«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2012-06-01 | #99, 2012-06-02 | #100, 2012-06-05


ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Ալբենայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գերազանց ելույթ ունեցան Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք 9 հնարավորից վաստակելով 7-ական միավոր, բուլղարացի Իվան Չեպարինովի եւ Իսրայելը ներկայացնող Թամիր Նաբատիի հետ ցույց տվեցին լավագույն արդյունքը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, որն արժանացավ 6 հազար եվրո գլխավոր մրցանակին: 3-րդ տեղը զբաղեցրած Տիգրան Պետրոսյանը ստացավ 2 հազար եվրո պարգեւավճար, իսկ 5-րդը ճանաչված Կարեն Գրիգորյանը վաստակեց 1000 եվրո:

Ալբենայում ունեցած գերազանց ելույթի շնորհիվ Վլադիմիր Հակոբյանի ընթացիկ վարկանիշը հասավ 2701,6-ի: Նա կրկին ընդգրկվեց էլիտար շախմատիստների ցանկում: Ընդհանրապես վերջին շրջանում Հակոբյանը վերելքով է խաղում: Նա Ալբենայի մրցաշարում անպարտելի էր: Վերջին 3 տուրերում Հակոբյանը նախ հաշտություն կնքեց Հրանտ Մելքումյանի եւ Իվան Չեպարինովի հետ, իսկ ավարտական պարտիայում հաղթեց Դրագան Սոլակին:

Տիգրան Պետրոսյանը մրցաշարում միակ պարտությունը կրեց 4-րդ տուրում իր հայրենակցիցՙ Հովհաննես Գաբուզյանից: Նա հաջող անցկացրեց վերջնագիծըՙ վաստակելով 2,5 միավոր: Տիգրանը հաջորդաբար հաղթեց Պոնտուս Կառլսոնին եւ Ավետիք Գրիգորյանին, իսկ մրցաշարն ավարտեց Իվան Չեպարինովի հետ ոչ-ոքի արդյունքով:

Կարեն Գրիգորյանն էլ միակ պարտությունը կրել էր 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանից: Դրանից հետո Կարենը 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը հնարավորություն ընձեռեց միավորներով հավասարվելու առաջատարներին: Գրիգորյանը հաղթեց Եվգենիա Օվոդին, Ակակի Շալամբերիձեին եւ Դեշան Հիեին:

Իսկ ահա Հրանտ Մելքումյանը տպավորիչ մեկնարկից հետո թուլացրեց տեմպը եւ արդյունքում 6 միավորով բավարարվեց միայն 11-րդ տեղով: Մելքումյանը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով: Ապա հետեւեցին 4 անընդմեջ ոչ-ոքիները, իսկ ավարտական տուրում նա զիջեց Թամիր Նաբատիին:

Հաջող հանդես եկավ երիտասարդ Հովհաննես Գաբուզյանը, որը 6,5 միավորով գրավեց 7-րդ տեղը: Նա միայն մեկ պարտություն կրեցՙ 7-րդ տուրում զիջելով Իվան Չեպարինովին: Գաբուզյանը 700 եվրո պարգեւավճար ստացավ 7-րդ տեղը գրավելու համար, 1200 եվրո էլ վաստակեց 2350-2499 վարկանիշ ունեցող մասնակիցների մեջ լավագույն արդյունքը ցույց տալու համար: Գաբուզյանի վարկանիշը 2457 է: Հրանտ Մելքումյանն էլ 300 եվրո պարգեւավճար ստացավ:

5-ական միավոր վաստակեցին Ավետիք Գրիգորյանը (35-րդ տեղ), Նելլի Աղինյանը (42-րդ) եւ Վահե Բաղդասարյանը (47-րդ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4