Սույն թվականի հունիսի 2-ին, Հայ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, հասարակական գործիչ Արտեմ Կիրակոզովի (Գրիգորենցի) նախաձեռնությամբ կայացավ «Ջազը որպես հանդուրժողականության ֆենոմեն» թեմատիկ երեկոն, որտեղ կազմակերպիչը հանդես եկավ վարողի եւ երաժշտի դերում:
Նրա խոսքերով այս մտահղացումը ծագել է Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի քարոզների ժամանակ, հաճախակի նրա կողմից լսելով Վրաստանի ավանդական հանդուրժողականության հիշատակումը: Ստանալով աջակցություն Սրբազան հորից փոխադարձ համբերության եւ համաձայնության գաղափարը ջազի օրինակով ցուցադրելու մասին, Ա.Կիրակոզովը իր ջազային երաժիշտ ընկերներին առաջարկեց ելույթ ունենալ «Հայարտուն» կենտրոնում: Ջազը, որ ծագել է Ամերիկայում աֆրիկյան եւ եվրոպական բազայի վրա, իր զարգացման տարիներին ենթարկվելով բազում փոփոխությունների, սակայն անփոփոխ է մնացել փոխըմբռնման տեսակետից: Դրա շնորհիվ էլ երաժիշտները կարող են առանց նախապատրաստության, կոլեկտիվ հավաքվել եւ նվագել, այսպես կոչված, «ստանդարտներ», որոնք արդեն դարձել են «ջազային դասական»:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնում ավագ սերնդի երաժիշտներ Ռոման Բրեգվաձեի (դաշնամուր, կիթառ), Արտեմ Կիրակոզովի (հարվածային գործիք), Զուրաբ Չիխորիայի (կոնտրաբաս) հետ հանդես եկան երիտասարդ երաժիշտներ Մարիաննա Կիրակոզովան (ջութակ), Արթուր Կրոմը (տենոր-սակսոֆոն), Պաատա Չարգեիշվիլի (փող): Ջովաննի Վեփխվաձեի, Ալեքսանդր Բերդիշեւի, Շալվա Պաչոշվիլիի, Էռնա Դոլմազովայի նկարները հմայք տվեցին երեկոյի ընդհանուր մթնոլորտին: Առանձնահատուկ էր երգահան եւ երգչուհի Նունու Գաբունիայի մանկական ստուդիայի սան, երիտասարդ տաղանդների հանրապետական մրցույթի դափնեկիր, 12-ամյա Լիզա Մազիաշվիլու կատարումը:
Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ բանաստեղծություններ նվիրված ջազին: Սեփական եւ Իրակլի Չարկվիանիի բանաստեղծությունների ռուսերեն եւ վրացերեն ընթերցմամբ հանդես եկան Արտեմ Գրիգորենցը եւ Գեգա Աբուլաձեն: Արվեստասեր հասարակայնության շրջանում հայտնի Նինա Կարապետյանը նախ ընթերցեց Գեւորգ Սնխչյանի հատուկ այս երեկոյին նվիրած հայերեն բանաստեղծությունը, իսկ այնուհետեւ կատարեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը»ՙ համանուն կինոֆիլմից: Երեկոյին հմայք հաղորդեց դաշնակահար Եսայի Աբովյանի կողմից Օսկար Պիտերսոնի երաժշտության կատարումը: Ջազային երաժշտության երեկոյին իր դաշնամուրային նվագակցությամբ միացավ նաեւ դաշնակահար Պավել Օգանեզովը: Իսկ պատմաբան Ենոք Թադեւոսյանը հանդես եկավ հատուկ զեկուցմամբ ետխորհրդային տարածքում ջազի պատմության մասին: Ջազային քննադատ եւ լրագրող Նոդար Բրոլաձեն եկեղեցական մշակութային կենտրոնում ջազի երեկոյի անցկացումը անվանեց խորհրդանշական, քանզի ջազի հիմքում դրված են նաեւ սպիրիչուէլսներՙ աֆրո-ամերիկացիների կողմից Աստվածաշնչյան թեմաներով երգեցողություն:
Գնահատանքի իր խոսքում Վազգեն սրբազանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչին եւ բոլոր մասնակիցներին եւ վրաց հասարակայնության լայն զանգվածի ընդգրկումը այս միջոցառմանը անվանեց մտահղացման գաղափարի ակնբախ հաստատում:
ԱՐՍԵՆ ԲԱՐԱԿԱԶՅԱՆ