Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը վտանգեն իրանական միջուկային օբյեկտների անվտանգությունը
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Վերջին շրջանում հետեւողականորեն սրվում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Դա ավելի քան ակնհայտ էր դարձել մայիսի 22-ին, երբ Թեհրան կանչվեց Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Բաղեր Բահրանին: Դեսպանին հետ կանչելը իրանական կողմը բացատրել էր Բաքվում Իրանի ղեկավարներին եւ հոգեւոր առաջնորդներին հասցված վիրավորանքներով, եւ Ադրբեջանին մեղադրել էր սիոնիզմի շահերին ծառայելու, Իսլամի օրենքներն անտեսելու, ինչպես նաեւ հակաիսլամական դիրքորոշում որդեգրելու մեջ:
Ադրբեջանական կողմը դրան պատասխանել էր Իրանին մեղադրելով հայաստանամետ քաղաքականություն վարելու մեջ: Ավելին, Իրան-Ադրբեջան լարվածությունն ուղղակիորեն պայմանավորվել էր Թեհրանի վրա Երեւանի գործադրած ճնշումներով: Այս լարվածության մեջ նախաձեռնող կողմը Ադրբեջանն է: Դա համապատասխանում է «տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու եւ նրան տարածաշրջանի երկրների աջակցությունից զրկելու» Վաշինգտոնի նկրտումներին եւ բխում է երրորդ երկրների հետ համագործակցելու միջոցով Իրանի դեմ ճնշման հավելյալ լծակ գործադրելու Իսրայելի շահերից:
Ըստ երեւույթին, Իրանի հետ հարաբերությունները հետեւողականորեն սրելու պարագայում խնդիրը սոսկ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը չէ, այլ ադրբեջանական իշխանական համակարգում հրեական լոբբիի հարաճուն ազդեցիկ դիրքը: Թերեւս դրանով պետք է պայմանավորել Ադրբեջանի այսպես կոչված աշխարհիկությունը, որն արտահայտվում է մզկիթներ փակելու, մինչեւ 18 տարեկանների մուտքը մզկիթ արգելելու, արաբ եւ պարսիկ հոգեւորականներին երկրից արտաքսելու դրսեւորումներում: Ակնհայտ է, որ ունենալով ազդեցիկ դիրքեր իշխանական համակարգում, հրեական լոբբին ոչ միայն Ադրբեջանին ծառայեցնելու է իսրայելական շահերին, այլեւ որպես պետություն դարձնելու է Իսրայելի խամաճիկը:
Իրանական կողմը դա քաջ գիտի, իսկ Թուրքիան դրանում համոզվեց անձնական փորձով, երբ Բաքուն, անտեսելով Անկարայի հորդորներն ու թուրք-իսրայելական տարաձայնությունները, Ադրբեջանին Իրանի սահմանի երկայնքով Իսրայելին 4 ռազմաբազա տրամադրելու, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության համակարգ տեղադրելու պատրաստակամություն հայտնեց:
Այդ մասին գրել են թուրքական կենտրոնական թերթերըՙ ցույց տալու համար, որ կրտսեր եղբայրը, անկախ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից, նախապատվությունը տալիս է Իսրայելին: Այլ կերպ, Իսրայելի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը տարբերվում է Թուրքիայի դիրքորոշումից: Սակայն դա չի հանգեցնում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ այս երկու երկրների դիրքորոշումների տարբերությանը, որովհետեւ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայել Մալաթիայից ոչ հեռու Քյուրեջիքում:
Թերեւս դա է պատճառը, որ սիոնիզմի շահերին ծառայելու համար Ադրբեջանին հանդիմանելիս Իրանը Թուրքիային էլ նախազգուշացնում է, որ կհարվածի: Այս նախազգուշացմանը «Իրանը վերստին սպառնաց» վերնագրով հունիսի 3-ի համարում անդրադարձել է «Վաթանը»: Թուրքական թերթի վկայությամբ, սպառնալիքով հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին:
Նա ասել է. «Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը օդային հարված հասցնեն մեր միջուկային օբյեկտներին, ապա համարժեք պատասխան են ստանալու: Ամերիկյան պետական գործիչներն ու զորահրամանատարները շատ լավ գիտեն, որ տարածաշրջանում իրենց բոլոր ռազմաբազաները Իրանի հրթիռների նշանառության տակ են, հետեւաբար եւ անպաշտպան»:
Գեներալ Սաֆավին միաժամանակ նշել է, որ նշանառության տակ են առնված նաեւ Թուրքիայում տեղակայված «Ինջիռլիք» ռազմաբազան ու Մալաթիայի հակաօդային պաշտպանության համակարգը, ավելացնելով. «Տարածաշրջանում ԱՄՆ-ն ունի շուրջ 20 ռազմաբազա: Այս ռազմաբազաներում տեղակայված է 100 հազար ամերիկյան զինվոր: Բոլորն էլ իրանական սպառնալիքի տակ են, ինչպես նաեւ Պարսից ծոցում, Կարմիր ծովում նավարկող 60 ամերիկյան ռազմանավերը»:
Սաֆավին Թուրքիային սպառնացել է նաեւ Սիրիայի նկատմամբ որդեգրած թշնամական դիրքորոշման համար եւ ընդգծել. «Թուրքիայի գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի, Քաթարի նման տարածաշրջանի երկրները նաեւ Սիրիայի հարցում են ծառայում ԱՄՆ-ին ու սիոնիստների շահերին»: