«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՖԻՔՐԵԹ ՍԱԴԻԽՈՎԻ «ԴԱՍԵՐԸ» ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ

ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն հարեւան երկրում դժվարանում են կողմնորոշվել` իրենց համար դա դրակա՞ն էր, թե՞ ոչ: Միաժամանակ էլ վարչախումբը թեման «թեժ է պահում»: Հակառակ դեպքում հասարակությունը տպավորություն կունենա, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն ընդհանրապես ձախողվել են: Այս իմաստով հետաքրքրական էր քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովի հարցազրույցը 1news.az-ին: Իբրեւ Քլինթոնի հայտարարություններից «կարեւորագույն», քաղաքագետն առանձնացրել է, որ պետքարտուղարը «հիշել է Հելսինկիի համաձայնագիրը (՞- Վ. Ա.), որն, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի շահերին»:

Միտքն այստեղ պարզ չէ` Քլինթոնի «հիշե՞լն է Ադրբեջանի շահերին համապատասխանում, թե՞ Հելսինկյան համաձայնագիրը»: Ըստ երեւույթին` ոչ մեկը, ոչ մյուսը, քանի որ քիչ հետո Սադիխովն անցնում է Հելսինկյան եզրափակիչ ակտի «մեկնաբանությանը» եւ առանձնացնում, որ այն «իր ժամանակին հռչակել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման, Եվրոպայում սահմանների անձեռնմխելիության անհրաժեշտությունը, հայտարարել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, բայց` այն պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում, որտեղ նրանք ապրում եւ ապրել են: Դա Ադրբեջանի համար շատ կարեւոր է»:

Այս հարցում ադրբեջանական կողմի հետ բանավիճելու առիթներ նախկինում եւս ունեցել ենք: Ուշադրություն դարձնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտում ինքնորոշման իրավունքը ձեւակերպված է որպես «հավասարության եւ ժողովուրդների` իրենց ճակատագիրը տնօրինելու սկզբունք»: Սա ինքնին նշանակում է, որ բոլոր ժողովուրդները իրավահավասար են եւ կարող են ինքնուրույնաբար տնօրինել իրենց ճակատագիրը:

Ընդ որում, Եզրափակիչ ակտում սույն ընդհանուր իմաստը մասնավորապես բացատրված է. «Ելնելով հավասարության եւ ժողովուրդների` իրենց ճակատագիրը տնօրինելու սկզբունքից, բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն կատարյալ ազատության պայմաններում, երբ եւ ինչպես իրենք են ցանկանում, որոշելու իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց դրսից միջամտության եւ իրենց հայեցողությամբ իրականացնելու սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեւոր զարգացումը»:

Ինչպես տեսնում ենք, ոչ մի հղում չկա «ինքնորոշման իրավունքը պետության տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացնելու» մասին: Սադիխովի «մեկնաբանության» մեջ, սակայն, մի այլ ակնարկ կա: Նա խոսում է «ժողովուրդների` որեւէ պետության տարածքային ամբողջականության շրջանակներում ապրելու կամ ապրած լինելու» մասին: Դա ակնհայտորեն նենգախոսություն է, եւ նկատի է ունենում, որ Եզրափակիչ ակտի համաձայն «Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում պետք է նախկինում այնտեղ ապրած ադրբեջանցիներն էլ ինքնորոշվեն»:

Սա, ինչպես ասում են, հին եւ ձանձրալի «երգ» է, որի պատասխանը հետեւյալն է. Բաքվի 207 000 (խորհրդային վերջին` 1989 թ. մարդահամարի տվյալներով) հայությունը նույնպես իրավունք ունի վերադառնալու եւ իրացնելու ինքնորոշման իրավունքը, եւ այդ դեպքում Ադրբեջանի մայրաքաղաքը կկիսվի: Էլ չենք խոսում Շամքորի, Խանլարի, Դաշքեսանի, Իսմայիլլիի եւ այլ շրջանների ու առանձին քաղաքների, մասնավորապես Գանձակի, հոծ եւ համահավաք հայ բնակչության մասին, որին ոչ ոք չի կարող զրկել Ադրբեջանի «տարածքում» ինքնորոշվելու իրավունքից:

Բայց դառնանք գլխավորին: Ադրբեջանցի քաղաքագետը, «հիմնավորապես մեկնաբանելով» Հելսինկյան եզրափակիչ ակտը, անցնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարից դժգոհություններին: Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարության դեմ ակնհայտ հանդես գալու քաջություն նա չունի: Սադիխովը գերադասում է «ափսոսանքի» հնարանքը: Ըստ նրա` պետքարտուղարը, խնդրի կարգավորման բացառապես խաղաղ-բանակցային ճանապարհի մասին խոսելիս «նույն հարթության վրա է դնում կողմերին»: Ավելին, նա «կարող էր խոսել ադրբեջանական հողերից «օկուպացիոն զորքերը դուրս բերելու» (չակերտները մերն են - Վ. Ա.) մասին, մինչդեռ ասածներից (Քլինթոնի) տպավորություն է ստեղծվում, թե կողմերը գտնվում են հավասար մակարդակի վրա»:

Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմի հիասթափությունը ԱՄՆ պետքարտուղարի այցից բավական մեծ է, եթե վարչախումբն արտոնել է, որ «քաղաքագիտական վերլուծությունների մակարդակով» դա դրսեւորվի: Սա շատ էական է թվում զինադադարի գոտում լարվածության պատճառները գնահատելու հարցում: Ակնհայտ է, որ լարվածություն ստեղծվել է, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարը, գտնվելով տարածաշրջանում, կոչ անի «հեռացնել օկուպացիոն զորքերը»: Իսկ երբ դա տեղի չի ունեցել, Բաքվում իշխող վարչախումբն սկսել է «դասեր տալ» Հիլարի Քլինթոնին, թե ինչ եւ ինչպես պիտի ասի: Պետք է սպասել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը բավական կոշտ կարձագանքի ադրբեջանական «դեմարշին», եւ կլինեն նոր բացահայտումներ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4