«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2012-06-01 | #99, 2012-06-02 | #100, 2012-06-05


ԻՐԱՆԻ ԴԵՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒ՞Մ ԵՆ»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Փաշա Քերիմովը հայտարարել է, որ «գտնվել են միջնադարյան պատմա-աշխարհագրական աշխատությունների ձեռագրեր, որոնցում Ադրբեջանի հարավը եւ հյուսիսը միավորված են մեկ անվամբ»: Նա, այդուհանդերձ, չի նշել, թե խոսքը միջնադարյան ո՞ր հեղինակների «պատմա-աշխարհագրական աշխատությունների» մասին է: Քերիմովը խոստացել է, որ «դրանք մոտ ապագայում կհրապարակվեն»:

Հայտնի չէ նաեւ, թե ի՞նչ լեզվով են գրված այդ «աշխատությունները»: Քերիմովը, սակայն, դեռեւս չհրապարակված ձեռագրերի հիման վրա արդեն իսկ հասցրել է քաղաքական եզրահանգումներ անել: «Շովինիստները երբեմն ասում են, որ հյուսիսը Արրան է, հարավը` Ադրբեջանը, դա ճիշտ մոտեցում չէ»,- ասել է նա: Ինչպես հայտնի է, «Արրան» եւ «Շիրվան» աշխարհագրական անվանումներն օգտագործում է իրանական կողմը, երբ խոսքը վերաբերում է ներկայումս Ադրբեջան կոչվող պետության տարածքին:

Այսպիսով, Քերիմովը «շովինիստ» է անվանում Իրանի գիտական, քաղաքական եւ այլ շրջանակների, իսկ «դա ճիշտ մոտեցում չէ» ասելով փաստորեն նկատել է տալիս, որ եղել է մի «միասնական Ադրբեջան, որը հետագայում մասնատվել է»: Այս կարգի դիտարկումներ արվել եւ արվում են: Հարկ է նկատի ունենալ, որ «գիտական հայտնագործությունը կատարվել է» Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների աննախադեպ սրման պահին:

Կարելի է, այսպիսով, եզրակացնել, որ «Ադրբեջանի պատմությունը նորովի գրելու» Իլհամ Ալիեւի հանձնարարականը նաեւ ձեռագրերի ինստիտուտի համար է դառնում «գիտական գործունեության» հիմնական ուղղություն: Փաստորեն Ադրբեջանում գիտական համակարգը դրված է «պետպատվերի տակ»: Այս պահի գլխավոր խնդիր է դարձել Իրանի դեմ հնարավորինս սադրիչ հրապարակումների ծավալումը: Ըստ էության, խոսելով «չեզոքությունից», Ադրբեջանը գործնականում ամեն ինչ անում է, որ Իրանի հետ հակասությունները խորանան:

Այս «առաքելության» մեջ հարեւան երկրում այնքան են «առաջադիմել», որ արդեն դա չեն էլ թաքցնում: vesti.az-ը, մասնավորապես, գրում է, որ «Ադրբեջանի միավորման գաղափարը երբեք իշխանությունների կողմից չի անտեսվել»: Ի՞նչ կտա այս «աքլորակեցվածքը» հարեւան երկրին: Բանը, հավանաբար, դարձյալ կավարտվի ֆիասկոյով:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4