«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՒՄ

Տեղի են ունեցել վերջին 2 տարվա ընթացքում

Վերջին 2 տարին Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում կատարվեցին մեծ ներդրումներ, կառուցվեցին նոր ճանապարհներ, ավարտվեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի երկու հատվածների շինարարության նախապատրաստական գործընթացները, 1-2 ամսից կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս ոլորտում արձանագրված հիմնական արդյունքների մասին հարցրինք տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին` արդեն հրաժարական տված կառավարության վերջին նիստի ավարտից անմիջապես հետո:

Արդեն միջազգային մրցույթով ընտրել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուն` ֆրանսիական Safege եւ իսպանական Eptisa ընկերությունների կազմած համատեղ ձեռնարկությունը, որը կիրականացնի նաեւ շինարարության տեխնիկական վերահսկողությունը: Անցյալ ամիս ընտրվեց նաեւ «Հյուսիս-հարավ»-ի տրանշ 1` Երեւան-Արարատ եւ Երեւան-Աշտարակ, տրանշ 2` Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարության միջազգային մրցույթի հաղթողը` «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը: Նախագծով նախատեսվում է վերականգնել եւ բարելավել 100 կմ/ժամ արագությամբ եւ 4 երթեւեկելի գոտիներով բետոնածածկ արագընթաց մայրուղի:

Համաշխահային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով 2011-ին վերականգնվել են 43,4 կմ ճանապարհներ` 4,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ինչպես նաեւ 81 կմ ճանապարհների վերականգնման համար իրականացված մրցույթներով շնորհվել են 6,3 մլրդ դրամ գումարի պայմանագրեր, որոնցով աշխատանքները կավարտվեն 2012-ին: Այս մրցույթների արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք ուղղվել են այլ` Քաղսի-Հրազդան 1,7 կմ եւ Մ4-Աղվերան 12,9 կմ ճանապարհների վերակագնման ֆինանսավորմանը:

Հայաստանի պետական բյուջեի միջոցներով 2011-ին կատարվել են 4 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ` հիմնանորոգվել են 62,1 կմ ավտոճանապարհ եւ 6 տրանսպորտային օբյեկտ: Այստեղ եւս տնտեսվել են գումարներ` 954 մլն. դրամ: Այդ գումարով վերականգնվել են 23 հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածներ եւ տրանսպորտային օբյեկտներ: 2012 -ի մրցույթների արդյունքում կնքվել են 32,4 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման պայմանագրեր` 2,4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Այս անգամ տնտեսվել է 672 մլն դրամ: Այն ուղղվել է հրատապ հիմնանորոգում պահանջող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի սողանքի հետեւանքով փլուզված հատվածի, Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման ճանապարհի 44-րդ կմ-ում ուղեանցի ծածկի եւ մոտեցումների հիմնանորոգման, Մ16 - Ոսկեպար, Երեւան-Մեղրի-Իրանի սահման ճանապարհների առանձին հատվածների նորոգմանը:

Ճանապարհների կառուցումից բացի հարկ է կարեւորել նաեւ վերջին 2 տարիներին ընդունված որոշումները դրանց երաշխիքային սպասարկման ժամկետի երկարացման, նախագծող, կառուցող եւ վերահսկող կազմակերպությունների տարանջատման վերաբերյալ, որոնք, բնականաբար, բերելու են կառուցվող ճանապարհների որակական բարելավմանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4