Ճիշտ ասած` չէինք ուզենա, որ վերադառնար քաղաքական գործիչներին տարբեր քրեական գործերով հետապնդումներով քաղաքական դաշտից դուրս մղելու տերպետրոսյանական ժամանակների գործելակերպը, ու այդ պատճառով երեկ զարմացանք` տեղեկանալով, որ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին ինչ-որ քրեական գործի շրջանակում կանչում են ԱԱԾ: Ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հոդվածի հատկանիշներով («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը», Քրեական օրենսգրքի 190-րդ հոդված, 3-րդ կետ) որպես վկայի հարցաքննության է հրավիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
Երեկ այդ առթիվ հայտարարություն էր տարածել Վ. Օսկանյանըՙ նշելով, թե իրենից որպես վկայի ցուցմունք են վերցնում իր եւ իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության առնչությամբ. «Հիմնադրման օրվանիցՙ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան: «Սիվիլիթասի» գործունեության առաջին օրերիցՙ 2008-ից սկսածՙ հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ: Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները: Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:
Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա», ասված է հայտարարության մեջ: Փաստորեն Օսկանյանը բացահայտ ասում է, որ իրեն ԱԱԾ կանչելը քաղաքական ենթատեքստ ունի, մանավանդ որ ֆեյսբուքյան իր էջում էլ նշել է, որ այդ ձեւը քաղաքական պայքարի իր պատկերացրած ձեւը չէ, սակայն նա դրան եւս պատրաստ է:
Սակայն նշենք, որ հիմա այն ժամանակները չեն, ու զուտ քաղաքական ենթատեքստով քրեական գործ հարուցելիս, մանավանդ Օսկանյանի դեպքում, ու մանավանդ` մամուլի ակնդետ հայացքի ներքո, եթե լուրջ փաստեր ու հիմնավորումներ չներկայացվեն, անգամ եթե մնալու լինեն զուտ հարցաքնության մակարդակում, չենք կարծում, որ ԱԱԾ-ի օգտին կլինի սպասվելիք աղմուկը:
Մ. Խ.