Մենք առիթ ենք ունեցել ասելու, որ նավթով եւ գազով հարուստ երկրներից միայն Ռուսաստանը եւ Իրանն են միջազգային քաղաքականության ինքնուրույն դերակատար: Մյուսները, թեեւ տնտեսապես ուժեղ են, բայց իրենց թույլ չեն տալիս աշխարհաքաղաքական հավակնություններ դրսեւորել: Իրաքյան նախկին ռեժիմը բացառություն էր: Դրա համար էլ խստագույնս պատժվեց: Մենք անդրադարձել ենք նաեւ Ադրբեջանի խնդրին: Այդ երկրում մինչեւ վերջին ժամանակներս քարոզվում էր, որ իրենք «Եվրոմիության էներգետիկ անվտանգության ապահովման առանցքային դերակատար կարող են դառնալ»:
Ճիշտ կլինի թերեւս ասել, որ Ադրբեջանը իրեն համարում էր հետխորհրդային տարածքը մասնատելու` արեւմտյան նախագծի առանցք: Հաշվարկը «հանճարեղության» աստիճանի պարզ էր. ստեղծվել էր ՎՈւԱՄ-ը, որտեղ Ուկրաինային վերապահված էր դեպի Եվրոպա ռուսաստանյան էներգակիրների տարանցման գործում մշտական լարվածություն սադրողի, Վրաստանին` Կասպյան ավազանը Թուրքիայով եւ Սեւ ծովով Եվրոպային կապող միջանցքի, Ադրբեջանին` սեփական եւ թուրքմենական գազը արտահանողի դերակատարություն: Մոլդովան դիտարկվում էր իբրեւ Ռումինիայի միջոցով եվրոպական ընտանիքին «միավորվելու նպատակ դրած» երկիր, հանգամանք, որը Ռուսաստանին պետք է մշտապես լարվածության մեջ պահեր:
Այս աշխարհաքաղաքական մարտահրավերին Ռուսաստանը շատ հստակ հակադարձեց նախ Ուկրաինայում «Տարածաշրջանների կուսակցությանը» իշխանության «բերելով», ապա` Վրաստանի վերջնական եւ կարծես անշրջելի մասնատմամբ: Մանավանդ վերջին հանգամանքը շատ ծանր անդրադարձավ Մոլդովայի եւ Ադրբեջանի վրա, որոնք նույնպես ունեն «տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր»: ԵՄ ազդեցիկ պաշտոնատարներից մեկն ստիպված էր խոստովանել. «Մենք կորցրինք Ուկրաինան»: Իսկ եթե, ՎՈւԱՄ անդամ մյուսների համեմատ, այդ հսկայական երկիրը «կորած է», ապա եվրոպական ընկերակցության համար, բնական է, Մոլդովան, Վրաստանը եւ Ադրբեջանը դադարում են սրված հետաքրքրություն ներկայացնել»:
Իրավիճակի դելիկատությունը հասկանում են նաեւ Բաքվում: Հատկապես որ էներգակիրների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ոչ այնքան տնտեսական, որքան որ քաղաքական նպատակահարմարության վրա է կառուցվում: Իշխող վարչախումբը ԼՂ հարցում ակնկալում է Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, ինչպես նաեւ` որ Եվրոմիությունը «չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Միայն այդ «նախապայմաններով» է, որ Բաքուն «պատրաստ է վերջնականապես փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները»:
Եվրոխորհրդարանի մայիսի 24-ի բանաձեւը վկայեց, որ «նախապայմաններից» մեկն ակնհայտորեն չի ընդունվում: Ի դեպ, այստեղ խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունը չէ: Բաքվում գերազանց հասկացել են, որ եվրոպական ընկերակցության համար Իլհամ Ալիեւի հետագա պաշտոնավարությունը, մեղմ ասած, «ողջունելի չէ»: Բանաձեւի ենթատեքստը դա է: Իշխող վարչախմբին հենց այդ միտումն է հավասարակշռությունից հանել:
Անդրադառնալով վարչախմբի գաղափարախոս Ալի Հասանովի` Եվրոպային «արած զգուշացումներին», քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն արձանագրել է. «Դա վկայում է, որ իշխանությունները հարաբերությունները փչացրել են բոլորի հետ»: Իրոք, Ադրբեջանը նախապայմաններ է դնում Գաբալայի ՌՏԿ հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում, ԵՄ-ին առաջարկում «դասեր չտալ», իսկ իրանական ուղղությունում ավելի վատը միայն «պատերազմը կլինի»:
Գնահատելով իրավիճակըՙ «Զերկալո»-ն այսպիսի ընդհանրացում է անում. «Համաձայնենք, որ պաշտոնական Բաքվի առջեւ ծառանում է ոչ հեշտ ընտրություն. խաբուսիկ Արեւմուտք` հասարակության դեմոկրատացման իր պահանջներով, Կրեմլի պրոտեկտորատ` հրաժարվելով խոշորածավալ էներգետիկ նախագծերից կամ «դարձ դեպի Իրան»` հասարակական հիմքերի իսլամականացումով: Ժամանակները, երբ Ադրբեջանի իշխանությունը կարողանում էր խուսանավել Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, անցել են: Եվ պաշտոնական Բաքուն օրեցօր ավելի ուժեղ է զգալու տարածաշրջանի առաջատար խաղացողների քաղաքական եւ տնտեսական ճնշումը»:
Ընտրությունն, ինչպես տեսնում ենք, մեծ չէ: Բայց իրեն անկախ եւ ժողովրդավարական արժեքների ջատագով համարող «Զերկալո»-ն դարձյալ սխալվում է: Քանի որ երեք հնարավորությունից եւ ոչ մեկը էապես հնարավորություն չէ: Ադրբեջանը մեկ հնարավորություն դեռեւս ունի: Դա միջազգային քաղաքականության մեջ սեփական դերի անկողմնակալ գնահատումն է: Այդ դեպքում, գուցե, «երեք չարիքից մեկն ընտրելու» կարիք չի լինի: Հակառակ դեպքում հարեւան երկիրը դատապարտված է միշտ մնալու պատուհասված: Իսկ նմանների հարցը «աշխարհի հզորները» լուծել գիտեն: Ինչպես որ եղավ Իրաքում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ