«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2012-06-06 | #102, 2012-06-07 | #103, 2012-06-08


Ի՞ՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՄԵԶ ՎՐԱ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ակնհայտ է, որ Հայաստանի սահմանին իրականացվող այս էլ որերորդ ադրբեջանական սադրանքը ցանկության դեպքում էլ հնարավոր չէ Ալիեւի «ուղեղային մորմոքի» արդյունք համարել միայն: Անզեն աչքով էլ երեւում է, որ ինչ-որ տարածաշրջանային «պրոեկտ» է փորձարկվում, ու փորձարկվում է հենց մեր գլխին: Սա ասում ենք ոչ թե այն պատճառով, որ խուճապային տրամադրություն խթանենք, կամ այլ հետին նպատակ ենք հետապնդում, այլ իրադարձություններն ու միջազգային արձագանքներն ենք համադրում: Ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանում ինչպե՞ս են պատկերացնում տեղի ունեցողը եւ ինչպես են արձագանքում, արդյո՞ք համարժեք. այս դեպքում «համարժեք» բառը ոչ միայն մեր պաշտպանական միջոցառումներին պիտի վերաբերի, որոնք ի վերջո իրականացվում են նորմալ մակարդակով, այլ տեղի ունեցողի քաղաքական-դիվանագիտական եւ հասարակական համարժե՛ք արձագանքին: Նկատենք, որ մեր քաղաքական դաշտը խոր ընկղմվել է պաշտոն բաժանելու արիշ-վերիշների մեջ, ու մերոնք կարծում են, թե միշտ կյանքն իրենց թողնելու է ընտրական առեւտրի ոգով հանգիստ այլ «բազարներ» անելով զբաղվել միայն, երբ միայն բազարային խելք է պետք, իսկ իրավիճակի վերաբերյալ պետական այրին համարժեք ընկալումն ու համարժեք վերաբերմունի ցուցադրումը, հասարակությանը իրավիճակի նրբությունները բացատրելը, էլ չասած` լուրջ որոշումների ընդունումը իրենց չի վերաբերում ու մեկ-երկուսի գործն է:

Մեր քաղաքական շրջանակներն ընդհանրապես հետ են սովորել ինքնուրույն, առանց ուղղորդման մտածելուց եւ ապրելուց, եւ սա միակուսակցական իշխանության թերությունների առաջին ծաղիկներից մեկն է: Պարզապես միկրոսկոպով պետք է պեղել քաղաքական գնահատականները հայ-ադրբեջանական միջադեպերի վերաբերյալ, դրանց վերաբերյալ մասնագիտական-քաղաքական-աշխարհաքաղաքական վերլուծությունները, որոնք ոչ թե լրագրողները պետք է պոկեն, այյ քաղաքական այրերն ինքնուրույն պետք է հարթակ գտնեն դրանք արտահայտելու:

Ազգային ժողովն էլ, որ թիվ մեկ քաղաքական մարմինն է, թեեւ վերջնականապես հանձնաժողովները չի ձեւավորել, բայց պետք է ձեւ գտնի ու գոնե համեմատաբար միասնական վերաբերմունք արտահայտի: Մի Շարմազանովով կամ Օսկանյանի ֆեյսբուքյան էջով բան դուրս չի գա: Սակայն ո՞ւմ ենք ասում:

Համարժեք ռազմական պատասխանը կամ դրա վերաբերյալ որոշումը մասնագիտացված կառույցների միանշանակ իրավասությունն է, սակայն արդեն մի քանի օր է հայ -ադրբեջանական սահմանին անհանգիստ է, զոհեր ունեցանք, եւ կարեւորը սահմանի անձեռնմխելիությունն է խախտվել, էլ ի՞նչ պիտի լինի, որ հայկական կողմը դիվանագիտական, քաղաքական ամենախիստ գնահատականներ, կամ մեր անելիքի վերաբերյալ հստակեցումներ հնչեցնի: Լավ էՙ նախագահը խոսեց, բայց մինչ այդ ի՞նչ է, մենք քաղաքական մարմին Ազգային ժողով չունեինք, միջկառավարական կառույցներ չունենք, նախագահի արտաքին կապերի ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, Ազգային անվտանգության խորհուրդ չունե՞նք. մի խոսքով` մասնագիտական օղակների արագ արձագանքի, կամ գնահատականի պակաս կար, ասես բոլորն ինչ-որ բանի էին սպասում, կամ էլ`գուցե լավ տեղյակ էին` ի՞նչ է կատարվում, բայց հասարակությունը տեղյակ չէր: Իսկ հասարակական կառույցների եւ քաղաքագետների մակարդակով կենտ գնահատականները ավելի ընդգծեցին մեր պետական կառույցների ողջ խեղճությունն ու այն իրողությունը, որ տեսակետ արտահայտելու համար հավանաբար բոլորը սպասում են առաջին դեմքի թույլտվությանն ու հավանությանը: Սա պարզապես արդեն ծիծաղելի է դառնում, քանի որ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում դիրքորոշում ունեցողները եւ դրանք արտահայտելու համարձակության պակաս չունեցողները նախ պետք է հայտնված լինեին պետական-օրենսդիր մարմիններում, այլ ոչ թե ինչ-որ անձինք, որոնք սպասում են իրենց պատրաստի տեսակետ մատուցեն, ու հետո իրենք էլ այդ տեսակետը բարձաձայնեն: Բա որ ասում ենք` կրթություն ու պատրաստվածություն` մերոնք շարունակում են գործարարներին խորհրդարան ներս խցկել:

Տեսակետների բացակայությունը միշտ կասկածներ եւ ասեկոսեներ է ծնում` օրինակ այս կարգի, որ սահմանային լարվածությունն արհեստածին է, այնտեղ խառն է տարածաշրջանային խաղացողների մատը` հեռահար նպատակներով: Օրինակ` իրեն Ռուսաստանի շրջանակներին մոտ համարող «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ մակերեսին երեւացող պատճառը` Ադրբեջանի անհամաձայնությունը ստատուս քվոյին, սա միայն երեւացող կողմն է, ու նա հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը ամերիկյան ծրագիր է անվանում եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետ կապված` Նախիջեւանի սահմանին խաղաղարարների տեղակայման խնդիր լուծելու նպատակադրում տեսնում այս ամենում («Հենարան»): Դե իսկ հանրահայտ տեսակետը, որ եթե խոսքը ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը վերաբերի մեր սահմանների մոտ, ապա դա հավասար է թուրքական զորք տեղակայելուն, Ա. Կարապետյանին նույնպես մտահոգում է, դա բացարձակապես անընդունելի համարելով Հայաստանի համար: Միաժամանակ նա կարծում է, որ հենց այս ծրագրին դեմ կգնա Ռուսաստանը, փորձելով ՀԱՊԿ-ի անվան տակ խաղարարաներ տեղակայել մեր սահմանին: Սա եւս չփորձարկված խնդիր է` անհասկանալի իրագործման մեխանիզմի առումով:

Իսկ միգուցե հենց փարիզյան հանդիպմանն առաջարկվելիք «նոր մոտեցումնե՞րն» են նախապատրաստվում նախօրոք գծված սցենարով, ու «նոր մոտեցումները» միջանկյալ լուծումներով տեղավորվում են տարածաշրջանային լարվածության սցենարի բաղադրիչներում: Եթե այսպիսի անհանգստություններ կան` սրանց վերաբերյալ մեր բնակչությանը իրազեկելու, նախապատրաստելու, մասնագիտացված կառույցներից մասնագիտացված գնահականներ լսելու կարիք, անշուշտ, կա: Թե չէ, ինչպես քաղաքագետ Իգոր Մուրադյանն է ասում` մեր քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները կառուցողական ու ազնիվ քննարկումների փոխարեն առաջարկում են կամ տեղի ունեցած փաստերի ողորմելի հաստատում, կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկում:

Ավելի շուտ առաջարկվում է, բայց ոչ թե իրավիճակի մանրակրկիտ ու մասնագիտական վերլուծություն, ոչ թե հանրությանը երկրի բարձր ղեկավարների` իրավիճակի գաղտնախութերի գնահատականի մատուցում եւ մեր անելիքների մասին խոսք, այլ ընդամենը այն, ինչ կոչվում է ոգի բարձրացնող քարոզ: Այդ եւս պետք է, բայց նախ հարկավոր է հանրության իրազեկում, իսկ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը առաջինի դերը կատարում է. «Ես եւ ԵԿՄ-ն վստահաբար այն կարծիքին ենք, որ թուրք-ազերիների այս սադրանքները նպատակին չեն ծառայելու: Հնարավոր չէ այս ճղճիմ մեթոդներով միջազգային հանրությանը քայլեր պարտադրել: Առավել եւս հնարավոր չէ ահաբեկել, վախեցնել հայ ազգին, հայ զինվորին: Ադրբեջանցիք լավ գիտակցում են, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք դարձյալ պարտվելու են: Նրանք լավ են հիշում, թե ինչպես մեզ պատերազմ պարտադրեցին եւ թե ինչպես մենք հաղթեցինք ու իրենց հրադադար պարտադրեցինք: ԵԿՄ-ն մեկ անգամ եւս բարձրաձայնում է, որ միշտ կանգնած է հայ ազգի պաշտպանության դիրքերում, կանգնած է Հայաստանի, հայկական Արցախի, ազատագրված տարածքների պաշտպանության դիրքերում»:

Ոչ ոք անհամաձայն չէ սրան, բայց նախ հարկավոր է իրազեկումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4