Վրաստանի նախագահի աշխատակազմը ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ վերջին իրադարձությունները մեկնաբանելուց: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն հերթական ճեպազրույցի ժամանակ:
«Գրուզիա օնլայն» կայքէջի տեղեկացմամբՙ Սաակաշվիլու մամուլի խոսնակը հայտարարել է, որ պարբերաբար տեղեկություններ են ստանում «ԼՂ-ում իրադարձությունների առնչությամբ, սակայն այս փուլում մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից»:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարությունում, սակայն, ձեռնպահ չէին մնացել մեկնաբանություններից, ավելին, մեկնաբանություններն արվել են այնպիսի ձեւակերպումներով, որոնք չեն համապատասխանում ղարաբաղյան հակամարտության ընդունված մոտեցումներին: Վրաստանի նախագահի աշխատակազմի դեպքում էլ, ճիշտ է, ներկայացվել է, թե տեղեկություններ ստանում են, սակայն Սաակաշվիլու մամուլի խոսնակը մոռացել է նշել, որ ադրբեջանական դիվերսիաներ են իրականացվել նախ Հայաստանի նկատմամբ, այլ ոչ թե միայն Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:
Ամեն դեպքում, առավել զավեշտալի է, որ վրացական աղբյուրները, ադրբեջանական մամուլին հղում անելով, տարածել են «հիշեցում», թե «ադրբեջանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղում երկու գյուղ են զբաղեցրել», ասել է թեՙ վերցրել հսկողության տակ:
Այո, միշտ չէ, որ ցանկություններն ու իրողությունները համընկնում են, հատկապես երբ խոսքը ադրբեջանական «պանծալի բանակի» «ցնցող հաջողությունների» մասին է:
Ա. Հ.