The Washington Times-ը հոդված է հրապարակել, ըստ որի Սպիտակ տնից տեղեկատվական արտահոսքի կապակցությամբ, որը «կործանիչ նշանակություն է ունեցել» Միացյալ Նահանգների համար, հետաքննությունն է սկսվել: «Կործանիչ նշանակության» արտահոսքը, ըստ այդմ, վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե «Ադրբեջանը համաձայնել է իր օդանավակայանները տրամադրել Իսրայելին»:
Ավելի վաղ մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այդ մասին գրել էին որպես «կատարված փաստի»: Իսկ ռազմական փորձագետներն ասում էին, որ դա «հնարավորություն կտա, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները խուսափեն օդում լիցքավորվելուց, որի դեպքում դրանք իրանական ՀՕՊ-ի ուժերի համար կդառնային չափազանց խոցելի»:
Այս կապակցությամբ CNN-ին տված հարցազրույցում ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Դայան Ֆայնշտեյնը ասել է, որ հանձնաժողովում իր 11-ամյա աշխատանքի ընթացքում Սպիտակ տնից «այդքան արտահոսք չի եղել, որքան ներկայումս»: Սենատորն, ընդսմին, խստորեն զգուշացրել է, որ «չնայած Օբամայի վիրավորվածությանը եւ Սպիտակ տան մեղադրանքներին, նրանք չեն խուսափի հետաքննությունից»: Պետք է հասկանալ, որ Ֆայնշտեյնն ակնարկել է տեղեկատվական արտահոսքի համար անմիջապես վարչակազմի պատասխանատվությունը:
Վստահաբար կարելի է եզրակացնել, որ Բաքվում պետքարտուղար Քլինթոնի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններում «տեղեկատվական արտահոսքը» քննարկվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այսինքն, Իլհամ Ալիեւը թերեւս փորձել է պետքարտուղարին «կշտամբել» այն բանի համար, որ ամերիկյան մամուլը գաղտնազերծել է Իսրայել- Ադրբեջան պայմանավորվածությունները: Այս հանգամանքը, հավանաբար, պատճառ է դարձել, որ ադրբեջանական կողմը «ապահովության լրացուցիչ երաշխիքներ» պահանջի Միացյալ Նահանգներից այն դեպքում, երբ «կմիանա հակաիրանական կոալիցիային»:
Շատ ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն մի շարք ձեւաչափերով, այդ թվում` Իլհամ Ալիեւի մակարդակով, «հավաստիացրել է, որ ադրբեջանական տարածքը չի տրամադրվի հակաիրանական գործողությունների»: Բայց սա խնդրի մի կողմն է` թե այսուհետեւ, երբ Վաշինգտոնում հետաքննություն սկսելու մասին լուրը արդեն միջազգային հանրության սեփականությունն է դարձել, Ադրբեջանն ինչպե՞ս է պատասխանելու իրանական կողմի դժգոհությանը:
Առավել ուշադրության կարոտ է այն, թե ինչո՞ւ ամերիկյան մամուլը հրապարակայնացնում է Իսրայել-Ադրբեջան գործարքի տեղեկատվական արտահոսքի հարցն առհասարակ: Կարծես թե ոչինչ չպետք է խանգարեր, որ սենատոր Ֆայնշտեյնը պաշտոնական տեսք չտար այդ նուրբ խնդրին: Բայց «գնացքն արդեն մեկնել է»: Ըստ երեւույթին` Սպիտակ տան իմացությամբ:
Այդ դեպքում խոսքը կարող է վերաբերել երկու հեռանկարի: Առաջին, ԱՄՆ-ը կարող է հետամուտ լինել եւ պարզել, որ արտահոսք թույլ է տվել ոչ թե Սպիտակ տունը, այլ` Ադրբեջանը: Իսկ դա հավանական է, եթե նկատի ունենանք, որ այդ ձեւով Իլհամ Ալիեւը կարող էր փորձել իրեն «ավելի թանկ վաճառել»: Երկրորդ, եթե արտահոսք եղել է Սպիտակ տնից, ապա չպետք է բացառել, որ դա էլ մտածված է արվել, որպեսզի Ադրբեջանը որեւէ պահի չփորձի գնալ Իրանի հետ հարաբերությունների «սեպարատ կարգավորման»: Երբ ամեն ինչ ակնհայտ է, ապա ի՞նչ է մնում Իլհամ Ալիեւին, եթե ոչ մինչեւ վերջ կապվել հակաիրանական «կոալիցիայի կառքին»: Նույնիսկ եթե դա «մատաղացու անասունի կարգավիճակով» է արվում:
Երկու դեպքում էլ ակնհայտ է դառնում, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բոլորովին էլ գործընկերային չեն: Հակառակ դեպքում խնդրո առարկա տեղեկատվական արտահոսքը կկրեր այլ բնույթ, կարվեր այլ ձեւակերպումներով: Թեկուզ եւ` որ «Իսրայելը քննարկում է ադրբեջանական ռազմական օդանավակայանները վարձակալելու հնարավորությունը»: Այդ դեպքում Բաքուն «դեմք փրկելու» հնարավորություն կստանար: Ամերիկացիները, ինչպես միշտ, շատ դաժան են վերաբերվել «կրտսեր դաշնակցին»` տալով եւս մի լուրջ հարված. տեղեկատվական երկրորդ արտահոսքը կազմակերպվել է պետքարտուղարի Հարավային Կովկաս այցից անմիջապես հետո: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանին վերապահված է ոչ թե «գործընկերոջ», այլ սադրիչի դերակատարություն` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
«Նախաձեռնողական եւ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու» համար կարելի է Իլհամ Ալիեւին սրտանց շնորհավորել: Արեւմուտքի, մասնավորապես` Միացյալ Նահանգների միջոցով Լեռնային Ղարաբաղի խնդիրը «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու» մասին առասպելը, որ ջանադրաբար շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի «քաղաքագիտական» եւ «վերլուծաբանական» հանրությունը, օճառի պղպջակի պես պայցեցրեց The Washington Times-ը: Անշուշտ` ոչ առանց ԱՄՆ պետքարտուղարության մասնակցության:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ