«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


«ԲՐՅՈՒՍՈՎԸ» ՆՈՐ ՌԵԿՏՈՐ ՈՒՆԻ, ՍԱԿԱՅՆ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

22 «կողմ», 1 «անվավեր» արդյունքներով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվեց մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: «Поздравляем», «Поздравляем»: Հենց այս բացականչություններով, ծափահարություններով ու կարմիր վարդերով մի քանի տասնյակ կին դասախոսներ շենքից դուրս եկող նորընտրին ռեկտորին դիմավորեցին, ողջագուրվեցին ու նվիրեցին ծաղկեփնջերըՙ ստանալով հրաշալի շոուի կատարյալ ավարտ: Գասպարյանը երջանիկ էր, հուզված, թեպետ նոր պաշտոնը չպետք է անակնկալ լիներ իր համար, որովհետեւ խնդրի սկզբից էլ արդեն հայտնի էր, որ նա է զբաղեցնելու ռեկտորի պաշտոնը:

Գասպարյանի ներկայացմամբՙ ինքը դրածո չէ, ունի հստակ կանոններ, դիրքորոշում եւ բուհի զարգացման ծրագիր է ներկայացնելու:

Գասպարյանին շարունակում է դրածո համարել Բրյուսովի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, որն այսօր մամուլի ասուլիս է հրավիրելու եւ խոսելու ռեկտորի ընտրությունների մասին:

Ի դեպ, բուհում դեռեւս շարունակում է պառակտումը: Երբ ընտրված ռեկտորի կողմնակիցներըՙ գասպարյանականները, տոնում էին հաղթանակը, զոլյանականների կողմնակիցներըՙ «Ազատ ուսանողների ֆորումի» անդամները, պատրաստվում էին արհամարհանքի պիկետ անցկացնել ընդդեմ նորանշանակ ռեկտորի: Նրանք հանդես են գալու բուհի ռեկտորի ընտրությունների ոչ լեգիտիմության մասին հայտարարությամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4