«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՏԻՑ ՊԵՏՔ Է ԲՈՒԺՎԻ»

Ագուլիս թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը եւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկայյին թատրոնի տնօրենի տեղակալ, ՀՀ վաստակավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ զրուցեցին հայ երեխայի եւ թատրոնի կապի մասին:

ՀՀ ժողովրդական արտիստ Ե. Մանարյանը նշեց, որ արդեն 20 տարի է, ինչ Ագուլիս թատրոնը գործում է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում, որն ունի ընդամենը 70 նստատեղ, իսկ դրանից առաջ նույնքան տարի էլ գործել է որպես շրջիկ թատրոն:

Ե. Մանարյանը վրդովված ասաց. «Առավոտյան անակնկալի հանդիպեցի` այսօրվա ոչ մի թերթ չի անդրադարձել երեխաների պաշտպանության օրվան, բացի «Ժողովուրդ» թերթից, որը ամոթաբեր է մեզ համար: Այստեղից է սկսում ամեն ինչ, եւ չի կարելի ամեն ինչ այդքան քաղաքականացնել: Հասարակությունը նստած է շահի վրա, այն պետք է արմատից բուժվի, քանի որ դրված է նեխած հիմքերի վրա: Մեր պետությունը պետք է ուշադրություն դարձնի տիկնիկային թատրոնների ավելացման խնդրին: Ինչպես ժողովրդական խոսքն է ասումՙ «ջուրը թափելիս, երեխային էլ հետը դուրս նետեցինք»:

Իսկ Գագիկ Ռոստոմյանը հուսադրեց, ասելով, որ թատերասեր հասարակություն դեռ կա եւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում կան թե՛ մանկական, թե՛ մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ, որոնք բեմադրվել են շատ վաղուց եւ որոնց արդիականությունը դեռ չի կորել: Թատրոնը տարեկան խաղում է 400-ից ավելի ներկայացումներ, խաղացանկում կա 40-ից ավելի ներկայացում, եւ ամեն տարի ունենում են 2-3 պրեմիերա»:

Գ. Ռոստոմյանը անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ իշխանության եկած ամեն ղեկավար փորձում է իր օրենքները դնել` արգելելով տոմսեր վաճառել դպրոցներում, որոնցից տուժում են երեխաները: Բանախոսն ընդգծեց, որ կտրելով մանկապարտեզ-դպրոց-թատրոն կապը, բացասական հետեւանքների ենք հանգում:

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ, ՀՀ վաստակավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը անդրադարձավ իրեն հուզող մի խնդրի եւս, որի առթիվ նամակ է գրել քաղաքապետարան. տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրվել են սառնարաններ, եւ բանախոսը ընդգծում է, որ հնարավոր է մի քանի օր հետո ավելանա պաղպաղակի սառնարան, ապա նաեւ սննդի փոքրիկ կենտրոն. «Սրանք խնդիրներ են, եւ եթե քաղաքապետը կամ քաղաքապետարանի առեւտրի վարչության պետը չեն ցանկանում այս խնդիրները տեսնել, ի՞նչ կարող ենք անել»: Գ. Ռոստոմյանը վրդովված նշում է, որ ինքը չի կարող թողնել, որ թատրոնի դիմաց շուկա դարձնեն:

Նշենք, որ ի պատասխան տիկնիկային թատրոնի նամակի, քաղաքապետարանը ներկայացրել է վարձակալների անունները:

Հետեւենք զարգացումներին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4