Ֆրանսիայից մեր թղթակից Ժան Էսքիյանը հաղորդում է, որ ամերիկացի կինոռեժիսոր Էդվին Ավանեսը ծրագիր է մշակել նկարահանելու մի ֆիլմ այն մասին, թե ինչպես թուրքական պետությունը տարիների ընթացքում խոչընդոտել է Մ. Նահանգներում Ֆրանց Վերֆելի հայտնի «Մուսա լեռան 40 օրը» դյուցազներգության էկրանավորմանը:
Ծրագիրը իրագործելու համար, սակայն, ռեժիսորը կարիք ունի ֆինանսական օժանդակության: Նվիրատվությունները հավաքելու ծանր պարտականությունը ստանձնել է «Հայկական մշակութային գանձերի բարեկամներ» շահույթ չհետապնդող ընկերությունը:
Epic Denied («Մերժված դյուզացներգությունը») վավերագրական ֆիլմը պատմելու է, թե ինչպես նույնիսկ Հոլիվուդի ամենահեղինակավոր կինոգործիչներն ու վետերանները, հակառակ իրենց մեծ ցանկության, չեն կարողանում իրականացնել այդ վեպի էկրանավորումը:
Ֆիլմը, ըստ նախաձեռնող ռեժիսորի, բաժանված է լինելու երեք ժամանակաշրջանների. ա) 1930-40-ական թվականներ, երբ Իրվինգ Թալբերգն ու Լուիս Մայերը ձեռք են բերում վեպը Ռուբեն Մամուլյանի ռեժիսորությամբ նկարահանելու իրավունքը: Թուրքիան խուճապի մատնվելով անմիջապես պետքարտուղարության միջոցով ճնշում է բանեցնում MGM-ի վրա եւ ֆիլմարտադրությունը կանգ է առնում: Թալբերգի փորձերը համոզելու, որ ֆիլմը Թուրքիայի իմիջին կամ թուրք ժողովրդին չի վնասելու, ապարդյուն են մնում: 1935 թ. սեպտեմբերին պետքարտուղարությունը պաշտոնապես հեռագրում է Ստամբուլի ամերիկյան դեսպանությանը, որ ֆիլմը չի նկարահանվելու:
բ) 1950-60-ական թվականներ, երբ MGM-ի վետերան ֆիլմարտադրող Պանդրո Բերմանն ու ռեժիսոր Գի Գրինն են նախաձեռնում նկարահանել վեպը: Այդ ժամանակ Թուրքիան համաձայնել էր, որ իր տարածքում ամերիկյան ռազմական բազա կառուցվի եւ դա բարձրացրել էր նրա հեղինակությունը: Թուրքիայի առարկություններն ավելի լուրջ ուշադրության էին արժանանում: Իսպանիան եւ Հունաստանը, որոնք նկարահանման հնարավոր վայրեր էին ընտրվել, ներկայացնում են լիցենզավորման եւ նյութական դժվարություններ: Արդյունքում MGM-ի գլխավոր պատասխանատու Հ. Օբրայնը չեղյալ է համարում նախագիծը:
Եվ վերջապեսՙ
գ) 1970-ականներից մինչեւ մեր օրերը, երբ 1970-ին ամերիկահայ միլիոնատեր գործարար Ջոն Քյուրքչյանը (վերապրողների սերնդից) առաջարկում է MGM-ին համատեղ նկարահանել «40 օրը»: Չորս տարվա բանակցություններից հետո նրան հաջողվում է ձեռք բերել իրավունքը եւ մեկնելով Հարավսլավիա, նա փորձում է պետության ղեկավար Տիտոյի միջոցով ընտրել նկարահանման համար տեղանք: Բանակցությունները չավարտված Տիտոն հայտնվում է ԱՄՆ նախագահ Քարթերի սեւ ցուցակում, որպես մարդու իրավունքները խախտող ղեկավարի: Տիտոն հետ է քաշվում: Քյուրքչյանը սկսում է բանակցել Ռումինիայի եւ Հունաստանի հետ, որոնք թուրքական սպառնալիքների ներքո մերժում են համագործակցել: 1979-ին Քյուրքչյանը Խորհրդային Միություն է գալիս եւ կինոստուդիայի նախագահի հետ պայմանավորվում նկարահանումներ սկսել Հայաստանում: Դժբախտաբար մի քանի ամիս անց Աֆղանստանի դեպքերի եւ մոսկովյան օլիմպիական խաղերը բոյկոտելու Մ. Նահանգների մտադրության արդյունքում ծրագիրը հաջողություն չի ունենում: Հուսահատված, բայց աննկուն, Քյուրքչյանը Կալիֆոռնիայում սահմանափակ բյուջեով եւ անձնական նախաձեռնությամբ նկարահանում է մի ֆիլմ, որն ամոթալի պետք է համարել: Արդյունքում ֆիլմ նկարահանելու իրավունքը Քյուրքչյանը վաճառում է գերմանական մի հրատարակչատան: Նրանից հետո Անրի Վերնոյը Ֆրանսիայում, իսկ Մ. Նահանգներում Սիլվեստր Ստալոնեն (2006-ին) եւ Մել Գիբսոնը (2009-ին) փորձել են նկարահանել «40 օրը», սակայն նախաձեռնությունները միշտ մնացել են անավարտ թուրքական ASIMED հզոր ասոցիացիայի ազդեցիկ ճնշումների հետեւանքով:
Հույս ունենանք, որ Էդվին Ավանեսի ծրագիրը նույն ճակատագրին չի արժանանա եւ նրան կհաջողվի երեւան հանել այն դավադիր գործարքները, որոնք նույնիսկ Մ. Նահանգների սահմանադրության կոպիտ խախտումների հիման վրա են կնքվել:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Թեմայի վերաբերյալ մանրամասնությունների համար այցելել http://www.epicdenied.com/EPIC DENIED/PROJECT.html կայքը: