«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀՐԱՇԱԼԻ ԽԱՂՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ ՄԵԶ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 3-ամսյա ընդմիջումից հետո կրկին մրցասպարեզ դուրս եկավՙ Ավստրիայում մրցելով Եվրո-2012-ին նախապատրաստվող Հունաստանի ընտրանու հետ: Դա հույների հետ մեր հավաքականի 4-րդ հանդիպումն էր, որում հայ ֆուտբոլիստները 3-րդ պարտությունը կրեցին: Ինչպես նախորդ 3 հանդիպումներում, այս անգամ էլ ՀՀ հավաքականին չհաջողվեց գրավել հույների դարպասը, թեեւ 2-րդ խաղակեսում եղան գոլ խփելու հնարավորություններ:

Հույների հետ խաղում մեր հավաքականի կատարմամբ ականատես եղանք 2 տարբեր խաղակեսերի: Առաջին խաղակեսը, կարելի է ասել, որ մերոնք պարզապես ձախողեցին: Չգիտես ինչու, հենց խաղասկզբից մեր ֆուտբոլիստները նախաձեռնությունը զիջել էին մրցակցին, մեծ ուժերով հետ էին քաշվելՙ հույսը դնելով կտրուկ հակագրոհների վրա: Սակայն այդպես էլ առաջին խաղակեսում մերոնք չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Առջեւի գծում մեր հավաքականի խաղը չէր ստացվում: Զգացվում էր, որ արտերկրի առաջնությունների ավարտից հետո Յուրա Մովսիսյանը, Մարկոսը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանն այնքան էլ լավ մարզավիճակում չեն: Դրանով կարելի է բացատրել նրանց պասիվ խաղն ու նպաստավոր դիրքերից վրիպելը:

Իսկ ահա հույները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ տիրելով նախաձեռնությանը, առաջին խաղակեսում բավականին ճնշում գործադրեցին մեր դարպասին: Դրությունը բարդացավ նաեւ նրանով, որ սկզբում անվստահ էր գործում Մոսկվայի «Դինամոյում» խաղային պրակտիկայից զրկված Ռոման Բերեզովսկին: Նա դարպասից գնդակին ընդառաջ դուրս գալիս 3 անգամ սխալվեց, որի պատճառով գոլային վտանգավոր պահեր ստեղծվեցին: Ցավոք, այս խաղում մեր պաշտպանությունն էլ անհրաժեշտ բարձրության վրա չէր: Հատկապես «2-րդ հարկում» մեր պաշտպանները հաճախակի էին մրցակցին զիջում օդային մենամարտերում: Եվ պատահական չէ, որ հանդիպման ելքը վճռած միակ գոլն էլ հույները խփեցին գլխի հարվածով: 23-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Կիրիակոս Պապադոպուլոսը խոցեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Այդ դրվագում իր թիմին չկարողացավ օգնել հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը հսկողությունից դուրս էր թողել մրցակցին:

Թվում էր, թե ընդմիջումից հետո մեր հավաքականը կվերադասավորի ուժերն ու վճռական գործողությունների կդիմի: Ճիշտ է, որոշակի ակտիվություն մերոնք դրսեւորեցինՙ փորձելով խուսափել պարտությունից, սակայն տարօրինակորեն նպաստավոր դիրքերից մեր ֆուտբոլիստների, հատկապես Մխիթարյանի հարվածները շեղ էին ստացվում: Ընդհանուր առմամբ առջեւի գծում մեր խաղն այդպես էլ չստացվեց: Եզակի էին մտածված, սրընթաց կոմբինացիաները:

Իսկ ահա հույները կարող էին խոշոր հաշվով հաղթել, եթե 2-րդ խաղակեսում չկերպարանափոխվեր ու հրաշալի խաղ չցուցադրեր մեր փորձառու դարպասապահը: Նա 2 անգամ հետ մղեց հույների 11 մ հարվածները, եւս 2 անգամ էլ փրկեց իր թիմին անխուսափելի թվացող գոլերից: Ցավոք, Բերեզովսկու թափած ջանքերն էլ չօգնեցին դրական արդյունքի հասնելու, քանի որ նրա խաղընկերներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը:

Իհարկե, ընկերական խաղերում արդյունքը հետին պլան է մղվում, առաջնային է դառնում խաղի որակը, տակտիկական մտահղացումների իրագործումը: Սակայն ցավոք այս առումով էլ հույների հետ մրցավեճը հայ ֆուտբոլասերներին գոհ լինելու տեղիք չտվեց: Հանդիպման մասին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքն էլ առայժմ անհայտ է: Նա հրաժարվել էր խաղից հետո կիսվել լրագրողների հետՙ խոստանալով հանդիպմանն անդրադառնալ Երեւանում կազմակերպվելիք մամուլի ասուլիսում:

Ընկերական հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 5-ինՙ Երեւանում հյուրընկալելով Ղազախստանի ընտրանուն: Հուսանք, որ գոնե այդ օրը մեր ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց բնորոշ այն խաղը, որին ականատես էինք դարձել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4