«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2012-06-01 | #99, 2012-06-02 | #100, 2012-06-05


ՀԱՋՈՂ ԱՅՑԻ «10 ՊԱՏՎԻՐԱՆ» ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Հայաստան, Վրաստան, ապա Ադրբեջան եւ Թուրքիա հունիսի 4-7-ը այցելող ԱՄՆ պետքարտուղարին Ամերիկայի հայկական համագումարը 10 կետից բաղկացած ցուցակ է ներկայացրել` սկսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Օբամայի խոստումը վերջապես կատարելու խոստմամբ` նաեւ պաշտոնապես այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Քլինթոնը, ըստ ցուցակի, պետք է խոստանա չշահարկել հայ-թուրքական արձանագրությունների հանգամանքը` այդպիսով չճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Քլինթոնը պետք է, ըստ ԱՀՀ-ի, հստակ նշի, որ Միացյալ Նահանգները չի աջակցում ՆԱՏՕ-ի Չիկագոյում տեղի ունեցած գագաթաժողովի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որպես առաջնային ամրագրող հռչակագրին ու պետքարտուղարության զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղն իբր Ադրբեջանի մաս է: Ըստ ցուցակում նշված պահանջների, ԱՄՆ-ը պետք է Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու հռչակագիր ստորագրի, իսկ Քլինթոնն էլ իշխող վարչակազմի անունից հրաժարվի Հայաստանին տրամադրվող օգնության կրճատման առաջարկից:

Արդեն Բաքվում Քլինթոնը պետք է նախ հրաժարվի Ադրբեջանին զինամթերք վաճառել, ապա նաեւ հայտարարի Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցման մասին, եթե Ադրբեջանը խաղաղ լուծման չգա ղարաբաղյան հարցում, նաեւ այցելի 2005-ի դեկտեմբերին հայկական ժառանգությունից ամենայն դաժանությամբ «մաքրված» Ջուղա:

Վրաստանում էլ, ըստ ԱՀՀ-ի, Քլինթոնը պետք է վրացական իշխանություններին հայտարարի Ջավախքին ամերիկյան աջակցության մասին:

Այս ամենի արանքում էլ ԱՄՆ պետքարտուղարից ամերիկյան քաղաքացիները ակնկալում են այցելություն Ստեփանակերտ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցության դրսեւորում` անելով հնարավորը ԼՂՀ-ն ներգրավելու բանակցություններում:

Երանի թե Քլինթոնը գոնե մեկն աներ...

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4