Ամերիկացի մեծագույն գրողներից մեկըՙ Վիլյամ Սարոյանի աճյունները (1908-1981), ինչպես հայտնի է, հանգչում են Երեւանի պանթեոնում: Ցավոք, չնայած նրա մեծությանը եւ հռչակին, շատ-շատերը չեն կարդացել նրա երկերը: Մասնավորապես Սարոյանի եւ ամերիկահայ այլ գրողների կյանքին ու գործունեությանն էր նվիրված Փարիզումՙ Հայ ուսանողների տանը կայացած հրապարակային դասախոսությունը: Բանախոսը Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Գույումջյանն էր:
Վիլյամ Սարոյանի հայրըՙ Արմենակ Սարոյանը, 1905-ին Բիթլիսից տարագրվել էր Նյու Ջերսի (ԱՄՆ), ապա ընտանյոքՙ Կալիֆոռնիա, որտեղ մահացել էր 1911-ին: Ընտանիքի թշվառ վիճակի պատճառով փոքրիկ Վիլյամը, նրա եղբայրներն ու քույրերը որոշ ժամանակ մնացել էին որբանոցում: Այդ ժամանակահատվածը խոր հետք էր թողել Վիլյամի ամբողջ հետագա կյանքում:
Ապագա գրողը կատարում էր տարբեր աշխատանքներ, զբաղվում ինքնակրթությամբ: Նրա անգլերեն առաջին ստեղծագործությունները լույս տեսան 1930-ականներին: Պատմվածքները, թատերախաղերը, հոդվածները, հուշագրությունները հաջորդում էին իրար: 1940-ին «Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուն ունեցավ միջազգային հաջողություն: 1943-ին նկարահանվեց «Մարդկային կատակերգություն» ֆիլմը. համանուն վեպը նույնպես հանրահայտ է: Սարոյանի երկերը բազմաթիվ են ու բազմազան:
Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ Հայ ուսանողների տանը կայացած վերոհիշյալ հրապարակային դասախոսության ժամանակ խոսվել է նաեւ ամերիկահայ գրողներ Դավիթ Խերջյանի եւ Պիտեր Նաջարյանի մասին: Դավիթ Խերջյանը ծնվել է 1931-ին Վիսկոնսինում: Գրական ասպարեզ մուտք է գործել բավական ուշ: Նրա առաջին գիրքը (1965) Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մանրակրկիտ մատենագիտությունն է: Նա հաստատվել է Ֆրեզնոյում, Սարոյանի քաջալերանքին արժանանալովՙ լույս ընծայել բանաստեղծություններ, հիմնել սեփական հրատարակչություն, ինչպես նաեւ դասավանդել է: Խերջյանը հայտնի է նաեւ երկու այլ արժեքավոր գործերով: Մեկը Մեծ եղեռնը վերապրած իր մոր կենսագրությունն է (1979), մյուսըՙ Forgotten bread աշխատությունը, որը 20-րդ դարի ամերիկահայ գրողների երկերի մի ծավալուն ծաղկաքաղ է:
Պիտեր Նաջարյանը ծնվել է 1940-ին Նյու Ջերսիում: «Պանթեոն» հեղինակավոր հրատարակչությունում նա լույս է ընծայել «Ճամփորդություններ» վեպը: Նաջարյանը եւս հաստատվել է Ֆրեզնոյում, այնտեղ հանդիպումներ ունենալով Սարոյանի եւ Խերջյանի հետ: Գրել է անձնական հուշերՙ հիմնված ամերիկյան հասարակության քննադատության վրա: Շարունակում է գրել ու հրատարակել վեպեր, պատմվածքներ եւ միաժամանակ զբաղվելով նկարչությամբ ու քանդակագործությամբ:
Փարիզյան հրապարակային դասախոսության վերջում ցուցադրվել է Վիլյամ Սարոյանի The Good Job կարճամետրաժ ֆիլմը: 1941 թվականին MGM կինոստուդիայում ընդամենը 3 օրում նկարահանված ֆիլմը կառուցված է թեթեւ ոճով, որպեսզի պատերազմի տարիներին բարձրացնի ամերիկացիների բարոյական ոգին: Ֆիլմը 7 դրվագներով ներկայացնում է Սան Ֆրանցիսկոյի մի նպարավաճառի հուշերը: