Պենռոուզի եւ Գուրզադյանի հայտնագործությունը
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Պենռոուզը եւ հայ աստղագետ Վահագն Գուրզադյանը պնդում են, որ գտել են այսպես կոչված գոյության ապացույցներ: Գիտնականներն այդ պայթյունը համարում էին իրարից հեռացող գալակտիկաների համակարգը գոյացրած պայմանական իրադարձություն, գրում է «Դեյլի մեյլ» թերթը:
Գիտնականների հետեւություններն արված են տիեզերքի ճառագայթային ֆոնի ուսումնասիրության հիման վրա: 2001-ին արձակված հատուկ WMAP զոնդը վերլուծում է Մեծ պայթյունի «արձագանքը»ՙ միկրոալիքային ֆոնային տիեզերական ճառագայթումը (մնացուկային ճառագայթում): Ըստ այդմ 3 տարի առաջ WMAP-ը տիեզերքի տարիքը գնահատեց 13,7 միլիարդ տարի:
Պենռոուզի եւ Գուրզադյանի խոսքերով, իրենց հաջողվել է գտնել համակենտրոն շրջանների 12 օրինակ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է ինտենսիվ ճառագայթման 5 օղակից: Նման օղակներ առաջանում են գալակտիկաների խմբերի շուրջը եւ ցույց տալիս տիեզերքի սեղմման եւ ընդարձակման իրարահաջորդ պրոցեսները:
Պենռոուզի «ցիկլային կոսմոլոգիայի» տեսության համաձայն, տիեզերքի պատմությունը շատ ավելի հին է, քան ենթադրվում էր: Փաստորեն այն կազմված է հերթափոխվող իրադարձությունների շղթայից. սկզբում գերզանգվածեղ «սեւ անցքը» կլանում է տիեզերքը, կուտակելով վիթխարի էներգիա, ապա տեղի է ունենում նոր Մեծ պայթյուն:
Հայտնաբերված գրավիտացիոն ռադիացիոն ալիքները, գիտնականների կարծիքով, վկայում են, որ անցյալում եղել են այդ գերզանգվածեղ «սեւ անցքերը», որոնք «սպանում են» տիեզերքը, ապա պայթելովՙ հանգեցնում են գալակտիկաների նոր համակարգի առաջացմանը: