«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍՎԵԼՈՒ

Ըստ «Կասպերսկիի լաբորատորիայի»ՙ մեր երկիրը համակարգչային վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնություն ունի

Կառավարության հաստատմանը վաղը կներկայացվեն համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Հարցը, որը ներկայացնելու է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հրատապ է, նկատի ունենալով տեխնոլոգիական զարգացմանը եւ համակարգչայնացման ընդլայնմանը զուգահեռ կիբեռհանցագործությունների ավելացումը:

Եթե մի քանի տարի առաջ վիրուսների մեծամասնությունը սահմանափակվում էր համակարգչային սկավառակների եւ ծրագրերի աղտոտմամբ, ապա այժմ դրանք փոխել են իրենց բնույթըՙ դառնալով ավելի մեծ սպառնալիք: Մասնավորապես, վնասակիր ծրագրերը գրվում են անօրինական ճանապարհով այլ համակարգիչների օգտագործմամբ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հետեւաբար, անհրաժեշտ է կյանքի կոչել հակավիրուսային պաշտպանության հիմնական քայյլերը` հուսալի տեղեկատվական համակարգերի ստեղծումը, հակավիրուսային միջոցների եւ նրանց թարմացման գործընթացը, հակավիրուսային միջոցների կիրառմամբ պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացումը, հակավիրուսային միջոցների կիրառմամբ էլեկտրոնային փոխանակման անվտանգության ապահովումը եւ այլն:

Այդ նպատակով տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացրած ծրագրով նախատեսվում են իրականացնել հետեւյալ միջոցառումները` համակարգչային տնտեսության եւ օպերացիոն համակարգերի առկայության ապահովում, սերվերային տնտեսության առկայության ապահովում (ցանցային սերվերների նվազագույն պահանջվող քանակ, ներխուժման դեմ պաշտպանություն, ներխուժման փորձի եւ չարտոնված ցանցային ակտիվության մասին ահազանգման համակարգ), այլ ակտիվ ցանցային սարքավորումների առկայության ապահովում (երթուղավորիչներ, կառավարվող բաժանարար, ցանցային տպիչ, ցանցային կուտակիչ), ֆիզիկական ցանցի սխեմա (որտեղ եւ ինչպես են անցկացված մալուխները, որտեղ են տեղադրված ակտիվ կամ պասիվ ցանցային սարքերերը), որի առկայությունը հնարավորություն է տալիս որոշել տեղեկատվական համակարգի հնարավոր վարակաբեր ուղիները եւ արտադրողականության ու կայունության հնարավոր թույլ կողմերը, տրամաբանական ցանցի սխեմա (սերվերներ, երթուղավորիչներ, ցանցային պահուստներ եւ այլն)` գոյություն ունեցող տեխնոլոգիաների միջոցով ինտերնետ ցանցի միացման համար, հուսալի տեղեկատվական համակարգերի ստեղծման համար առաջնահերթությունների սահմանումը (օպերացիոն համակարգի ապահովումը տվյալ պահին արդիական անվտանգության թարմացման համակարգով, թարմացման կենտրոնացված հակավիրուսային ծրագրային ապահովման տեղակայում), կազմակերպության ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության չափորոշիչների սահմանումը, ինտերնետ ցանցի հետ կապված համակարգի գույքագրումը եւ բնորոշումը, ծրագրի իրականացման ժամանակահատվածի եւ միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանումը (սովորաբար հակավիրուսային եւ օպերացիոն համակարգերի թարմացման համակարգի ներդրման համար բավարար ժամկետ է 1-3 շաբաթը), հուսալի տեղեկատվական համակարգերի ապահովման միջոցառումները, սպասարկող անձնակազմի ուսուցումը եւ հավաստագրումը, փաստաթղթերի հասանելիության իրականացման համար անհրաժեշտ ծրագրային եւ սարքավորումների ապահովումը, օպերացիոն համակարգերի վարակման բացառումը կամ նվազագույնի հասցնելը վնասակար եւ լրտեսական ծրագրերով:

Այս ծրագրով հաստատված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված միջոցառումները պետք է իրականացնի տրանսպորտի եւ կապի նախարարությունըՙ հանրապետական գործադիր մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա, վերջիններիս համակարգչային վիրուսային վտանգից ապահովելու նպատակով: Ծրագրով նախատեսված միջոցառումները իրականացվելու են մինչեւ 2013-ի երրորդ եռամսյակ ընկած ժամանակահատվածում: Դրանց ֆինանսավորումը կատարվելու է դոնոր կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի տրամադրած միջոցներով:

Ծրագրի համար հիմք են հանդիսացել ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին», վարչապետի հանձնարարակաները եւ «Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետների հրատարակած «Հայաստանը ներառվել է համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնություն ունեցող երկրների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ» տեղեկատվությունը: Ակնկալվում է, որ ծրագրի իրագործմամբ կբարձրացվեն օգտվողների եւ ցանցային վարիչների համակարգչային գրագիտությունը, համակարգերում տեղեկատվության պաշպանությունը, կնվազեցվի Հայաստանի Հանրապետությունում համակարգչային վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4