«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԼՐՋՈՐԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՅԱՆ

Հավանաբար ԱԱԾ երեկվա հայտարարությունը հապճեպ արձագանքն է մեկ օր առաջ Վարդան Օսկանյանի տարածած հայտարարության, այլապես այդպիսի շտապողականության խնդիր չէր առաջանա` պարզաբանում առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումների եւ այդ առթիվ հարուցված քրեական գործի մասին: Այ, այ, այ... Օսկանյանը, փաստորեն, մեր օլիգարխներին տվեց-անցավ, փող է «լվանում», մինչդեռ մերոնք հակամրցակցային համաձայնությամբ սովորական փող են շինում ընդամենը` անմեղ բան, ու մերոնց էլ գերիշխող դիրքի չարաշահման համար միայն մի թեթեւ տուգանում են...

Ուրեմն, ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունից իմանում ենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին քրեական գործ է հարուցել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ ստանալու (փողերի լվացում) փաստով: Իրականացվում է նախաքննություն` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մատերիալս» եւ «Հանթսման ինթերնեշնլ» կորպորացիաներին պատկանող եւ Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 մլն դոլարով փաստացի վաճառելու, բայց ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում գործարքը հարկային մարմին չներկայացնելու, դրանից առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից 1 մլն 135 հազ. դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու եւ այդ գումարը «Սիվիլիթասի» նախագահ Վարդան Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշիվներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով: Չէ, համաձայնեք, սրանից կարծես լուրջ մեղադրանքի հոտ է գալիս:

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը 2011 թվականի համար ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր մատերիալս» եւ «Հանթսման ինթերնեշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն դոլարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել:

Եվ, ուրեմն, հարկային ստուգումներով, ապրանքագիտական փորձաքննությամբ, հարցաքննություններով եւ այլ քննչական գործողություններով պարզվում են հանգամանքները` օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն իրականացնելու համար, հայտնում են ԱԱԾ-ից:

Ինչ կարելի է ասել:

Նախ արձանագրենք մի քանի փաստ, որոնք աչքի դեմ են գալիս հենց միայն ԱԱԾ տեքստը կարդալիս: Քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին, երբ պարզ դարձավ, որ Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվում է ԱԺ մանդատից, Վ. Օսկանյանը` ոչ: Երկրորդ` 2011 թվականի բացթողումները 2012 թվականին 4-5 ամիս իրավասուները չեն նկատել, ու հանկարծ հետընտրական շրջանում, երբ Օսկանյանը ակտիվորեն իշխանությունների հասցեին շարունակում էր քննադատություն հնչեցնել, ինչպես եւ նախընտրական շրջանում, երբ խորհրդարանի քթի տակ է կառավարության ծրագիրը հաստատելու հարցը, հոպ, Օսկանյանին ծանր մեղադրանքների հեռանկարով հարցաքննում են (արդյո՞ք Տիմոշենկոյի հանդեպ հաջողությամբ իրականացված քրեական հետապնդումը ոգեւորիչ օրինակ կարող է լինել նաեւ մերոնց համար):

Մեր վերահսկիչ պալատը միլիոնավոր դրամների ֆինանսական չարաշահումներ է բացահայտում ամեն տարի, սակայն բացահայտվողներին ոչ թե դատախազություն կամ ԱԱԾ են քարշ տալիս, այլ ընդամենը ստիպում են «աշխատանքով, գումարով կամ բարտերով» վերականգնել գողացածը: Ահա այս բոլորից հետո արի ու հավատա «փողերի լվացմանը»: Չնայած` մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, եւ ոչ ոք դրան դեմ լինել չի կարող: Սակայն, կարծում ենք, ով` ով, ԱԱԾ-ն ամենից լավ գիտի, թե ո՞նց են երկիրը աջուձախից այս խնդիրը շահարկելով ցեխի մեջ մտցնելու: Եվ ամենավերջին, բայց ինչու` ամենաառաջին աչքի զարնող հանգամանքը. եթե ԲՀԿ ցուցակի երկրորդ մարդուն այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում, ապա ինչո՞ւ չի արտահայտվում ԲՀԿ առաջին մարդը, արդյո՞ք այն պատճառով, որ ոչ հրապարակայնորեն նա իր տեսակետներն այս հարցի հետ կապված արդեն արտահայտել է: Հիշեցնենք, որ ինքը` Օսկանյանը, մեկ օր առաջ հայտարարել էր, որ այս ողջ գործընթացի տակ քաղաքական պատվեր է տեսնում: Ու հասարակ մարդու մտքում առաջին զուգահեռը որ ծնվում է` ոչ թե այն է, թե վայ, Օսյկանյանը փող է կերել ու հարկ չի տվել, այլ այն, որ «դեմը նախագահական ընտրություններ են, ու մի հավակնորդի շարքից հանում են»: Մնում է ենթադրել, թե արդյո՞ք տեղի ունեցողի հետ կապված գլոբալ դիմակայություն չի արձանագրվի (ասենք` նույնիսկ Սարգսյան-Քոչարյան մակարդակի), թե՞ բոլորը հանգիստ կնայեն, թե ինչպես են Օսկանյանին հանձնում: Կամ գուցե ավելի հեռուն գնացող գործընթացների մեկնարկ է տրվում...

Հ. Գ. - Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը որեւէ քաղաքական ենթատեքստի առկայություն չի տեսել տեղի ունեցողում. «Խոսքն այն մասին է, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ: Եվ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ, որպեսզի, եթե կան տեղեկատվություններ, որոնք անհրաժեշտ է ստուգել, որպեսզի ստուգենք եւ վստահ լինենք, որ որեւիցե ռիսկեր այդտեղ չկան: Եվ որեւիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Տիգրան Սարգսյանը:

Երեկ ավելի ուշ հայտարարություն տարածեց նաեւ Վարդան Օսկանյանը, որը նշել էր, թե ԱԱԾ հայտարարությամբ փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ. «Կրկնում եմՙ դա միանշանակ քաղաքական պատվեր է, եւ ուզում եմ ասել հետեւյալըՙ «փողերի լվացում-Օսկանյան-Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:

Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ եւ «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որեւէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործելու իր հայեցողությամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար»:

Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի», ավարտել է իր հայտարարությունը Վ. Օսկանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4