Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստացել էր հանդիպմանն անդրադառնալ Երեւանում: Եվ ահա ղազախների հետ այսօր կայանալիք խաղի նախօրեին հավաքականի գլխավոր մարզիչը «Հանրապետական» մարզադաշտում պատասխանեց լրագրողների հարցերին:
Վարդան Մինասյանը նշեց, որ բնավ էլ ֆուտբոլիստներին առաջադրանք չէր տվել առաջին խաղակեսում հետ քաշված խաղալ: Պարզապես ֆուտբոլիստների մոտ չստացվեց գնդակով խաղը, պակասում էր ագրեսիվությունը: Պաշտպանությունում էլ խնդիրներ էին ծագել մրցակցի հետ օդային պայքարում եւ ստանդարտ իրադրությունների իրացման ժամանակ: Բացի այդ էլ տակտիկական նոր սխեմա էր կիրառվել, որն ինչ-որ չափով լավ չստացվեց: Իսկ ահա 2-րդ խաղակեսում հավաքականի խաղը կարգավորվեց եւ ունեցանք գոլ խփելու պահեր, որոնք չիրացվեցին:
Գլխավոր մարզիչը նշեց, որ հույների հետ խաղը թույլ տվեց բացահայտել թերությունները, որոնց վերացման վրա հետագա պարապմունքների ընթացքում ֆուտբոլիստները պետք է աշխատեն: Ըստ Մինասյանի, որոշ խաղացողներ լավ մարզավիճակում չէին, որոշների մոտ հոգնածություն էր զգացվում, ոմանք էլ խաղային պրակտիկայի պակաս ունեին: Կային նաեւ թեթեւ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ: Հենց այդ պատճառով ղազախների հետ խաղում Ռոման Բերեզովսկին չի խաղա: Բժշկական միջամտությունից հետո նա միայն 5 օր հետո կվերսկսի մարզումները: Դարպասի պաշտպանությունը կվստահվի Գեւորգ Կասպարովին, իսկ որպես 2-րդ դարպասապահ հավաքական է հրավիրվել Գեւորգ Պրազյանը «Գանձասարից»:
Վարդան Մինասյանը գտնում է, որ հաջողության հասնելու համար մեր ֆուտբոլիստները պետք է կրկնապատկեն ու եռապատկեն իրենց ջանքերը, որոնք ներդրել էին ընտրական նախորդ մրցաշարում, ավելի հասուն խաղ ցուցադրեն: Առաջիկա 2 ընկերական հանդիպումներում էլ փորձարկումները կշարունակվեն: Հարկավոր է հասնել տակտիկական ճկունության, լավ տիրապետել տարբեր խաղաոճերի, որպեսզի հարկ եղած դեպքում հենց խաղի ընթացքում մարտավարությունը կարողանան փոփոխել:
Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ դիտել է ղազախների մասնակցությամբ վերջին 2 հանդիպումները, լավ ծանոթ է մրցակցի տակտիկական դասավորությանըՙ խաղաոճը նմանեցնելով անգլիականին: Մինասյանն արդեն որոշել է հավաքականի մեկնարկային կազմը ղազախների հետ մրցավեճում: Մնում է միայն պաշտպանության մեկ դիրքում կողմնորոշվել, թե ով է խաղալու:
Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ Արազ Օզբիլիսը հաջող վիրահատությունից հետո ապաքինվում է: Նա ընտանիքով ժամանել է Երեւանՙ ներկա գտնվելու հավաքականի հանդիպմանը: Իսկ Նորայր Մամեդովին հավաքական կհրավիրեն, երբ նա վերջնականապես լուծի ազգանվան հետ կապված խնդիրը:
Վարդան Մինասյանը նաեւ նշեց, որ առաջին հավաքի ժամանակ հոլանդացի Ռայմոնդ Վերհայենն ավելի շատ ծանոթանում էր ֆուտբոլիստներին, մարզման գործընթացին եւ չէր ցանկանում միջամտել: Ընկերական 2 խաղերից հետո նա կներկայացնի իր տեսակետներն ու առաջարկությունները, որոնք կքննարկվենՙ հաշվի առնելով իհարկե մեր ազգային առանձնահատկությունները: Բայց ամեն դեպքում Մինասյանը գտնում է, որ ֆիզպատրաստության մարզիչը օգտակար կլինի հավաքականին:
Ինչ վերաբերում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, ապա Վարդան Մինասյանին առաջին հերթին հետաքրքրելու են Հայաստանի հավաքականի մրցակիցների ելույթները եւ ֆուտբոլում ընթացող զարգացումները: Նա հաղթանակ մաղթեց մրցաշարի ուժեղագույն թիմին: