Ասվածը «սեւ հումոր» չէ: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմում հասարակական-քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովը (տես` http://news.day.az/politics/335487.html): Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Բաքվի համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են գտնվել ուսանողներ եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, Հասանովը պնդել է. «Ադրբեջանում ազատագրական շարժմանը նպաստել են անցյալ դարի 80-90-ական թվականների ԽՍՀՄ անդառնալի փլուզման գործընթացները, աշխարհում ի հայտ եկած պատմական բարենպաստ պայմանները, տարածաշրջանում կենտրոնախույս միտումների ուժգնացումը, «հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան» (այս եւ հետագա չակերտները մերն են-Վ. Ա.) հակամարտության կարգավորման մեջ այն ժամանակվա խորհրդային ղեկավարության «հայամետ» դիրքորոշումը, հայերի կողմից, օգտագործելով առկա վակուումը, «ադրբեջանական հողերի օկուպացիան» եւ այլ իրադարձություններ»:
Հարեւան երկրում իշխող վարչախմբի ներկայացուցչի ասածից հետեւում է, որ Ադրբեջանի անկախությունը պարզապես մի շարք հանգամանքների, այլ ոչ թե նրա ժողովրդի եւ քաղաքական էլիտայի գործողությունների արդյունք է: Այսինքն, պատմությունը պարզապես ադրբեջանական ժողովրդին մատուցել է մի նվեր, որի անունը «պետական անկախություն է»: Գուցե եւ այդպես էլ իրականում կա: Բայց այդ դեպքում, եթե նվեր ստանալու բարենպաստ հանգամանքներից մեկն էլ «հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան» է, առնվազն կառավարող էլիտան պետք է հայ ժողովրդին երախտապարտ լինի:
Քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանում ազատագրական շարժում չէր ծավալվի, իսկ իրենք էլ չէին դառնա անկախ երկրի կառավարիչներ: Հասանովը նաեւ ասել է, որ այդ նախապայմաններն ստեղծել էին իրավիճակ, երբ «հասարակությունը ուժեղ առաջնորդի կարիք ուներ»: Հետեւում է, որ «հողերի օկուպացիան» է նաեւ դրդել, որ «Հեյդար Ալիեւի վերադարձի համազգային պահանջ առաջադրվի»: Ինչպես հայտնի է, հարեւան երկրի պետական տոնացույցում հունիսի 15-ը, իսկ դա այն օրն է, երբ Հեյդար Ալիեւն «ընտրվել է» խորհրդարանի խոսնակ եւ դարձել նախագահի պաշտոնակատար, նշվում է որպես «Ազգային փրկության օր»:
Կփրկվե՞ր ադրբեջանական ժողովուրդը, եթե Հեյդար Ալիեւը չվերադառնար: Պաշտոնական քարոզչությունն ասում է` ոչ, Ադրբեջանը կկործանվեր: Իսկ եթե չլիներ «հայկական օկուպացիան», ժողովուրդը կպահանջե՞ր Հեյդար Ալիեւի վերադարձը: Ալի Հասանովի տրամաբանությամբ` ոչ, չէր պահանջի: Հետեւաբար նաեւ ազգային փրկության, այն է` Հեյդար Ալիեւի վերադարձի համար պիտի ադրբեջանցիները հայերիս երախտապարտ լինեն: Եթե ճիշտ է, իհարկե, որ Ադրբեջանում բոլորն են Հեյդար Ալիեւին «համազգային առաջնորդ» ընդունում:
Իսկ գուցե ադրբեջանական ժողովուրդը մեզնից դժգոհ է այն պատճառով, որ ակամա նպաստել ենք, որպեսզի Հեյդար Ալիեւը վերադառնա եւ բռնապետությու՞ն հաստատի: Շատ հնարավոր է: Այդ դեպքում հասկանալի է դառնում, թե հարեւան երկրում ինչու են պետական մակարդակով հայատյացություն քարոզում: Իլհամ Ալիեւը հպատակներին ասում է, որ «ամեն ինչի մեղավորը հայերն են»: Այսինքն, իր գոյության մեղքը բարդում է մեզ վրա: Ստացվում է շատ հետաքրքրական իրավիճակ, որից, հնարավոր է, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները գտնեն փոխընդունելի լուծում` համատեղեն Իլհամ Ալիեւին իշխանությունից հեռացնելու ջանքերը: Եթե, ինչպես Ալի Հասանովն է ասել, Ադրբեջանում ազատագրական շարժման ազդակներից թերեւս ամենահիմնականը հայերս ենք տվել, ապա ինչո՞ւ բացառել, որ չենք կարող տալ նաեւ իշխանափոխության ազդակ: Այս անգամ, իհարկե, առանց նոր տարածքների «օկուպացիայի»:
Վ. Ա.