Ստամբուլից ինքնաթիռով ավելի քան մեկ ժամ ճանապարհՙ եւ հայտնվում ես Արեւմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում: Մալաթիան մեծ ու գեղեցիկ քաղաք է` նորակառույց շենքերով, այգիներով ու խանութներով: Քաղաքի նոր կյանքի պատմությունը սկսվեց 1983-ից, երբ Թուրքիայի վարչապետ դարձավ մալաթիացի Թուրգուտ Օզալը: Մալաթիան զարգացնելու նպատակով նորանշանակ վարչապետը մի քանի գործարան բացեց, շենքեր կառուցեց, ճանապարհները նորոգեց, այսօր Մալաթիան բավական զարգացած եւ հարուստ քաղաք է:
Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքների նման էլ այստեղ կարելի է գտնել հայկական հետքՙ ավերված եկեղեցիներ, գերեզմանատներ ու կառույցներ:
Արդեն երկու տարի Մալաթիայում հիմնադրվել է «Հայդեր» կազմակերպությունը, որի գլխավոր գրասենյակը Ստամբուլում է: Կազմակերպության նպատակն է իր շուրջ հավաքել Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող մալաթիացիներին, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո լքել են հայրենի Մալաթիան ու գաղթել տարբեր երկրներ: Այժմ կազմակերպությունն իր շուրջն է հավաքել 200 մալաթիացու: Նրանցից 60-ն ապրում են Մալաթիա քաղաքում: «Հայդեր» կազմակերպության Մալաթիայի գրասենյակի ղեկավար Սերդեր Բոյաջի պապը հայ էր, ծնողներըՙ իսլամացած հայեր, թուրքական ազգանուններով: Ինքն ու իր զավակները ընդունել են քրիստոնեություն: Հայերեն խոսել չեն կարողանում, սակայն ներկայանում են որպես փոքրաթիվ հայկական համայնքի անդամներ:
Բոյաջի ներկայացմամբՙ ծպտյալ հայերի թիվը Մալաթիայում գերազանցում է 150-ը: Նախնիների եւ ազգային պատկանելության մերժման պատճառը ձեւավորված վախի մթնոլորտն է: Այս հարցում լուրջ դերակատարություն ունեն ոչ միայն անցյալի հիշողություններն ու նախնիների պատմությունները, այլեւ նոր վտանգները: Երկու տարի առաջ Մալաթիայում ընդհատակյա ազգայնական խմբերը հարձակումներ էին գործում քրիստոնյաների վրա, ծեծում, երբեմն սպանում: Այսօր նման երեւույթներ չկան, սակայն հայերի մեջ վախը դեռ արմատախիլ չի եղել:
«Հայդեր» կազմակերպության գլխավոր նպատակը Մալաթիայում հայկական գերեզմանոցի պահպանումն ու հսկումն է: Նրանք որոշել են գերեզմանոցի շրջակայքում չգործող աղոթատեղին կառուցել եւ դարձնել փոքրիկ ակումբ տեղացի հայերի համար: Փոքրիկ մատուռը վերակառուցելու նպատակով Մալաթիայի հայերը նախ դիմել են քաղաքապետարանինՙ բայց ստացել են մերժում: Քաղաքապետարանը դեմ չի եղել, երբ հայերն առաջարկել են սեփական գումարով եւ ուժերով վերակառուցել: Շինարարական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա աշնանը եւ ավարտվել այս տարվա փետրվարին: Փետրվարի 2-ին տեղի է ունեցել կենտրոնի բացումը, իսկ հաջորդ օրը տեղահայերը նորակառույց շինությունն ավերված են տեսել: Քաղաքապետարանի բացատրությունն էլ հետեւյալն է. «Կառույցը հիմնահատակ ավերել ենք, քանի որ եկեղեցու տեսք ուներ»:
Մալաթիահայերը մեծ աղմուկ են բարձրացրել, կատարվածին անդրադարձել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, լուրը հասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ըստ Բոյաջի, Էրդողանը զանգել է քաղաքապետարան եւ բացատրություն պահանջել: Մեկ ամիս առաջ Մալաթիայի քաղաքապետը զանգել է Բոյաջին եւ տեղեկացրել, որ ակումբը կվերակառուցվի աշնանը, սակայն ճարտարապետական այնպիսի նախագծով, որ եկեղեցի չհիշեցնի:
Բոյաջիի ներկայացմամբՙ մինչեւ Հայոց ցեղասպանությունը Մալաթիան չորս հայկական եկեղեցի ուներ: Նրանցից երկուսըՙ Սուրբ Երրորդությունն ու Գրիգոր Լուսավորիչը, ավերված են, երրորդը վերածվել է մզկիթի եւ գտնվում է Մալաթիայի շուկայի կենտրոնում: Չորրորդի վերաբերյալ տեղեկություններ չկան:
250-ամյա հայկական Սուրբ Երրորդություն (Թոշհորոն) եկեղեցին գտնվում է Չահուշօղլու թաղամասում: Եկեղեցու բանալին Արման եւ Մուրադ հայ եղբայրների մոտ է: Մինչ եկեղեցու դռները բացելը Մուրադը զգուշացնում է. «Մտե՛ք անաղմուկ եւ կարճ ժամանակով: Ոստիկանությունն արգելում է զբոսաշրջիկին հայկական եկեղեցի մուտք գործելը, իսկ թույլտվություն ստանալու համար 4-5 ժամ է պահանջվում»: Մուրադն ու Արմանն էլ հայերեն խոսել չգիտեն: Ամուսնացած են, երեխաներին հայկական անուններ են տվել: Զբաղվում են կահույքագործությամբ: Հայաստանում չեն եղել, սակայն հույս ունեն, որ սահմանի բացումից հետո հայրենիքի հետ կապն ավելի կսերտանա:
Շուրջ մեկ դար պատարագ ու աղոթք չլսած, խնկի բույր չզգացած Սուրբ Երրորդությունն այսօր կիսաքանդ շինություն է եւ ոչնչով չի տարբերվում Արեւմտյան Հայաստանի այլ եկեղեցիներից: Եկեղեցու գմբեթն ու խորանը չկան, ներսն ավերված է, իսկ պատերին կարելի է կարդալ թուրքերենով սիրո խոստովանություններ: Թուրքական կառավարությունը որոշում է կայացրել եկեղեցին վերանորոգել: Աշխատանքները կսկսվեն մի քանի ամսից, սակայն վերանորոգումից հետո հայկական եկեղեցին կծառայի կամ որպես գրադարան, կամՙ մշակութային կենտրոն:
Մալաթիայից մի քանի կմ հեռուՙ Վենք քրդական գյուղում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցու անմխիթար ու կիսականգուն վիճակն անգամ չի խամրեցնում կառույցի երբեմնի գեղեցկությունը: Եկեղեցու ներսն ավերակ է: Երբեմնի գեղեցկուհին այսօր կուչ է եկել, սպասվող արհավիրքներին դիմակայում է առանց խորանի ու գմբեթի: Այստեղ արդեն հարյուր տարի մոմ չի վառվել, աղոթք չի հնչել: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին անձրեւի ժամանակ որպես ախոռ է ծառայեցվում տեղացի քրդերի անասունների համար, իսկ ամռան ամիսներին եկեղեցին վերածվում է խաղահրապարակի քուրդ ու թուրք երեխաների համար: Մեր այցելության ժամանակ էլ եկեղեցու տարածքում կային բազմաթիվ երեխաներ: Եկեղեցու մի հատվածում մաթեմատիկայի պատռված դասագրքի կտորներ էին, տիկնիկ ու գնդակ:
Եկեղեցու հենց կողքին բետոնե փոքրիկ անշուք շինություն կաՙ մզկիթ է: Կառուցված է հատուկՙ կարծես առավել նսեմացնելու հազարամյա պատմություն ունեցող եկեղեցուն, կարծես նամազ կանչող մոլլայի ձայնով առավել խեղդելու արդեն կիսամեռ, առանց զանգի ու խաչի եկեղեցուն:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգումն էլ թուրքական իշխանությունների օրակարգում է: Նախատեսվում է վերանորոգել եւ դարձնել մշակութային կենտրոն: Վերանորոգումից հետո բազմաթիվ հայկական հուշարձանների, բերդերի ու եկեղեցիների օրինակով այս եկեղեցին էլ կընդգրկվի Թուրքիայի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում եւ կհամարվի «թուրքական փայլուն ճարտարապետության գլուխգործոց»:
Համաձայն պատմական աղբյուրների եւ վկայագրերիՙ հայերի զանգվածային կոտորածները Մալաթիայում սկսել են 1895-ից: Դրանք պարբերաբար շարունակվել են մինչեւ 1915 թ: Կոտորածներն ու բնիկների տեղահանման հետեւանքով 20.000 հայ բնակչություն ունեցող Մալաթիան վերածվեց քրդա-թուրքական քաղաքիՙ ժամանակի ընթացքում կորցնելով տեղացիների ստեղծած դարավոր մշակութային ժառանգությունը:
Ցեղասպանությունից հետո Հայաստան գաղթած հայերի մի խումբ հաստատվեց Երեւանում, եւ մայրաքաղաքի համայնքներից մեկն այսօր կոչվում է Մալաթիա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մալաթիա, Արեւմտյան Հայաստան
Նկար 1. Մալաթիա
Նկար 2. Մուրադ եւ Արման եղբայրները
Նկար 3. Սերդեր Բոյաջ
Նկար 4. Գերեզմանատան հարեւանությամբ ավերված նորակառույց ակումբը
Նկար 5. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, պատերինՙ թուրքական գրություններ: