Բաթումում վերջնագիծը հատեց կանանց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: 50 շախմատիստուհիներ շվեյցարական մրցակարգով 11 տուրով որոշեցին առաջնության մրցանակակիրներին:
Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ անմասն մնացին խաղարկվող մեդալներիցՙ ցույց տալով համեստ արդյունք: Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով գրավեց 21-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը 5,5 միավորով հանգրվանեց 27-րդ հորիզոնականում:
Ավարտական 5 տուրերում Լիլիթը հաղթանակներ տոնեց Մարիա Մուզիչուկի եւ Նինո Բացիաշվիլու նկատմամբ, հաշտություն կնքեց Յու Վանգի հետ ու պարտվեց Գոու Քսիին եւ Ժաո Հուեին:
Վերջնագծում Դանիելյանի ելույթն ավելի հաջող էր: Նա հաղթեց Ինգա Չարխալաշվիլուն, Մերի Արաբիձեին եւ Աննա Մատնաձեին, պարտվեց Գուլնար Մամադովային եւ Քեթեւան Արախամիա-Գրանտին:
Արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացավ բուլղարուհի գրոսմայստեր Անտուանետա Ստեֆանովան, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտության: 8 միավորով 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը: Բրոնզե մեդալակիր դարձավ հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուն, որը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց Կոստենյուկին: 8 միավոր էր վաստակել նաեւ 4-րդ տեղը զբաղեցրած ուկրաինուհի Կատերինա Լահնոն:
Երեկ Բաթումում տրվեց կայծակնային խաղի կանանց աշխարհի առաջնության մեկնարկը: 2 օրում մրցաշարի մասնակիցները կանցկացնեն 15 տուր, ընդ որում յուրաքանչյուր տուրում մրցակցի հետ կխաղան 2 անգամՙ սեւ եւ սպիտակ խաղաքարերով: