Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ Յակուտիայում թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն:
Հիմնարկեքի ընթացքում թեմակալ առաջնորդը Տ. Հակոբ քահանա Սարոյանի հետ սրբալույս մյուռոնով օծել է տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը զետեղել էին աղոթատան հիմքերում: Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի հավատավոր հայորդիների բարերարությամբ:
Մեծաթիվ համայնքի հոգեւոր պահանջները բավարարելու համար դեռեւս 2001 թվականին Հայաստանից բերվել եւ ռուսական եկեղեցու բակում տեղադրվել էր մի խաչքար: Սակայն աղոթքի կանգնելու, եկեղեցու սրբազան արարողություններն ու խորհուրդներն իրականացնելու համար անհրաժեշտ էր կառուցել աղոթատուն:
Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաեւ մշակութային կենտրոն: Արդեն մի քանի տարի է բարեհաջող լույս է տեսնում քաղաքի շուրջ 5000-անոց հայ համայնքի միակ հայկական պարբերականը` «Արմյանսկի վեստնիկ» թերթը: