«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ԶԱՀԻԴ ՕՐՈՒՋԵՎԻ «ԷԿԶՈՏԻԿԱՆ»

Չէ, Աստված հաստատ մեզ մշտապես զվարճացնելու համար է ադրբեջանցիներին «հարեւան բերել»: Ի՜նչ չարժե, օրինակ, Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջեւի ասածը, որ «մշտապես խախտելով հրադադարի ռեժիմըՙ Հայաստանը փորձում է ստիպել, որ Ադրբեջանը անդամակցի ՀԱՊԿ-ին եւ Եվրասիական միությանը»:

Կարծես Հայաստանը հոգս չունի, քնում եւ արթնանում է` մտահոգված լինելով, թե Ադրբեջանը ինչո՞ւ չի անդամակցում ՀԱՊԿ-ին: Դե, իսկ Եվրասիական միության մասին Օրուջեւի ասածն առհասարակ բանականությունից էլ դուրս է, քանի որ նման «միություն» դեռեւս գոյություն չունի: Զավեշտը` զավեշտ: Բայց ի՞նչն է ստիպել, որ ադրբեջանցի խորհրդարանականն իրեն հիմարի տեղ դնի:

Նրան, ամենայն հավանականությամբ, հանձնարարվել է ասել, որ զինադադարի շփման գծում լարվածությունը «հրահրվել է Ռուսաստանի կողմից», իսկ «քաջարի» Օրուջեւի լեզուն վերջին պահին «փաթ է ընկել» եւ սկսել է անհոդաբաշխ հնչյուններ արտաբերել: Հապա ի՞նչ եք կարծում, հե՞շտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հասցեին նման անպատասխանատու, անհիմն մեղադրանք հնչեցնել: Իհարկե` ոչ:

Դրա համար էլ Օրուջեւը ծամածռություններ է անում, թե «պատերազմը ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանը եւ Ադրբեջանին (՞- Վ. Ա.), որովհետեւ այդ դեպքում տարածաշրջանային կայունությունը կվտանգվի, որը բացասաբար կանդրադառնա նրանց նավթային հետաքրքրություններին»: Սա հիմնականում ճիշտ է, եթե, իհարկե, պատերազմ չցանկացող սուբյեկտների շարքից Ադրբեջանը հանվի:

Թե չէ ստացվում է, որ մեկուկես միլիարդ դոլարի նորագույն զենք եւ սպառազինություն գնվում է, որպեսզի իր նստավայրում Իլհամ Ալիեւը ապահով զգա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա ամիսը մեկ պարբերականությամբ հպատակների լուռ բազմությանը «հավաստիացնում, որ ամեն գնով հողերը կազատագրվեն»: Իլհամ Ալիեւը սուտասա՞ն է, խաբո՞ւմ է ժողովրդին:

Կամ մեկն է, կամ` մյուսը: Երրորդ տարբերակ գոյություն չունի: Օրուջեւն ինքը բազմիցս «սպառնացել է», «ահազանգել», որ եթե բանակցությունները ցանկալի արդյունքի չբերեն, «Ադրբեջանը պատերազմ կսկսի»: Ի՞նչ է պատահել այդ «խիզախ» մեջլիսականին: Անձամբ նրան ոչինչ էլ չի պատահել: Ուղղակի դիվերսիոն գործողություններն ստացել են արժանի հակահարված, եւ «անպարտելի բանակի» առասպելը հօդս է ցնդել: Մենք չենք ասում, «Զերկալո»-ի լրագրողուհին է վկայում, որ Գերանբոյի շրջանի Թափ-Գարագայունլու (՜ի~նչ էլ անուն են գտել) գյուղի «բնակչության կեսը վերջին օրերին հեռացել է»:

Գուցե վախից է Զահիդ Օրուջեւի լեզուն «փաթ ընկել»: Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս, որ մեջլիսականը Բաքվի դրոշի հրապարակում «մնջախաղի թատրոն» բացի: Հեռու չէ օրը, երբ ադրբեջանական հանրությունը նմանների վզակոթին կտա-կհեռացնի իշխանությունից: Իսկ «քյոսա» կոչված ծաղրածուն ադրբեջանական ժողովրդի սիրելին է, մարդիկ նմաններին վերաբերվում են սրտառուչ գթաշարժությամբ: Օրուջեւը հաստատ դրան արժանի է:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4