Պարենային ապրանքների գները նվազել են
2012-ի մայիսին 2011-ի մայիսի նկատմամբ գնաճը կազմել է 0,5 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը, ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսին: Միաժամանակ, 2012-ի մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է գնանկում` 1,3 տոկոսով, 2011-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0,8 տոկոս, իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի հունվար-մայիսի համեմատ գնաճը կազմել է 2,5 տոկոս:
Պարենային ապրանքների գները 2012-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել են` 1,6 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` 2,6 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը` 2011-ի մայիսի նկատմամբ աճել են 4 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբ` 0,2 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 1,7 տոկոսով, ապրիլի համեմատ` 0,1 տոկոսով:
Պարենային ապրանքներից մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրված 2,6 տոկոս գնանկման վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումը: Միայն բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում գնանկումը կազմել է 15,5 տոկոս, իսկ նախորդ տարվա մայիսի նկատմամբ` 20,2 տոկոս:
Կաթնամթերքի դեպքում մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 2,2 տոկոս գնանկում, իսկ անցյալ տարվա մայիսի նկատմամբ` 0,5 տոկոս գնաճ: Ձվի գները ապրիլի համեմատ նվազել են 2 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` աճել 2,5 տոկոսով: Շաքարավազի գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 1,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճել 15,4 տոկոսով: Ձկնամթերքն ապրիլի համեմատ ունեցել է 0,7 տոկոս գնանկում, իսկ անցյալ տարվա մայիսի նկատմամբ` 3,3 տոկոս գնաճ:
Մրգի ապրանքախմբում մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է չնչին` 0,3 տոկոս գնանկում, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ անհամեմատ մեծ` 28,3 տոկոս գնանկում: Մսամթերք ապրանքախմբում ապրիլի նկատմամբ արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում, բայց անցյալ տարվա մայիսի նկատմամբ` 10 տոկոս գնաճ:
Վերոնշյալ մանրամասները վերաբերում էին բնակչության համար առաջնահերթ նշանակություն ունեցող պարենային մթերքների գներին:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ