«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2012-06-01 | #99, 2012-06-02 | #100, 2012-06-05


ՀՌԱԿ-Ն ՈՒ ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ-Ը ՄԻԱՁՈՒԼՎԵՑԻՆ

Կիրակի օրը, օրհնությամբ տեր Շահեն ավագ քահանայի, մասնակցությամբ հարգարժան հյուրերի եւ համակիրների, Երեւանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ հայերի ռամկավարական հատվածի համար մասնավորաբար եւ հայ իրականության մեջ ընդհանրապես, կարելի է ասել, պատմական իրողություն: Միաձուլման մասին հայտարարեցին Հայաստանի Ռամկավար ազատական եւ Արմենական-Ռամկավար կուսակցությունները` վերակազմավորելով եւ հիմնադրելով Ռամկավար ազատական կուսակցություն (Հայաստան): Այսպիսով, վերջին տարիներին տարբեր խնդիրների պատճառով Հայաստանի քաղաքական կյանքում պասիվացած եւ ընդհանրապես` աշխարհասփյուռ կառույցների համակարգումը բարձիթողի Ռամկավար ազատական կուսակցությունը փաստորեն կարող է վերադառնալ կենտրոնակառույց կարգավիճակի եւ իր ջանքերն ավելի արդյունավետ ի սպաս դնել Հայաստանի զարգացմանը եւ Սփյուռքի խնդիրների լուծմանը: ՌԱԿ (Հայաստանի) ատենապետ ընտրվեց Հակոբ Ավետիքյանը , փոխատենապետներՙ Արմեն Մանվելյանն ու Կարեն Կակոյանը : Ընտրվեց 24 անդամից կազմված վարչություն` 50:50 հարաբերակցությամբ զույգ կուսակցություններից: Միավորիչ-հիմնադիր հանրապետական պատգամավորական ժողովին մասնակցում էր 96 պատվիրակ:

Փոխանցենք պատգամավորական ժողովի տրամադրությունները:

Համագումարը նախագահող Սուրեն Սարգսյանը (մյուս համանախագահը Մեսրոպ Հարությունյանն էր) իր բացման խոսքում հիշեց ե՛ւ անցյալի ձեռքբերումները, եւ դժվար պահերը, եւ հայրենիքում վերահաստատվելուց հետո առաջին գումարման խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության երեւույթը: Նա նշեց, որ դժվարություններից եւ տարաձայնություններից հետո կուսակցությունը տեւաբար դադարել էր քաղաքական գործոն լինելուց, սակայն փոխադարձ շփումների, եւ դժվար բանակցությունների արդյունքում իրականացավ համեստ, բայց խիստ կարեւոր պատմական մի առաքելություն` որոշվեց գաղափարական, քաղաքական, որդեգրած նպատակների եւ նույնիսկ կազմակերպչական առումով իրարից ոչնչով չտարբերվող Հայաստանի ՌԱԿ-յան բոլոր հատվածները միաձուլել եւ մեկտեղել բոլորի ուժերը` հասնելու բաղձալի նպատակների իրագործմանը, այն է` նպաստել հայ ժողովրդի հետագա բարգավաճմանն ու հայկական հարցի բոլոր առումներով շուտափույթ լուծմանը:

Սփյուռքյան կառույցներից համագումարը ողջունել էին Ամերիկայի եւ Կանադայի ՌԱԿ շրջանային, Բոստոնի «Ծուլիկյան» ակումբի վարչությունները, Դետրոյթի «Արշակ Չոպանյան», Ֆիլադելֆիայի «Տիքիջյան», Նյու Յորքի «Հովսեփյան», Չիկագոյի «Դեմիրճյան», Մոնռեալի «Փափազյան-Թովմասյան» ակումբները եւ այլք:

Հիմնադիր պատգամավորական ակումբի հյուրերն այն մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ հետաքրքրված ու աջակից են եղել ՌԱԿ գործունեությանը, այդ թվում` առաջին գումարման Գերագույն խորհրդի ՌԱԿ պատգամավորական խմբի պատգամավորները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց, թե կուսակցության արմատները գնում են դեպի արմենականները` 1880-ականները: Արմենական կուսակցության ստեղծումը 1885-ին պատմական խոշոր երեւույթ է եղել հայերիս համար` քաղաքական մտքի խոշոր ներկայացուցիչներ Փորտուգալյանը եւ իր ընկերներն այն ժամանակ դեռ կարողացել են եվրոպական քաղաքագիտական արժեքները ճշգրտորեն տեղափոխել հայկական հողի վրա, ու մենք, ի դեմս այդ կուսակցության (եւ հետագայում նրա հետեւորդ Ռամկավար ազատական կուսակցության), քաղաքական կարեւոր գործիք եւ միջոց ենք ձեռք բերել, համոզված էր ակադեմիկոսը: «Ձեր քաղաքական առանձնահատկությունը հավասարակշռված ուժ լինելն է», ասաց Ն. Հովհաննիսյանը` հավելելով, թե մեզ պետք է Ռամկավար ազատական կուսակցության նման քաղաքական կազմակերպություն. «Դուք երբեք ձեր դեմքը չեք կորցնում»: Ն. Հովհաննիսյանը` հիշելով Սփյուռքում Ռամկավար ազատական կուսակցության պիկը, երբ կուսակցության գլուխ էին կանգնած պրոֆեսոր Բարունակ Թովմասյանը, Գերսամ Ահարոնյանը, Հրաչ Սեդրակյանը եւ այլք, մի դրվագ ընդգծեց. այն ժամանակ, երբ քաղաքացիական պատերազմ էր Լիբանանում եւ հայության գլխին մեծ վտանգ էր կախված, ռամկավարներն այնտեղ մեծ աշխատանք ծավալեցին հայությանը փրկելու համար: Հաջոողություն մաղթելով` Ն. Հովհաննիսյանը նշեց, որ ցանկանում է միավորված կառույցը տեսնել որպես Հայաստանի քաղաքական կարեւոր ուժերից մեկը, կարող ներգործելու քաղաքական մտքի վրա` Հայաստանում ավելի մարդկային արժեքները հաստատելու համար եւ կատարելու մեծ առաքելությունը` սերմանելու ազատականության գաղափարների վրա հիմնված հավասարակշիռ, բալանսավորված քաղաքականություն:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չթաքցրեց` եկել է առնչվելու այն ոգու հետ, որը տասնիններորդ դարի վերջում ցույց է տվել ամենաէականը մեր պատմության համար` ինչն այսօր կոչվում է ժողովրդավարություն, ինչ-որ առումով` ինքնորոշման սկզբունք, բայց սկզբնապես ասպարեզ է եկել որպես ռամկավարական մոտեցում: Նա խոսեց այն դրական դերի մասին, որ ամբողջատիրական դժվարին տարիներին կատարել է Ռամկավար ազատական կուսակցությունը` իր զուսպ կեցվածքով. «Այն փուլում մենք, անկախության համար պայքարող մարդիկ, շեշտը դնելով նպատակին` այնքան ուշադիր չէինք սկզբունքների նկատմամբ, ու ներկա սերունդը կարող է չհիշել, թե որքան դեր կատարեց իր զուսպ կեցվածքով Հայաստանում վաճառվող «Զարթօնք» թերթը», ասաց: Հայաստանի անկախությունը տեղի ունեցավ ռամկավարական-ժողովրդավարական ինքնորոշման ճանապարհով, մեր բոլոր ձեռքբերումները տեղի չէին ունենա, եթե Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով իր մեջքը չուղղեր. «Այսօր մի առաքելություն եք որդեգրել, որը հոգեհարազատ է բոլորի համար, ովքեր հասկանում են, որ ժողովրդի համար ժողովրդավարությունն է անհրաժեշտ: Դուք եք այդ ավանդները մեր իրականության մեջ մտցնողը, արմենականների շարժումն էր, որ այդ լույսը բացեց մեզ համար»:

Բարեմաղթանքի խոսքեր հղեցին ԱԺՄ ներկայացուցիչ Անահիտ Աղոյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Վերջինս նկատեց, թե նայելով ապագային` անհրաժեշտ է գտնում շեշտել, որ Հայոց աշխարհի անվտանգության, ԼՂ խնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք հարաբերություններում ուժերի կոնսոլիդացիայի ուղղությամբ մեծ աշխատանք կա կատարելու, դա կարող է անել նորաստեղծ ՌԱԿ (Հայաստանը):

Ն. Հովհաննիսյանի բնորոշիչով` «Ռամկավար ազատական կուսակցության ու գաղափարախոսության ավագագույն ներկայացուցիչներից մեկը», կուսակցության երախտավոր Հակոբ Ավետիքյանը, իր ընտրվելուց առաջ համարյա թե նկարագրեց միավորվող կառույցի նպատակները: Նա հիշեցրեց, որ երկու կուսակցություններ, իր խոսքով` պարագայական անվանումով ՀՌԱԿ-ն ու Արմենական-ռամկավար կուսակցությունը, ապրիլի 22-ին միմյանցից առանձին համագումարներն են արել, եւ ձայների բացարձակ մեծամասնությամբ յուրաքանչյուրն իր կողմից որոշել է միավորվել մյուսի հետ. «Ասօր մենք կատարում ենք այդ հանձնարարությունը, որ մեր բոլորի ցանկությունն է»: Նա խոսեց 14 ամիս տեւած բանակցային աշխատանքի մասին` նշելով այդ ծանր գործն ուսերին տարած մարդկանց անունները նաեւ` Սուրեն Սարգսյան, Արմեն Մանվելյան, Սիրո Գեւորգյան, Կարեն Կակոյան, Գայանե Մուրադյան եւ ուրիշներ: Նրանց եւ մյուսների ջանքերով միավորումը երկար ճանապարհ է կտրել եւ բարեհաջող հանգուցալուծվել միավորման որոշումով: Նրա խոսքի մի կարեւոր պահն էլ այն է, որ Հայաստանում ռամկավար գաղափարներին տարիներով հավատարիմ մնացած մարդկանց միավորելով` նաեւ խնդիր պետք է դնել միավորելու սփյուռքի ռամկավարներին. «Որովհետեւ աշխարհի տասնյոթ-տասնութ երկրներում վաղուց առկա է ՌԱԿ-ն իր կառույցներով, տարբեր կազմակերպություններով, մամուլով աշխատանքով ու հսկայական պատմությամբ, եւ քանի որ եթե ցանցային կուսակցություն է` ուրեմն ցանցը պետք է լավ ղեկավարվի ու լավ համակարգվի: Եվ կարեւորը` պետականությանը եւ ազգին վերաբերող գլխավոր խնդիրներում հատկապես պետք է միություն լինի... Երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, մեր առաքելությունն է` մեր պարտականությունները կատարել նրա հանդեպ, բայց առաջին հերթին միություն պետք է լինի գլխավոր հարցերում, եւ երկրորդական հարցերում` միշտ բազմակարծություն»: Նա նաեւ հարգանոք նշեց ռամկավար ներկա վաստակավոր մարդկանց, այդ թվումՙ Հայաստանում Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր ատենապետ Ռուբեն Միրզախանյանի, անունները:

Ընդունելությամբ ընդմիջված դադարից հետո սկսվեց համագումարի 2-րդՙ աշխատանքային նիստը: Հաշվիչ հանձնաժողովի, խմբագրական կազմի, ատենապետի, կարգապահական ատյանի ընտրություններից հետո նորընտիր ատենապետ Հ. Ավետիքյանը առաջարկեց ընտրել 24 հոգանոց վարչությունՙ համամասնական ձեւովՙ յուրաքանչյուր կուսակցությունից 12-ական անդամներով: Վարչության կազմը քվեարկությամբ հաստատելուց հետո պատգամավորական ժողովը քննարկեց Կանոնադրության (ներկայացնողՙ Կարեն Կակոյան) եւ Ծրագրի (ներկայացնողՙ Սիրո Գեւորգյան) նախագծերը, որոնք հաստատվեցին քվեարկությամբ:

Վերջում համագումարի նախագահությունն ընդունեց նորընտիր վարչության ուխտըՙ «անմնացորդ ծառայել ազգիս եւ հայրենքիս»:

ՌԱԿ (Հայաստանը) ճանապարհ ընկավ` անելու այն, ինչ զանազան պատճառներով ընդհատվել էր:

Մ. Խ.

Լուսանկարները` Արմեն Խաչատրյանի

Նկար 4. Նորընտիր վարչության անդամները` ուխտառության պահին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4