Իսրայելի Քնեսեթը, ըստ «Հաարեց» պարբերականի, այսօր պետք է քննարկի Հայոց ցեղասպանության հարցը լիագումար նիստում: Քննարկումն այսօր իրականացնելու որոշում է կայացրել իսրայելական խորհրդարանի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, սակայն, պարբերականի պնդմամբ, քննարկումը բնավ էլ չի նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչում: Ավելին, ըստ հրապարակման, մեկ քննարկմամբ հարցը չի ավարտվի, այլ կշարունակվի իսրայելական խորհրդարանի հանձնաժողովներից մեկում:
Քննարկումը նախաձեռնել է «Մերեց» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Զահավա Գայլոնը, փաստացի թարմացնելով դեռեւս նախորդ տարեվերջին իսրայելական խորհրդարանում շրջանառության մեջ դրված նույնօրինակ, բայց անարդյունք նախաձեռնությունը:
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը առաջ է քաշվել այնպիսի ժամանակահատվածում, երբ հենց հաջորդ օրը սպասվում է իսրայելական բանակի կողմից «Մավի Մարմարա» թուրքական նավի վրա հարձակման առնչությամբ պետական վերահսկողական զեկույցի հրապարակումը: Եվ դա այն դեպքում, երբ պաշտոնական Անկարան որոշել է միջազգային դատարանում գործ հարուցել ընդդեմ իսրայելցի բարձրաստիճան սպաների:
Իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին այսօրինակ ձեռնարկումը Իսրայելի օրենսդիր մարմնում առնվազն անբարեկրթություն է, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը Իսրայելի նման երկրի կողմից ծառայեցվում է Թուրքիայի «սանձերը» քիչ ձգելու նպատակին եւ որեւէ առնչություն չունի արդարության ու ճշմարտության ընկալումներին:
Ա. Հ.