«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ 50 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ

Դեղորայքի ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ ամփոփեց դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները: Նիստում որոշվեց դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությանը`«Նատալի ֆարմ»-ին տուգանել 50 միլիոն դրամի չափով:

Նիստում տեղեկացվեց, որ հանձնաժողովը դիմում բողոք էր ստացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանից եւ Ստեփան Սաֆարյանից, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, եւ դեղերի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:

Բողոքի հիման վրա հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել եւ վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրության ընթացքում պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ եւ բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ: Մասնավորապես, հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձեւական բնույթ: Հայտնաբերվել են նաեւ դեպքեր, երբ դեղերի առուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատվություն, խաթարվել է մրցութային գործընթացը, եւ մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Ամփոփելով վարչական վարույթի արդյունքներըՙ հանձնաժողովը դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող 7 տնտեսվարողների (Նատալի ֆարմ ՍՊԸ, Եվրոֆարմ ՍՊԸ, Ռուսֆարմ ՍՊԸ, Ամիկուս ՍՊԸ, Էգդանի ՍՊԸ, Մեգի Էլ ՍՊԸ , Կամելիա ՍՊԸ, Անիկոֆարմ ՍՊԸ, Ա/Ձ Հրանտ Գեւորգյան) եւ շուրջ երեք տասնյակ բուժհաստատությունների (Երեւանի թիվ 20 պոլիկլինիկա, Երեւանի թիվ 19 պոլիկլինիկա, Սեւանի հիվանդանոց, Տաշիրի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա, Սպիտակի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա, Ստեփանավանի բժշկական կենտրոն, Երեւանի թիվ 22 պոլիկլինիկա, Չարենցավանի բժշկական կենտրոն, Վեդու ծննդատուն, Հրազդանի բժշկական կենտրոն, Երեւանի թիվ 4 պոլիկլինիկա, Վեդու բժշկական կենտրոն, Աբովյանի ծննդատուն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Իջեւանի առողջության կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վաղարշապատի հիվանդանոց, Երեւանի թիվ 5 պոլիկլինիկա, Նոյեմբերյանի հիվանդանոց, Մարտունու ծննդատուն, Աբովյանի բժշկական կենտրոն, Արարատի հիվանդանոց, Մարտունու բժշկական կենտրոն, Քաջարանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն) գործողությունները ճանաչեց որպես հակամրցակցային:

Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացի «Նատալի ֆարմից», մնացած բոլոր ընկերությունները ունեն անհամեմատ փոքր ծավալներ, եւ շատերը իբր տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներին, հանձնաժողովը որոշեց խիստ նախազգուշացում հայտարարել վերջիններիս նկատմամբ, պարտադրելով նրանց այսուհետեւ ձեռնպահ մնալ նման վարքագծի դրսեւորումից, կատարել օրենքի պահանջը` դեղորայքի եւ բուժական պարագաներ ձեռք բերել բացառապես մրցույթով:

Իսկ «Նատալի ֆարմը» տուգանվեց դեղերի ներկրման եւ իրացման ոլորտում իր զբաղեցրած գերիշխող դիրքի չարաշահման համար եւ նախազգուշացվեց հետագայում նման վարքագիծը բացառելու մասին:

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն հայտնեց «Սրզնի» ընկերությանը եւ կոչ արեց բոլոր տնտեսվարողներինՙ հետեւել նրա օրինակին եւ մրցակցային խնդիրների առնչվելիս տեղեկացնել հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրություններն այսքանով չեն սահմանափակվում, առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ:

Գերիշխող դիրքի շարաշահման համար օրենքով նախատեսվում է 5 մլն դրամից մինչեւ 200 մլն դրամ տուգանք: Այսինքն, 50 մլն դրամ տուգանքը տնտեսվարողի համար ինքնին փոքր գումար չէ, բայց եթե հաշվի առնենք, որ «Նատալի ֆարմը» պատկանում է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, ապա դա նրա համար բոլորովին էլ մեծ գումար չէ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4