Հայաստանում գիտության մեջ առաջընթաց ունենալու համար, ըստ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի , նախ եւ առաջ հարկավոր է փոխել վերաբերմունքը գիտության հանդեպ:
Գիտության ու գիտնականի հանդեպ վերաբերմունքի մասին Արեգ Միքայելյանը նաեւ բարձրաձայնել է հանրապետության նախագահի մոտ` հարցնելով. «Անհանգստացած չե՞ք, որ մեր երկրում գիտնականին չեն հարգում»: Իսկ նախագահը պատասխանել է. «Ո՞ւմ են հարգում որ»:
Սակայն խորհրդարանական ընտրություններից առաջ խորհրդարանում արդեն մեծամասնություն ու փոքրամասնություն կազմող կուսակցությունները չէին մոռանում հիշել ե՛ւ գիտնականների, ե՛ւ գիտության ֆինանսավորումը բարձրացնելու մասին: Դաշնակցության ներկայացուցիչն անգամ խոսել է ՀՆԱ-ից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը վեցապատկելուց:
Այժմ մեր գիտությանը որպես ֆինանսավորում հատկացնում են համախառն ներքին արդյունքի միայն 0,24 տոկոսը: Աշխարհում գիտության ֆինանսավորմամբ ամենաբարձր տեղում է Իսրայելը, որը ՀՆԱ-ից 5 տոկոս հատկացնում է գիտությանը, եւ Իսրայելում այսօր մեծ թափով զարգանում է գիտությունը:
Հայ գիտնականները, ընդհանրապես հայերը, հրեաներից պակաս խելացի չեն: Ըստ Արեգ Միքայելյանի` հայերն ու հրեաները, իրոք, աշխարհի ամենախելացի ազգերն են, սակայն պրոֆեսիոնալիզմի առումով, քանի որ հայ գիտնականները լավ պատրաստված չեն, զիջում են շատ ազգերի գիտնականներին: «Եվ այս կերպ կորցնում ենք մեր արժեքները, ինչն արդեն ստացվում է անխելքություն», հավելում է պարոն Միքայելյանը:
Քանի որ Հայաստանում չկա բավարար ներուժ, իր տնտեսությամբ մեր երկիրն աշխարհում առաջատար դառնալ չի կարող: Սակայն կարող է իր գիտությունն օգտագործել որպես բիզնես: Արեգ Միքայելյանը կարծում է` ամենալավ բիզնեսը հենց գիտությունն է, ուղղակի հետեւանքներին պետք է համբերատար սպասել:
Արեգ Միքայելյանն ու ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը երեկ «Հայելի» ակումբի բանախոսներն էին:
Գիտության հանդեպ ձեւավորված վերաբերմունքի մի օրինակ էլ բերեց Էդուարդ Ղազարյանը : 2005-ին կառավարությանը ներկայացվել է բիզնես ծրագիր նանոտեխնոլոգիաների վերաբերյալ, ծրագիրը մինչեւ 5 միլիոն դոլարի ներդրում էր պահանջում:
Նանոտեխնոլոգիան գիտության արագ զարգացող ուղղություններից է, ու շատ երկրներում, ըստ պարոն Ղազարյանի, ներկայումս նանոտեխնոլոգիայի բում է, իսկ Հայաստանում դրա տեխնոլոգիաներից մի օրինակ էլ չկա:
Ակադեմիկոսը պատմում է` ծրագիրը քննարկվել է, գնահատականները դրական էին, սակայն պետական ներդրումները` զրոյական: Մասնավոր հատվածին դա եւս չի հետաքրքրում, քանի որ մասնավոր հատվածի համար, նորություն ասած չենք լինի, հետաքրքրականը արագ եկամուտ բերող օբյեկտներն են:
Գիտությունը զարգացնելու համար, ակադեմիկոս Ղազարյանի կարծիքով, նախ եւ առաջ մեր իշխանավորները պետք է հասկանան` եթե մի երկրում նոր գիտելիք չի ստեղծվում, նման երկիրը չի կարող դասվել քաղաքակիրթ երկրների շարքին:
Գիտության ոլորտի խնդիրներից բազմիցս խոսվել է` գիտնականների ցածր աշխատավարձից, գիտական սարքավորումների մաշվածությունից եւ այլն: Այստեղ սարքավորումներն արդեն 20 տարվա վաղեմություն ունեն, մինչդեռ պետք է փոխվեն 8 տարին մեկ: Խնդիրների հետեւանքն էլ դառնում է ուղեղների արտահոսքը, երիտասարդները կրթություն ստանում են այստեղ, սակայն աշխատելու մեկնում արտասահման:
Թեեւ ակնկալիքները մեծ չեն, այնուամենայնիվ գիտնականները սպասում են, որ մեր կուսակցությունները կհիշեն իրենց խոստումները, ու հենց ԱԺ-ի միջոցով կբարձրացնեն գիտության ֆինանսավորումը:
Արեգ Միքայելյանը նշում է` գիտության նկատմամբ սխալ է տեղի ունեցել. «Նորանկախ Հայաստանն աչքաթող է արել, որ երկրին գիտություն է պետք, մինչդեռ որեւէ նորմալ պետություն առանց գիտության զարգանալ չի կարող»:
Իսկ աչքաթող վերաբերմունքը ձեւավորվել է աստիճանաբար` սկսած անկախության առաջին տարիներից: Ցույց տալու համար գիտնականի եւ Ակադեմիայի հանդեպ դրսեւորված անլուրջ վերաբերմունքը եւ հասկանալու, թե ինչո՞ւ այսօր գիտնականին չեն հարգում, նշենք միայն մի օրինակ` Հայոց համազգային շարժումից նախկին պատգամավոր Դավիթ Վարդանյանի հայտարարությունը, թե պետք է ցրել Գիտությունների ակադեմիան. «Իսկ եթե դրանով իրավիճակը վատանա, այդ դեպքում նորը կստեղծենք»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկար 1. «Հայելի» ակումբի բանախոսներըՙ Արեգ Միքայելյանը եւ Էդուարդ Ղազարյանը