«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՆԴՈՐՐԱՅԻ ՀԵՏ ԴԺՎԱՐԻՆ ԽԱՂ Է ՍՊԱՍՎՈՒՄ»

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականը կհյուրընկալի 3-րդ խմբի բացահայտ հետնապահ Անդորրայի ընտրանուն, որը բոլոր 7 հանդիպումներում էլ պարտվել է: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 20-ին: Ավանդույթի համաձայն խաղի նախօրեին երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը «Հանրապետական» մարզադաշտում հանդիպեց լրագրողներին:

Նա տեղեկացրեց, որ ուսումնամարզական հավաքն անցնում է ծրագրին համապատասխան, բոլոր 25 ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղադաշտ դուրս գալու: Իսկ թե ովքեր կընդգրկվեն խաղի հայտացուցակում, պարզ կդառնա այսօր առավոտյան: Մեծ թվով ֆուտբոլիստների ընդգրկումն ուսումնամարզական հավաքում գլխավոր մարզիչը բացատրեց այն բանով, որ նրանցից ոմանք իրավունք ունեն մասնակցելու նաեւ ընտրական հաջորդ մրցափուլին, ուստի այժմվանից հարկավոր է նրանց ծանոթացնել հավաքականի մթնոլորտին: Ըստ Ռաֆայել Նազարյանի, հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են: Ճիշտ է, Մասիս Ոսկանյանի եւ Գեւորգ Բադալյանի համար արտերկրի առաջնություններն արդեն ավարտվել են, սակայն նրանք մարզումների շնորհիվ պահպանել են իրենց մարզավիճակը:

Ռաֆայել Նազարյանը նշեց, որ Անդորրայի հավաքականի հետ անցած տարի կայացած հանդիպումը մեր ընտրանու ամենադժգույն խաղն էր, որում հաղթանակը շատ դժվարությամբ տրվեց: Ուստի մարզիչն իր սաներին զգուշացրել է, որ անդորրացիների հետ խաղը դժվար է լինելու, ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել մրցակցին: Ընդհանրապես մեր ֆուտբոլիստների համար միշտ էլ դժվար է զանգվածային պաշտպանությանն ապավինող թիմերի դեմ խաղալը: Ուստի մարզիչը գտնում է, որ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է դրսեւորել կենտրոնացվածություն, տրամադրվածություն ու գործել մեծ արագությամբ:

Հետադարձ հայացք գցելով ընտրական մրցաշարում մեր հավաքականի անցած ուղուն, գլխավոր մարզիչը նշեց, որ հաջող մեկնարկից հետո խաղային անկում նկատվեց Չեխիայի եւ Ուելսի հավաքականների հետ անցկացրած վերջին 2 հանդիպումներում: Պատճառներից մեկը ֆուտբոլիստների հոգնածությունն էր, մանավանդ որ այդ խաղերը կայացան ընդամենը 4 օրում: Այդ հանդիպումները նաեւ ցույց տվեցին, որ հավաքականն այնքան էլ լիարժեք փոխարինողներ չունի, որոնք ունակ լինեն ուժեղացնելու խաղը: Մարզիչը չբացառեց, որ առաջիկայում երիտասարդական հավաքականում հնարավոր է նոր ֆուտբոլիստներ հայտնվեն: Նա շատ կարեւորեց ընկերական հանդիպումների կազմակերպումը, որը մինչեւ օրս չի հաջողվում իրականացնել: Նազարյանը հույս հայտնեց, որ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ կհաջողվի գոնե մեկ ընկերական հանդիպում անցկացնել:

Անդրադառնալով Եվրո-2012-ում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակիցների խաղին, Ռաֆայել Նազարյանը նկատեց, որ Իտալիան իր կարծիքով վերջին 10 տարիների լավագույն հավաքականն ունի այժմ: Գլխավոր մարզչին առայժմ ամենաշատը դուր է եկել Իտալիա-Իսպանիա խաղը: Դանիայի հավաքականը շատ կազմակերպված, արագ գործող թիմ է, իսկ չեխերի մասին ընդհանուր կարծիք Ռաֆայել Նազարյանը դեռեւս չի կազմել: Ըստ նրա ռուսների դեմ չեխերը լավ չխաղացին, չկարողացան դրսեւորել խաղային իրենց որակները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4