«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՆՇԱՆԸ

Միջադեպերի հետաքննության մեխանիզմ չի մշակվի, քանի դեռ Ադրբեջանը «հա» ու «չէ» է անում

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ուժի կիրառման անթույլատրելիության մասին հայտարարում, ապա սեփական հայտարարությունները վերահաստատում են հակամարտություններին այս կամ այն կերպ առնչվող գրեթե բոլոր կառույցները, սակայն վերահաստատումների ֆոնին ուժի կիրառման «գայթակղությանը» չդիմացող Ադրբեջանին ուղղված հստակ բնորոշումներ ու գնահատականներ այդպես էլ չեն հնչում, ավելին, հավասարության նշանը մնում է այն հիմնական մոտեցումը, որի հետեւում ամենայն հանգստությամբ թաքնվում են բոլոր պատասխանատու եւ ուղղակի առնչություն ունեցող կառույցները:

Հերթական անգամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին երեկ Երեւանում հայտարարել է տարածաշրջանային այցով Հայաստան այցելած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:

Վերջին օրերի միջադեպերի առնչությամբ էլ հակամարտության կարգավորման իռլանդական փորձը ղարաբաղյանին փոխանցելու պատրաստակամությունն այդպես էլ որոշակի ոչ մի քայլով չդրսեւորած Գիլմորը հայտարարել է, թե կողմերը պետք է ձեռնպահ մնան ինչպես ուժի ու դրա սպառնալիքի կիրառումից, այնպես էլ պատասխան գործողություններից: Արդեն Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերովՙ Հայաստանը կողմ է եղել եւ մնում այս մեխանիզմի ստեղծմանը: Նալբանդյանի հիշեցմամբՙ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համապատասխան դրույթներ են պարունակվում համապատասխան հայտարարությունների մեջ, որոնք արել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում` 2011 թ. մարտին եւ 2012 թ. հունվարին:

Միջադեպերի հետաքննության մեխանիզմ մշակելու ու գործարկելու հարցում էլ պատրաստակամ Իռլանդիան թերեւս պետք է հաշվի առնի, որ Ադրբեջանի հետ դժվար է պայմանավորվել, քանի որ մի հանդիպմանը ինչ-որ հարցին համաձայնություն տված Ադրբեջանի նախագահը մինչեւ հաջորդ հանդիպում «հիշողության կորուստ» է ունենում` բանակցությունների հերթական հանդիպմանը ներկայանալով «առաջարկների նոր փաթեթը թեւատակին»:

Իռլանդացի դիվանագետի` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առնչությամբ հակամարտող կողմերին ուղղված կոչն էլ արդեն զուտ կրկնությունների շարքից է այն պարզ դատողությամբ, որ հայկական կողմը քանիցս դրական պատասխան է տվել դրան, մինչդեռ Ադրբեջանում այդ հարցին նախընտրում են լռությամբ ու արհամարհանքով վերաբերվել:

Ամեն դեպքում, Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահը հույս է հայտնել Փարիզում հունիսի 18-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առնչությամբ, թեեւ, ամենայն հավանականությամբ` այսօրինակ հույսեր կապելը արտգործնախարարական հանդիպման հետ, երբ չեն իրականացվում համանախագահող երկրների նախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով արվող հայտարարությունները, մի քիչ անլուրջ է:

Դավութօղլուի «ռասիստական հոտ»-ով հայտարարության առնչությամբ

Թուրքիայի արտգործնախարարի` ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ մտահոգություն հայտնելու ու «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին հայկական կողմի անարձագանք վերաբերմունքի» մասին հայտարարությունն էլ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը մեկնաբանել է այսպես. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունից, թե իբր ինքը մտահոգված է վերջին միջադեպերի միայն ադրբեջանցի զինվորների կորստից, ռասիստական հոտ է գալիս»:

«Երբեւէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքներից հայ զինծառայողների սպանություններով», ասել է Էդվարդ Նալբանդյանը , ավելացնելով, որ միջազգային հանրության կողմից արյունալի միջադեպերի դատապարտման ու ուժի կիրառումից զերծ մնալու կոչերի կողքին «թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները փաստորեն խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները»:

Հայաստանի արտգործախարարը շեշտել է, որ երբ Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաեւ մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներիՙ դիպուկահարների դուրսբերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկները, «թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա եւ ձեւացնում է, թե իբր տեղյակ չէՙ ում պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանումՙ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հարցում»:

«20 տարի առաջ, երբ Հայաստանը դեմ չեղավ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը որպես անդամի, որոշ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան անաչառ կլինի եւ կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը», ընդգծել է Նալբանդյանը, հավելելով, որ այդ նույն 20 տարիները ցույց են տվել, որ Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաեւ իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Նալբանդյանի համար հարց է առաջանում. «Ադյոք համատեղելի՞ է Թուրքիայի նմանատիպ կեցվածքը Մինսկի խմբի անդամ լինելու հետ»:

Գիլմոր-Սահակյան հանդիպում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը, նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: Ըստ Սահակյանիՙ հիմնախնդրի կարգավորման կարեւոր խոչընդոտներից է Ադրբեջանի վարած ռազմատենչ եւ հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի:

Արցախի Հանրապետության նախագահը կարեւորել է ԵԱՀԿ գործող նախագահիՙ Արցախ այցելելու եւ տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4