«Իրերն անվանելով իրենց անվամբ. հետգրություն Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին»` այս խորագրի ներքո է day.az-ը ամփոփել ԱՄՆ պետքարտուղարի հարավկովկասյան շրջայցը: Իրականում, սակայն, այն նվիրված է Իլհամ Ալիեւ-Հիլարի Քլինթոն բանակցություններին եւ, ամենայն հավանականությամբ, հեղինակվել է Ռամիզ Մեհթիեւի «գրասենյակում»: Դա է հուշում հանգամանքը, որ վերլուծականը հիշյալ լրատվամիջոցի կայքէջում տեղադրված էր արդեն հունիսի 7-ի ժամը 10-ին:
Եվ այսպես. ադրբեջանական լրատվամիջոցը սառնասրտորեն արձանագրում է, որ Քլինթոնի այցը «համընկավ ոչ այնքան բարեհաջող ժամանակի», եւ շեշտում է. «Հատկապես այդ ժամանակ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը բերեց երկուստեք կորուստների»: Ապա գրեթե ցինիկաբար եզրակացնում, որ «կորուստների համար ափսոսալ կարելի է (՞ - Վ. Ա.), բայց դա առիթ չէ, որպեսզի տրամագծորեն փոխվեն ծրագրեր, երբ տարածաշրջանային գործերում (՞ - Վ. Ա.) նկատվում է բազմախոստում սկիզբ»:
Ո՞ւմ եւ ինչի՞ է վերաբերում «ծրագրերը տրամագծորեն փոխելու» մասին ակնարկը: «Կորուստների համար ափսոսալ կարելի է» արտահայտությունը բացահայտորեն վերագրված է ԱՄՆ պետքարտուղարին: Հետեւաբար, նրան է հասցեագրված նաեւ «ծրագրերը տրամագծորեն փոխելու» մասին ակնարկը: Որպես նույն մտքի շարունակություն, անանուն հեղինակը, իրականում` Իլհամ Ալիեւի աշխատակազմը, կշտամբում է արեւմտյան որոշ ազդեցիկ ուժերի, որոնց «թվում է, թե բոլոր խնդիրներն «իրենց ուսերով են» եւ ամեն պահի կարող են ուժերի հարաբերակցությունը փոխել իրենց օգտին»:
Ավելի հետաքրքրական է հաջորդ դիտարկումը. «...Ստացվում է, որ ուժի իրական լծակների տիրապետողները դեռեւս կասկածում են տարածաշրջանային սուբյեկտների կարեւորությանը, ոչ ճիշտ են գնահատում այն երկրների հնարավորությունները, որ արդեն քսան տարի է` ձեւավորում են հարավ-կովկասյան տարածաշրջանի համապատկերը»: Անշուշտ, Իլհամ Ալիեւի սիրտը չի ցավում ոչ Վրաստանի, ոչ հատկապես Հայաստանի համար: Այստեղ հարավկովկասյան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական «համապատկեր ձեւավորող երկիր» ասելով նկատի է առնված Ադրբեջանը, որի «հնարավորությունները ոչ ճիշտ են գնահատվում»:
Տվյալ դեպքում «պոստ-սկրիպտումը» գրվել է Քլինթոնի այցի առթիվ: Հետեւաբար, նրան է վերագրված Ադրբեջանի «հնարավորությունները ոչ ճիշտ գնահատելու մեղքը»: Հետեւում է «փաստարկների» մի ամբողջ շարք, ըստ որի «Ադրբեջանը այսօր դարձել է առաջատար օղակ, որ ունակ է իր հետեւից տանել ողջ տարածաշրջանը»: Եվ ամենակարեւորը, ըստ վերլուծականի, Ադրբեջանին «չպետք է խանգարել, որպեսզի անարգել իրականացնի իր ինովացիոն ֆունկցիաները եւ լիազորությունները»:
Տեսնո՞ւմ եք, Ադրբեջանն «ունի ինովացիոն ֆունկցիաներ»: Ավելին` այդպիսի «լիազորություններ, որպեսզի իր հետեւից տանի ողջ տարածաշրջանը, իսկ որոշ ազդեցիկ ուժեր նրան խանգարում են»: Ըստ երեւույթին, բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարը շատ խիստ է դրել ժողովրդավարական բարեփոխումների եւ մարդու իրավունքների խնդիրը: Այնուհետեւ վերլուծականը կտրուկ անցում է կատարում Լեռնային Ղարաբաղի խնդրին: Սա արդեն կարելի է համարել քաղաքական դեմագոգիայի «գոհար»:
Ահա. «Թվում է, այն իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական ռազմաճակատներում ( ՞ - Վ. Ա.) ձեռք է բերված հրադադարի ժամանակավոր (՞ - Վ. Ա.) համաձայնագիր, եւ կողմերից մեկն ունի ռազմական կոնֆլիկտի շուրջ կոնսենսունսի հասնելու մտադրություններ (՞ - Վ. Ա) խնդիրը վերաբերում է մանրուքներին: Այդ մանրուքն այն է, որ ազդեցիկ ուժերը, ի դեմս Հայաստանիՙ անհնազանդ կողմին ցույց տան խճճված հարցերի առողջ եւ անվերապահ տարանջատման մեջ իրենց տրամադրվածությունը»:
Խոստովանենք, ձեւակերպումները չափազանց խճճված եւ ենթատեքստային են: Այդուհանդերձ, կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը դժգոհ է «ազդեցիկ ուժերից», որոնք չեն ցուցաբերում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հարցերը միմյանցից տարանջատելու նպատակադրվածություն: Սա բացահայտ դժգոհություն է Հիլարի Քլինթոնից: Քանի որ վերջինս շատ ակնհայտորեն հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման բանակցային հիմքը միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն են, որոնք «չպետք է տարանջատել»:
Սույնը նշանակում է, որ ԱՄՆ-ը ամենաբարձր մակարդակով մերժում է ԼՂ խնդիրը «տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու» Ադրբեջանի մոտեցումը: Դա է պատճառը, որ իլհամալիեւյան լրատվամիջոցը, փորձելով ընդհանրացնել, ձեւակերպում է. «Նման մակարդակի (ԱՄՆ պետքարտուղարի եւ Իլհամ Ալիեւի - Վ. Ա.) շփումներից երկրների (Ադրբեջանի - Վ. Ա.) պաշտոնական շրջանակները, ժողովուրդները (ադրբեջանցիները - Վ. Ա.) եւ էլիտաները (Ադրբեջանում իշխող վարչախումբը - Վ. Ա.) սպասում են իրական առաջընթացներ: Եթե այդպիսիք չեն դրսեւորվում, ապա ընդհանուր համապատկերին (Ադրբեջանի իշխանությունների տրամադրություններում - Վ. Ա.) թագավորում է հիասթափությունը, որը հավասարզոր է ոչ միայն գործընկեր երկրների, այլեւ մեծ քաղաքական խաղի առաջնորդների քաղաքական դիվիդենտների արժեզրկման»:
«Խե՜ղճ» Օբամա, որ «արժեզրկվեց» Իլհամ Ալիեւի աչքում: Քանի որ Հիլարի Քլինթոնը ԼՂ բանակցային գործընթացում «խճճված հարցերը տարանջատելու» փոխարեն դրանք եւս մեկ անգամ գնահատեց իրենց ամբողջության մեջ, ինչպես եւ` ենթադրվող լուծումները: «Ամեն ինչ վաղեմության ժամկետ ունի»,- ցցուն ամբարտավանությամբ «սպառնում է» day.az-ը: Իհարկե, «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ` փոխվում»: Հավերժական չէ նաեւ Իլհամ Ալիեւի «գահը»: Թերեւս այս գլխավոր մի՞տքն է նրան հասկացրել Հիլարի Քլինթոնը: Եվ դա էլ հերթական անգամ հավասարակշռությունից հանել է «նորին գերազանցություն» բռնապետի՞ն:
Հապա ինչպե՜ս. ԱՄՆ պետքարտուղարը նույն հարթության եւ մակարդակի վրա դրեց Իլհամ Ալիեւին եւ բանտից նախօրեին ազատ արձակված Բախտիար Հաջիեւին` հանդիպելով վերջինիս հետ: «Ինքնակալ»-ին ավելի մեծ վիրավորանք դժվար թե կարելի էր պատկերացնել:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ