«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ` «ԶՈՀԵՐ ՉՈՒՆԵ՞ՆՔ»

Pat.az-ը մի «վերլուծական» է հրապարակել, որտեղ փորձել է «գնահատել Ֆիզուլիի ուղղության մարտերը»: Այդ նպատակով ներգրավվել են «ռազմական փորձագետներ եւ նախկին ռազմաճակատայիններ»: Իհարկե, որեւէ անուն վկայակոչված չէ: Այսուհանդերձ, երեւույթն ինքնին հետաքրքրական է:

Աչքի է զարնվում, որ ադրբեջանական կողմը շփման գծի դեպքերը որակում է «մարտեր»: Այնուհետեւ կայքը գրում է, որ «հրադադարի խախտման հետեւանքով թեեւ «հակառակորդը տվել է նշանակալի զոհեր», Ադրբեջանի բանակում նույնպես սպաներ եւ զինվորներ են զոհվել»: Խոսքը, նկատի ունենանք, վերաբերում է ոչ թե առհասարակ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի, այլ մի առանձին տեղամասում` Ֆիզուլիի ուղղությունում, ադրբեջանական բանակի կորուստներին:

Ընդ որում, տեղեկատվության մեջ շարքային եւ սպայական կազմի զոհերը նշված են հոգնակի թվով: Հետեւաբար, Ֆիզուլլի ուղղությունում ձեռնարկած դիվերսիոն գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել են սպաներ եւ շարքային զինվորներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն ուղղությունում զոհերի կամ նույնիսկ վիրավորների մասին որեւէ տեղեկություն չի տարածել: Օգտագործվել է ստանդարտ ոճ` «բոլոր դեպքերում հակառակորդն ստացել է արժանի հակահարված, ադրբեջանական կողմից կորուստներ չկան»:

Pat.az-ը, մինչդեռ, խոսում է հոգնակի թվով սպանված սպաների եւ շարքայինների մասին: Բայց սույն կայքը նպատակ չի դրել պարզելու, թե ինչո՞ւ իրենց երկրի պաշտպանական գերատեսչությունը մոլորության մեջ է պահում հասարակությանը: Ընդհակառակը, իր հերթին լրատվամիջոցը փորձում է «բացատրել», որ ադրբեջանական բանակը «չի օգտագործել սեփական հնարավորությունները, մարտերում չեն ներգրավվել հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ»:

Անանուն ռազմական «փորձագետն» այդ կապակցությամբ ասել է, որ «դիվերսիոն գործողությունների ժամանակ բացառապես հրաձգային զենք է օգտագործվում, բայց եթե ամեն ինչ հասներ հաջորդ փուլին, ապա ադրբեջանական բանակը գործի կդներ նորագույն սպառազինությունները»: Ըստ երեւույթին ադրբեջանական «ռազմագետները» կանխածրագրած են եղել, որ աննախադեպ դիվերսիոն գործողությունները հակադարձելիս ղարաբաղյան կողմը կդիմի ծանր զինատեսակների օգնության, ինչը առիթ կտա «զարգացնելու երկրորդ փուլը»:

Այս իմաստով շփման գծի վերջին լարվածությունը հավանաբար Ադրբեջանի համար եղել է «ռազմական գերակշռությունը» փորձարկելու հնարավորություն: Եվ վստահաբար կարելի է ասել, որ փորձարկումը լիովին ֆիասկոյի է ենթարկվել: Դա է վկայում հիշյալ կայքի անանուն «փորձագետի հիմնավորումը», ըստ որի` «Ֆիզուլիի շրջանի ռելիեֆը չափազանց աննպաստ է նորագույն զրահատեխնիկա եւ զինատեսակներ գործի դնելու համար»:

Ռելիեֆի տեսակետից շփման ողջ գիծը գրեթե նույնն է: Ուստի կարելի է ենթադրել, որ այն ընդհանրապես ադրբեջանական բանակի համար չափազանց պինդ «ընկույզ» է: Իսկ լարվածության օրերին երկու կողմերում տիրող տրամադրությունների մասին էլ բավական է ասել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ամենայն հավանականությամբ հասարակության մեջ իշխող խուճապային տրամադրությունները մեղմելու համար, հանդես էր եկել հաղորդագրությամբ, որտեղ ասված էր, որ «ընդհանուր զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4