«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


«ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ԲԱԿԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԲԱՐԵԿԱՐԳ»

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է բակերի բարեկարգման աշխատանքների հնարավորինս արագ ավարտելը. «Մենք հայտարարել ենք, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ եւ ծառայեն փոքրերին որպես խաղահրապարակ, իսկ մեծերի համար էլ լինեն հաճելի հանգստի գոտի: Բակային տարածքների բարեկարգումը պետք է լինի վարչական շրջանների ղեկավարների ամենօրյա ուշադրության կենտրոնում»: Նույնը նա նշել է նաեւ մայրաքաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: «Չստացվի այնպես, որ մի փոքրիկ անկյուն ներկելով համարեն, թե շքամուտք են վերանորոգել: Այս հարցում համագործակցեք նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին շքամուտքերում իրականացնեն մալուխային տնտեսության կարգավորման աշխատանքները», նշել է Տարոն Մարգարյանը:

Ի՞նչն է վերահսկել տրանսպորտի վարչության պետը

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Թե ի՞նչ խախտումների վերաբերյալ, ի՞նչն է վերահսկել տրանսպորտի վարչության պետը, դժվար է ասել, բայց որ դա որեւէ կերպ չի ազդել Երեւանի տրանսպորտի խայտառակ վիճակի վրա, ակնհայտ է ամեն քայլափոխի:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է WiFi կապով ապահովել նաեւ մայրաքաղաքի մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները:

Բարեկարգմանը մասնակից դարձնել մասնավորին

Այգիներում եւ պուրակներում գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է աշխատանքներին մասնակից դարձնել նաեւ տարածքները վարձակալած տնտեսվարողներին: Զեկուցվել է, որ համապատասխան իրավական քայլեր են ձեռնարկվել պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանող մի շարք տնտեսվարող սուբյեկտների հետ վարձակալական պայմանագրերը դադարեցնելու ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետեւողական աշխատանքը մասնավոր այն ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել մայրաքաղաքում գույքագրված եւ վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման հարցում:

Վարչական շրջանների տարածքներում իրականացվող ոռոգման համակարգի գույքագրման արդյունքում վարչական շրջաններից առաջարկություններ են ներկայացվել ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ վերականգնման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ նոր պոմպակայանի տեղադրման եւ մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարների օգտագործման միջոցով լուծվել է Տիգրան Մեծի պողոտայի կանաչ գոտիների ոռոգման հարցը:

Կարա-Բալան` նորից Աբովյան փողոցում

Քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գեղարվեստական խորհուրդը հավանություն է տվել Կարա-Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու հարցին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4