«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2012-06-01 | #99, 2012-06-02 | #100, 2012-06-05


ՕԾՎԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՇՐՋԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂԻ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՏՈՒՌԸ

Հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը:

Մատուռը կառուցվել է Կարմիր գյուղի համայնքի անդամ Վիլիկ Խաչատուրյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ համայնքի անդամների եւ առաջնորդարանի:

Մատուռի շուրջը հավաքված բազմության մեջ տիրապետում էր տոնական տրամադրությունը: Հյուրեր էին ժամանել ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից եւ այլ շրջաններից: Արարողությանը ներկա էր Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Մատուռի օծման արարողության ավարտին սուրբ պատարագ մատուցեց Մառնեուլիի շրջանի հայության հոգեւոր հովիվ Մովսես քահանա Աշուրյանը: Հավարտ պատարագի, սրբազան հայրը, հավուր պատշաճի քարոզ խոսեց եւ հավատացյալներին փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: Այնուհետեւ առաջնորդը գնահատանքի գիր եւ հուշանվերներ բաժանեց մատուռը կառուցողներին եւ հովանավորներին, ապա օրհնեց ավանդական մատաղը եւ այն բաժանվեց ժողովրդին:

Սրբոց Ավետարանչաց մատուռը Մառնեուլիի շրջանի հայկական ութ համայնքների միակ գործող սրբավայրն է: Թեմի առաջնորդարանը լիահույս է, որ նորանշանակ հոգեւոր հովվի գործունեության արդյունքում կվերաբացվեն եւ կհիմնվեն եկեղեցիներ եւ մատուռներ նաեւ մյուս գյուղերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4