Վայոց ձորի մարզպետ, ԲՀԿ-ի քվոտայով նշանակված Սերգեյ Բագրատյանը երեկ հրաժարական է ներկայացրել, ավելի վաղ հրաժարական էր տվել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը (կրկին ԲՀԿ-ի քվոտայով էր նշանակված): Հավանաբար Գեղարքունիքի մարզպետ կդառնա այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը: Հայաստանի նախագահի գրասենյակից ստացված տեղեկատվությամբՙ նախագահ Սարգսյանը երեկ կրկին վերանշանակել է երեք նախարարի` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան եւ ՕԵԿ-ի քվոտայով նախկինում էլ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան:
Ավելի հետաքրքրական նշանակում է տեղի ունեցել Ազգային ժողովում: Ավելի վաղ ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատված Գոհար Պողոսյանին ԱԺ նոր նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադարձրել է Ազգային ժողով` առայժմ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար նշանակելով: Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանի օրոք ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ է դարձել «Արմենպրեսի» նախկին տնօրեն Հրայր Զորյանը, որը շարունակում է պաշտոնավարել:
Մ. Խ.