Հիլարի Քլինթոնը չդատապարտեց Չինարիի միջադեպը, այլ բավարարվեց միայն մտահոգություն հայտնելով, թեեւ «խորին»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ուժի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը, ուժ չպետք է կիրառվի», երեկ Երեւանում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ` հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին Երեւան այցելած ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո` Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Քլինթոնը կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառումից, հավաստիացնելով, որ այդ մասին շեշտելու է նաեւ Բաքու կատարելիք այցելությանը:
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ «խորին մտահոգություն» հայտնեց վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային միջադեպերի առնչությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի ներկայացուցիչ վստահություն հայտնելով, թե բանակցային գործընթացում «պետք է լինի առաջ գնալու ճանապարհ»: Իսկ Հայաստանի նախագահի հետ հայ-թուրքական հարցի շուրջը քննարկումներից Քլինթոնը հարկ համարեց հիշեցնել, որ ԱՄՆ-ն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացին` «առանց նախապայմանների»:
Նալբանդյանի ողջույնի խոսքից, ղարաբաղյան հարցում համանախագահող Միացյալ Նահանգների աջակցության ու նաեւ հայ-թուրքական հարցում «գնդակը Թուրքիայի դաշտում է» շեշտադրումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ընդհանրական անդրադարձավ ինչպես Հայաստանի ժողովրդավարացմանը, այնպես էլ վերջին ընտրություններին` հույս հայտնելով, որ աշխատանքներ կտարվեն հաջորդ ընտրությունների առավել լավ անցկացման ուղղությամբ:
Հայաստանում լինելով եւ Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան խնդիրների առկայությամբ ինչ անելու առնչությամբ ամերիկյան լրագրողի հարցին Հիլարի Քլինթոնը նախ ընդգծեց, որ Միացյալ Նահանգների շահն է նաեւ տեսնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացած, թեեւ դեռեւս 2010-ի հուլիսի 4-ին Երեւան այցելությանը ԱՄՆ պետքարտուղարը համաձայնել էր, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է»: Միեւնույն ժամանակ, Քլինթոնի կարեւորմամբ` մեծ նշանակություն ունի նաեւ բաց ու կառուցողական երկխոսությունը տարբեր մակարդակներում եւ ոչ միայն քաղաքական:
«Հայաստան-Ադրբեջան իրավիճակի առումով` ոչ մի կապ չկա հայ-թուրքականի հետ», շեշտեց Քլինթոնը, ավելացնելով, որ Նահանգները հավասարապես ներգրավված են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: «Մենք հավատում ենք, որ սահմանները պետք է բացվեն, պետք է առեւտուր լինի, մարդկային շփումներ լինեն», հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը:
Հայ լրագրողը հետաքրքրվեց, թե նախորդ տարի Կազանում համաձայնության տապալումը Ադրբեջանի կողմից, նաեւ հենց պետքարտուղարի այցի գիշերը Չինարի գյուղի շրջանում դիվերսիայի հետեւանքով զոհված զինվորների հանգամանքը, շարունակվող ռազմատենչ հայտարարությունները արդյոք հիմք չե՞ն վերադառնալու 1992-ին ԱՄՆ Սենատի «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 բանաձեւին, որով Միացյալ Նահանգներին արգելվում է տնտեսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չի զեկուցի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հանդեպ ուժի կիրառումից Ադրբեջանի հրաժարվելու ու հակամարտությունը խաղաղ լուծելու պարտավորվելու մասին: ԱՄՆ պետքարտուղարն, իհարկե, 907-ին առնչվող հարցին չպատասխանեց, այլ բավարարվեց միայն նշելով, որ միջադեպի առնչությամբ մտահոգ է ու կոչ է արել «բոլոր կողմերին ու դերակատարներինՙ զերծ մնալ ուժի կիրառումից»:
Քլինթոնը, որի ներկայացրած երկիրը ՆԱՏՕ-ի տխրահռչակ հռչակագիրն ընդունողներից է, Երեւանում, այդուհանդերձ շեշտադրեց ճիշտ այն մոտեցումը, որ բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի հելսինկյան սկզբունքների հիման վրա, բոլոր երեք` տարածքային ամբողջականության, ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման եւ ժողովոդւրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների ինտեգրված մոտեցմամբ, այլ ոչ մեկը վերցնելով: «Միայն երեք սկզբունքները միասին կարող են բերել կայուն լուծման», հայտարարեց Հիլարի Քլինթոնը, տեղեկացնելով նաեւ, որ այս ամսվա ավարտին սպասվում է արտգործնախարարների մակարդակով հանդիպում` չմանրամասնելով, թե խոսքը համանախագահող երկրների ԱԳ նախարարների, թե Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է:
Նույն հարցի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «խստորեն դատապարտում են այն կոպտագույն սադրանքները Հայաստան-Ադրբեջան սահմանին, որ, ցավոք, զոհերի պատճառ են դարձել»: Նալբանդյանի խոսքով, չբավարարվելով ղարաբաղա-ադրբեջանական հատվածում խախտումներով` Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային կայունությանը, ուստի «բոլոր հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա»:
Հայ-թուրքական հատվածում ինչ-որ բանակցությունների մասին թուրքական կողմի հայտարարությունների առնչությամբ հարցին էլ Նալբադյանը արձագանքեց, որ «բանակցություններ չկան, չեն կարող լինել, բանակցությունները ավարտվել են, ստորագրվել են արձանագրություններ, որոնք Թուրքիան չի ցանկանում հարգել»` ինչ-որ նախապայմաններ առաջ քաշելով: Ըստ Նալբանդյանի, «Չեմ կարծում, թե Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու»:
Հ.Գ. Մի քանի ժամով Հայաստան եկած Քլինթոնը, պարզվեց, նախընտրել է գիշերել հարեւան Վրաստանում, եւ կարծես ոչ մեկ գիշեր: