«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՎԱԽԻՑ Է

Ֆերնան դը Վարենը հավանական է համարում, որ Չախալյանի գործը ՄԻԵԴ-ում կարող է հանգուցալուծվել Վրաստանի կողմից մարդու իրավունքների խախտման որոշմամբ

2006-ից, հատկապես նաեւ 2008-ից հետո Վրաստանում շատ անհատներ են խնդիրներ ունենում իշխանությունների կողմից, ընդ որում` այդ անհատները ինչպես քաղաքական գործիչներ են, փոքրամասնությունների առաջնորդներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ լրագրողներ, լուսանկարիչներ, որոնց զգալի մասին ներկայացվող հիմնական մեղադրանքը լրտեսությունն է:

Այսպիսին է այսօրվա Վրաստանում տիրող իրավիճակի համատեքստը, որում հարկ է դիտարկել նաեւ ջավախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի դեպքն ու այդ առնչությամբ արվող քայլերը, որոնցից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան սպասվող դիմումն է, քանի որ վրացական արդարադատության բոլոր ատյաններում սպառվել են արդար դատավարության իրավունքի իրացման կարողությունները եւ հնարավորությունները:

«Երկիր» միության նախաձեռնությամբ Չախալյանի ձերբակալության ու դատավարության քաղաքական-իրավական ասպեկտները ներկայացնող «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցի հեղինակ, միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը երեկ «Հենարան» ակումբում վերը նշվածով ներկայացրեց զեկույցի պատրաստման համատեքստը:

Նրա ներկայացմամբՙ Վրաստանում անգամ կան դեպքեր, երբ մարդկանց մեղադրանքներ են առաջադրել Եվրոպայի խորհրդի` փոքրամասնությունների իրավունքների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ հանդիպումների համար: Ասել է թեՙ Չախալյանի դեպքը նման մի երկրում հատկապես պետք է ուշադրության արժանանար, հատկապես որ փոքրամասնությունների իրավունքները մարդու իրավունքների մաս են կազմում, իսկ արդար դատավարության իրավունքն ընդհանրապես ունի մեծ կարեւորություն:

Այս իրավունքի խախտումն ընդհանրապես գնահատվում է 7 ասպեկտներով, ընդ որում` մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գործերով լինում են այդ ասպեկտներից 1-2-ը այն դեպքում, երբ ըստ մարդու իրավունքների փորձագետի` Չախալյանի դատավարության պարագայում առկա է 7-ից 4-ը` ինքն իրեն պաշտպանելու մեղադրյալի իրավունք, իրավունք դատարանում հարցաքննելու վկաներին, ունենալու իրավական խորհրդատու` սեփական ընտրությամբ, եւ ունենալու թարգմանիչ:

«Ազգը» Չախալյանի ողջ դատավարության ընթացքում ներկայացրել է այն բազմաթիվ խախտումները, որ իրականացվում էին վրացական արդարադատությունը ներկայացնող անձանց կողմից, ուստի համամիտ ենք, որ ՄԻԵԴ-ում Չախալյանի գործով մեծ է հավանականությունը, որ Վրաստանը կճանաչվի խախտում իրականացնող ու կարող է փոխհատուցում վճարելու պահանջի պարտադրանքի տակ հայտնվել: Ամեն դեպքում, պետությունները, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, նախընտրում են միջազգային դատարան չհասցնել գործերը, այլ հարցերը կարգավորել պայմանավորվածությունների տեսքով, ինչն էլ երաշխիք է դատարանի եզրակացության դեպքում իրավիճակի որոշ փոփոխություն ակնկալելու համար:

Առավել կարեւոր է, որ, փորձագետի խոսքերով, Չախալյանի դեպքի` ՄԻԵԴ-ում քննությունը լինի եզակի դեպք, որի պարագայում միջազգային դատարանը գուցե քննարկի եւ մեկնաբանի Վրաստանի կառավարության կողմից այդ երկրի փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների հանդեպ վերաբերմունքը: Եվ դա նաեւ փաստված է Ֆերնան դը Վարենի նախկինում պատրաստված մեկ այլ զեկույցով, որը վերաբերում էր փոքրամասնությունների հանդեպ Վրաստանում առկա խտրականությանը:

«Վրաստանում հայերի նկատմամբ բավականին բացասական վերաբերմունք կա, բայց դա չարությունից չէ, այլՙ վախից: Դուք գիտեք Վրաստանի պատմությունը, ինչը ես էլ գիտեմ», եզրափակեց Ֆերնան դը Վարենը, հավելելով, որ Վրաստանում գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները ունեն խնդիրներ, ունեն խնդիրներ նաեւ կրոնական փոքրամասնությունները, որոնց հարցերին փորձագետը թերեւս անդրադառնա ապագայում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4