«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ» ՉԳԻՏԵՆ

Հարավկովկասյան երկրների լրատվամիջոցներից թերեւս վրացականն է, որ այնքան է հետաքրքրված, շատ դեպքերում` ներքաշված ներքին քաղաքականության ու ընդհանրապես ներքին կյանքին առնչվող հարցերում, որ տարածաշրջանին անդրադառնալու անգամ կարեւոր առիթները աչքաթող է անում, եթե, իհարկե, այդ նույն հարցերը չեն կարող ազդել Վրաստանի ներքին իրավիճակի վրա: Դրա համար էլ պատահական չէ, որ հակահայկական տրամադրություններ տարածող հրապարակումները որպես կանոն հայտնվում են ադրբեջանական «սնուցման» շնորհիվ:

Սակայն խոսքը տվյալ դեպքում ադրբեջանա-վրացական հարաբերությունների մասին չէ, այլ ամենից առաջ այն իրողության, որ երբ տարածաշրջանում նախորդ շաբաթ գրեթե ամեն օր հրապարակումներ էին լինում հայ եւ ադրբեջանցի զինվորների սպանությունների, «դժբախտ պատահարների» մասին, Վրաստանում այդ ամենին արձագանքում են այնպիսի ուշացմամբ, որ վկայում է իրենցից բացի մնացյալի նկատմամբ «մեծահոգի անտարբերության» առկայությունը:

Ամեն դեպքում, գրեթե բոլոր հարթակներից մտահոգություն հնչեցնող թերեւս եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկներից հետ չմնալու մարմաջով վրացական կողմն էլ երեկ անդրադարձել է շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանի միջադեպերին, իհարկե, վրացականի ու աբխազա-հարավօսական խնդրի «տիրոջ» տեսանկյունից: Մասնավորապես, «հայ-ադրբեջանական սահմանին» վերջին օրերին «ինտենսիվ մարտերի» առնչությամբ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը:

Նորություն չէ, որեւէ հակամարտություն չի կարող նպաստել որեւէ տարածաշրջանի անվտանգությանը, սակայն հարավկովկասյան տարածքում առնվազն երեք հակամարտություն է հաշվվում, այնպես որ անվտանգությանը չնպաստելու հարցում վրացի արտգործնախարարը կիսատ է խոսում:

Մյուս կողմից, ըստ փոխարտգործնախարարի խոսքերի, «Բոլոր մասնակից երկրները (նկատի ունի հակամարտության մասնակից երկրներ, ասել է թեՙ Հայաստան եւ Ադրբեջան այն դեպքում, երբ այսօրինակ գնահատումը զուտ ադրբեջանական դիրքորոշման կրկնություն է, ինչը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի որոշելիքը չէ հաստատապես - Ա.Հ.) գիտակցում են, թե որքան բարդ է խնդիրը, թե ինչով կարող է դա ավարտվել տարածաշրջանի համար, թե որքան ցավոտ հարց կարող է դառնալ նաեւ տարածաշրջանում պետությունների զարգացման տեսանկյունից»: «Ուստի ես խորապես վստահ եմ, որ երկու երկրներն էլ (մոռանալով, որ Արցախն է այս հարցի հիմնական կողմը - Ա. Հ.) համարժեք կգնահատեն իրավիճակն ու միջոցներ կձեռնարկեն ապահովելու անվտանգությունը», նշել է վրաց փոխարտգործնախարարը, չմոռանալով, սակայն, հավելել, թե երկու երկրների, այսինքն` Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանն ունի ինտենսիվ կապեր:

Նշենք, որ նույն թեմային կարճմիտ մեկնաբանություններով անդրադարձել են նաեւ որոշ վրացական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց խոսքում հակառուսականն այնքան է գերակշռում, որ բուն խնդիրն առանձնակի կարեւորություն չի ստանում, թերեւս միայն այն դիտարկմամբ, թե պատերազմի վերսկսման դեպքում ռուսաստանյան զինուժը պետք է որ անցնի Վրաստանի տարածքով, որպեսզի Ռուսաստանը կարողանա աջակցել իր ռազմավարական գործընկեր Հայաստանին:

Ինչեւէ, Վրաստանը, առավել քան որեւէ մեկն այս տարածաշրջանում, բավականին «թարմ հիշողություններ» ունի պատերազմ վերսկսելու հետեւանքների առնչությամբ: Ուստի այս երկրի արտաքին գերատեսչությունը կարող էր դատարկախոս հայտարարության ու ղարաբաղյան հակամարտության կողմերի ու հակամարտողների մասին ընդհանրապես ադրբեջանամետ դատողություններ անելու փոխարեն բավարարվել արդեն ստանդարտ «մտահոգություն» արտահայտել, ինչն, ի դեպ, չի արվել, ապա նաեւ հակամարտությունների սրման դեպքում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը սպառնալիք ներկայացնող քայլերից զերծ մնալու կոչերով` հասցեագրված հասկանալի է, թե երկու հարեւաններից հատկապես ում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4