«Կա՛մ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, եւ այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կա՛մ այդ երկրի զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, եւ այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալու առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ», անդրադառնալով սահմանային միջադեպերին` Panorama.am-ի թղթակցին այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ` շարունակելով իր արտերկրյա այցելությունները:
Նախագահի խոսքերով, յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը մեր ողջ ժողովրդի կորուստն է: «Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը», ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հիշեցրել է, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են, եւ որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Սարգսյանը միեւնույն ժամանակ շեշտել է, որ հայկական կողմը չունի ուժ կիրառելու դրդապատճառ, քանի որ հակամարտության լուծման միակ ուղի է համարում բանակցությունները, իսկ կարգավորումն էլ պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Մինչդեռ ադրբեջանական կողմը, բնակչությանը խաղաղության պատրաստելու փոխարեն, «շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց»:
«Հատկապես ցավալի է, որ սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ-ի պետքարտուղարը», շեշտել է Հայաստանի նախագահը:
Ամեն դեպքում, ըստ նախագահի, «Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որեւէ գործողություն»: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ զինուժը ստացել է խիստ հրահանգՙ «ցուցաբերել զսպվածություն եւ զգոնություն` միեւնույն ժամանակ կանխել եւ պատժել հակառակորդի ցանկացած սադրանք»:
«Վստահ եմ, որ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը», միջազգային հանրության ու Ադրբեջանի բնակչության մասին թերեւս չհիմնավորված վստահություն է հայտնել Հայաստանի նախագահը:
Ա. Հ.