում նրա վրա այն ժամին, երբ դրա կարիքն անչափ ուներ:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4