«Մոլորակ Հայաստան» իր գիրքն ու ընդհանրապես Հայաստան այցելության տպավորությունները «Nordwestradio»-ին տված հարցազրույցում ներկայացրել է գերմանացի լրագրող Յոխեն Մանգելսենը ` երեք շաբաթյա ճամփորդությունը էլի վերապրելու ցանկություն արտահայտելով:
«Նախկին այցելությունների ընթացքում ես մեկ անգամ եղա Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքում, որից հետո որոշեցի կրկին գալ այստեղ, բայց որպես ուխտագնաց: Եվ այսպիսով, Էջմիածնիցՙ Հայ առաքելական եկեղեցական կենտրոնից` հայկական Վատիկանից ես ճանապարհ ընկա դեպի լեռների մեջ գտնվող գողտրիկ այդ եկեղեցին», պատմել է գերմանացի լրագրողը` սեփական ուխտագնացությունը ներկայացնելով որպես «ինքնաբացահայտում, ինքնորոշում»:
Դադիվանք ուխտագնացությունը Մանգելսենը ներկայացնում է որպես խիստ անձնական մի ճամփորդություն, փնտրտուք: «Այո, դա փնտրտուք է, բայց ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում: Միայն ճանապարհին հասկացա, որ ես ճիշտ ուղղության վրա եմ: Սա այն է, ինչ ես ուզում եմ», վկայում է Մանգելսենը, որ նաեւ «Մոլորակ Հայաստան» գրքի հեղինակն է: Իսկ Հայաստանը մոլորակ է ներկայացրել պարզ մի պատճառաբանությամբ. ճամփորդության առաջին օրերին բջջային հեռախոսը կորցրած լրագրողը հայտնվել է մի օտար երկրում` առանց լեզվի իմացության, այսինքն` «մի ուրիշ մոլորակի վրա»:
Գերմանացի լրագրողի առավել խոր հիմնավորումը հետաքրքրական է այն իմաստով, որ «Հայաստան» անվանմամբ ներկայացնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայկական սփյուռքը, աշխարհի մոտ 10 մլն հայերին, Պատմական Հայաստանը, որտեղ, գերմանացու խոսքերով, հայերն ապրում էին մինչեւ 1915-ը:
Յոխեն Մանգելսենի խոսքերովՙ «Այս ամենը միավորվում են Հայաստան անվան տակ, դա այնքան բարդ ու մեծ գաղափար է, որ, կարծում եմ, «մոլորակը» ամենահարմար բնորոշումն է», ասվածին ավելացնելովՙ Հոլոքոսթն ընդունվում ու դատապարտվում է, բայց դրանից ավելի վաղ տեղի է ունեցել «եւս մեկ կոտորած` հայերի Մեծ եղեռնը (Գենոցիդ), որը գերմանացիներս ոչ միայն չենք խանգարել, այլ նաեւ, այսպես ասած, ողջունել ենք»:
Գերմանացի լրագրողի բնորոշումները, ինչպես ինքն է խոստովանում, ինքնաբերաբար են ստացվում. հրաշքների երկիր, ուր այցելողները կախարդվում են, երկիր` հնագույն մշակույթի, առասպելների, իրադարձությունների: «Սա կախարդիչ մի երկիր է, որտեղ գտնվում է կախարդական լեռ Արարատը, որը հայերի կարոտի լեռն է. Հայաստանի սահմանից դուրս էՙ Թուրքիայի տարածքում... Հայկական եկեղեցիները կրթական կենտրոններ են եղել: Շատերը նրանցից ավերվել են, մնացածըՙ բավականին լավ պահպանվել կամ վերանորոգվել: Հայ առաքելական եկեղեցին ամենապահպանողական եկեղեցիներից մեկն է, բայց մարդիկ շատ բացսիրտ եւ բարեհամբույր են»:
«Ես նրանց կասեմՙ պարզապես գնալ եւ տեսնել այդ հրաշքների երկիրը», զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս գերմանացի լրագրողը:
Ա. Հ.